1 ՄԻԱՎՈՐ ԾԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից եւ տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կիրառել նաեւ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: «Նախագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթեւեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական եւ պատշաճ գործարկումը, կանխարգելել ճանապարհային երթեւեկության կանոնների հնարավոր խախտումները՝ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից: Մասնավորապես նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարաքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ»,-ասել է  Ֆիդանյանը: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձեւով վարչական պատասխանատվություն:  «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից եւ տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաեւ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար»,-ասել է Ֆիդանյանը: Այսպիսով` սահմանվում է, որ վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր: Օրինագծի մի քանի հոդվածներով նախատեսվող նորմերի նպատակը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես հետաձգելն է: Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչեւ 2022թ. հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար:

 

 

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԸ ՓԱԿ ԷՐ

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետեւանքով երեկ կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթեւեկությունը: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը: «Երեւանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ քաղաքացիներ իրականացնում են իրենց անհնազանդության ակցիան` խափանելով մետրոպոլիտենի երեւեկությունը:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը 16։00-ի դրությամբ սկսել է  բնականոն աշխատանքը։

 

 

584 ՆՈՐ ԴԵՊՔ

Դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142928 դեպք, որոնցից 119147-ը` առողջացած, 2372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20812 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 532527 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 2302 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 584 նոր դեպք: Ունենք 1498 առողջացած եւ 28 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է:

 

 

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ

Դեկտեմբերի 9-ին` առանձին շրջաններում, 10-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց Ձորում եւ Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 




Լրահոս