ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է հանրապետության խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանից արտերկիր բանջարեղեն արտահանողների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջերմոցային տնտեսություններում աճեցվող մշակբույսերի անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը և լաբորատոր փորձաքննությունների կարևորությունը:
Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով ՀՀ-ի Արմավիրի մարզից ՌԴ արտահանված լոլիկի ու պղպեղի որոշակի խմբաքանակում Pepino Mosaic վիրուսային հիվանդության հայտնաբերման հետ կապված խնդիրը, տեղեկացրել է, որ, թեև ԵԱՏՄ կարանտին հիվանդությունների ցանկում նշված հիվանդությունը ներառված չէ, սակայն ընդունող երկիրը կարող է խնդիր տեսնել իր տնտեսության համար և ստուգել հիվանդության առկայությունը ներմուծվող բանջարեղենում: Այդ վիրուսը, ինչպես նաև բույսերի այլ հիվանդությունները, մարդու առողջության և կյանքի համար վտանգավոր չեն, սակայն դրանք վնաս կարող են հասցնել տնտեսությանը:
Տեսչական մարմնի ղեկավարը հստակեցրել է, որ ջերմոցային տնտեսություններում Pepino Mosaic վիրուսային հիվանդության նկատմամբ կիրականացվի մշտադիտարկում՝ դրա առկայությունը և տարածվածությունը հստակեցնելու համար:
ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը հավաքվածների համար նկարագրել է հիվանդության պատկերը, վստահեցրել, որ ջերմոցատերերին կտրամադրվի համապատասխան մասնագիտական գրականություն դրա դեմ պայքարի մեթոդների մասին: Նա նաև պարզաբանել է, որ Pepino Mosaic վիրուսային հիվանդությունը Հայաստանի համար նորություն է, և այս պահին պետք է արվի հնարավորը՝ այն հայտնաբերելու և տարածումը բացառելու նպատակով:
ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը տեղեկացրել է, որ, ՌԴ-ի կողմից սահմանափակումները բացառելու նպատակով, նախատեսվում է իրականացնել արտահանվող բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի և պղպեղի, նմուշների լաբորատոր փորձաքննություն նաև այս հիվանդության նկատմամբ: