«Անկեղծ ասած, մտածելու ընդունակությունս արդեն կորցրել եմ, չգիտեմ՝ ինչին հավատամ, ինչին՝ ոչ»,- նման տեսակետ է հայտնել երգչուհի Արփի Շահնուբարյանը՝ անդրադառնալով հայրենի Խնձորեսկ համայնքի սահմանամերձ լինելու, վտանգների, հիասթափության եւ երկրի ճգնաժամային իրավիճակին:
«Շատ եմ հավատացել, բայց այսօր ունենք այն, ինչ որ ունենք, դրա համար հիմա չգիտեմ, թե ինչ ասեմ, ուղղակի հույսս էլ դրել եմ Աստծու զորության վրա: Իրականում շատ հուսահատված եմ, իմ հարազատները, ովքեր ապրում են Խնձորեսկում, շատ սրտնեղած են այն առումով, որ թշնամին մի գյուղից գտնվում է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Գյուղում այլեւս ապագա չեն տեսնում, անվտանգություն չկա: Այս օրերին Խնձորեսկում չեմ եղել, բայց անընդհատ կապի մեջ եմ թե՛ քեռուս ընտանիքի, թե՛ հորեղբորս ընտանիքի հետ, իրենք էլ անհանգիստ են, իրենք էլ դեռ չեն հասկանում, թե իրենց ինչ են սպասում: Այնտեղ ոչ միայն Խնձորեսկն է դարձել սահմանակից թշնամուն, այլ նաեւ Տեղ, Կոռնիձոր, Խնածախ համայնքները նույնպես սահմանակից են, եւ Աստված գիտի, թե ինչ է լինելու հետո, ուրիշ ոչ մեկ չգիտի, նույնիսկ երկրի ղեկավարը չգիտի, ուր մնաց, թե մենք իմանանք: Հիմա մենք գտնվում ենք ամենաանհուսալի վիճակում, քանի որ չգիտենք, թե ինչ է լինելու, ինչպես է կառավարվելու, հսկվելու, որովհետեւ դա արդեն Հայաստանի սահմանն է: Մեկ ասում են՝ խաղաղապահները չեն կանգնելու, մեկ ասում են՝ կանգնելու են, այսպես անորոշ մի իրավիճակում ենք հայտնվել, որն ուղղակի սարսափեցնում է: Խնձորեսկում այնպիսի ձորեր ու կիրճեր կան, որ շատ հանգիստ կարող են պատսպարվել, գալ եւ ներս մտնել, եւ այսքանից հետո չգիտեմ, թե ինչ ասեմ, արդեն կորցրել ենք մտածելու ունակությունը եւ միայն մտածում ենք այսօրվա մասին»,-մեզ հետ զրույցում հուզմունքը չկարողանալով թաքցնել՝ նշում է երգչուհին:
Մեր այն հարցին՝ ինչ դիրքորոշում ունի հայտնի համաձայնագրի վերաբերյալ, եւ ինչ է մտածում ներկա իրավիճակի մասին, մեր զրուցակիցը պատասխանում է. «Ես հիմա կողմ եմ, որ իշխանությունը փոխվի, քանի որ այլեւս ինչ էլ լինի, նրանց չենք վստահելու, եւ երկրի այսօրվա ղեկավարն իրավունք չունի այդ պաշտոնում մնա: Փոքրից մինչեւ ծեր ոչ մեկն այլեւս չի վստահում նրանց: Ես միշտ, փոխզիջումներ ասելով, մտածել եմ, որ այսքան տարածք հաստատ չի լինի, փոխզիջում՝ ոչ թե այսքան ցաքուցրիվ եղած, այսքան երեխեքի արյան գնով: Ես հիմա էլ անվերապահորեն հավատում մեր զինվորներին»:
Արփիի խոսքով՝ չի բացառվում, որ մի գեղեցիկ օր նա էլ կլքի հարազատ երկիրը՝ թողնելով նրան վիրավոր:
«Հնարավոր է, որ մի գեղեցիկ օր մենք էլ վեր կենանք ու գնանք՝ վիրավոր թողնելով մեր երկրին, քանի որ հիասթափությունը շատ մեծ է ու անդառնալի: Ես միայն ցանկանում եմ մեր բոլոր զինվորերին առողջություն, անկոտրում կամք, թող չհուսահատվեն, չկոտրվեն, հավատան, որ մի օր իրենց երազած հայրենիքը նորից իրենցն է լինելու»,-հավելում է մեր զրուցակիցը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Դեկտեմբերի 2-ին «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Միքայել Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Վահրամ Սահակյանի։ Դերասանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Վահրամ Սահակյանին հերքել վիրավորանքի տեքստը։
Ժամեր առաջ Վահրամ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է սույն հարցին եւ իրեն բնորոշ կերպով «ներողություն է խնդրել»։ Նա գրել.
«Ուրեմն դեկտեմբերի 2-ին ստացել եմ քաղաքացի Միքայել Մովսեսի Պողոսյանի՝ իմ դեմ ներկայացված հայցադիմումի պատճենը։ Դրանով հայցվոր Պողոսյանը ինձնից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար։
Ես մեծ հաճույքով եւ բավականությամբ կխնդրեմ, եւ հարցն այն է, որ եթե քաղաքացի Միքայել Մովսեսի Պողոսյանը ինձ սահմանված կարգով տեղեկացներ իր վիրավորված լինելու մասին, ապա ես, պարզելով, թե ինչն է խնդիրը, առանց դատարան դիմելու էլ ներողություն կխնդրեի, ինչը սույն գրառմամբ կատարում եմ։
Ըստ հայցող կողմի՝ նոյեմբերի 20-ին իմ ֆեյսբուքյան էջի վրա եղել է youtube-յան օտար օգտատերի մի տեսանյութի հղում, իսկ հղմանը կից ես գրել եմ, թե այս տեսանյութում ներկայացվող անձինք «ծախու միս», «ոռաբաց ստահակ» եւ «անկարող բոզի թուլա» են։
Պարզվել է, որ ես ճիշտ չեմ եղել։
Եվ այսպես, ես հաճույքով ներողություն եմ խնդրում Միքայել Մովսեսի Պողոսյանից այն բանի համար, որ, ըստ հայցի, ես նրան անվանել եմ «ծախու միս», «ոռաբաց ստահակ» եւ «անկարող բոզի թուլա»։
Ավելին, ես պնդում եմ, որ հայցվոր Պողոսյանը «ծախու միս», «ոռաբաց ստահակ» եւ «անկարող բոզի թուլա» չէ»։
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։ C խմբում Իտալիայի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Բուլղարիայի եւ Լիտվայի հավաքականները։ «Չի կարելի թերագնահատել մեր խումբը։ Շվեյցարիայի թիմը հնարավոր ամենատհաճ մրցակիցներից մեկն է։ Նրանք կարող էին լինել նաեւ առաջին զամբյուղում։ Իհարկե, նրանց համար էլ տհաճ է, որ Իտալիայի հետ նույն խմբում են։ Մեր նպատակն առաջին տեղն է, բայց ամեն դեպքում այս խմբում կլինեն բազմաթիվ թակարդներ, եւ չի կարելի թուլանալ։ Հաջորդ տարի Եվրոպայի առաջնության մենք մեկնելու ենք տիտղոսի հետեւից։ Հասկանում եմ, որ բարդ կլինի, բայց այդպիսին է մեր նպատակը»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԻ ԵՐԿԱՐԱՁԳԻ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այն նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։ Պոգբան 2016 թվականին 105 միլիոն եվրոյի դիմաց է Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
ՀԱՄԱՁԱՅՆ Է
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն համաձայն է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ, որը հայտարարել էր, թե անարդար է համեմատել կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ իտալական թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում։ «Կումանը ճիշտ է՝ ասելով, որ անարդար է նրանց համեմատել։ Մեսին ու Ռոնալդուն 15 տարի ցուցադրում են ներկայացնում՝ կիսելով «Ոսկե գնդակը»։ Ճիշտ չի լինի ասել, թե նրանցից մեկը մյուսի համեմատ ավելի լավն է։ Նրանք բացառիկ երեւույթներ են, որոնց շնորհիվ միլիոնավոր երկրպագուներ երջանկանում են։ Պետք չէ համեմատել նրանց։ Պետք է լինել շնորհակալ, քանի որ նրանք բարիք են ֆուտբոլի համար»,- ասել է Պիրլոն։ «Բարսելոնա» – «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։ Երկու թիմերն էլ արդեն ապահովել են տեղը փլեյ-օֆֆում։