Արցախում կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են, եւ առաջիկայում նոր նշանակումներ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն նոր պաշտոնի օրինակելի առաջարկ է արել Արցախի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանին: Մասնավորապես, ընդդիմադիր գործչին առաջարկել են զբաղեցնել Արցախի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, եւ քննարկումները դեռ ընթանում են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Հայկ Խանումյանը նշեց. «Բանակցություններ են գնում նոր իշխանություն ձեւավորելու համար»: Վերջինս չմանրամասնեց՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ, սակայն, ըստ էության, չհերքեց, որ կարող է համաձայնել այս կամ այն պաշտոնին: Բացի այս, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաեւ արտաքին գերատեսչութան ոլորտում՝ հենց նախարարի մակարդակով: Մեր տեղեկություններով՝ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու առաջարկ է արվել Արցախի ժողովրդավական կուսակցության անդամներից մեկին: Հիշեցնենք՝ այս կուսակցության նախագահը Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն է, որի կուսակցությունը անցողիկ շեմ հաղթահարեց այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է միասնական կառավարմամբ, իշխանությունը կիսելով դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ նոր անձանց է պաշտոնների նշանակում: Հենց այդ քայլերի շրջանակներում Վիտալի Բալասանյանը փոխարինեց Սամվել Բաբայանին՝ նշանակվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանն էլ Երեւանից տեղափոխվեց Արցախ եւ ստանձնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:
Այս տարվա նոյեմբերի 19-ին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանի հայտնի մամուլի ասուլիսից հետո, Հատուկ քննչական ծառայությունում լուրջ քննություն է ընթանում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել եւ հրավիրվում ներկա, նախկին պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, ում անունները Մովսես Հակոբյանը տվել է մամուլի ասուլիսի ժամանակ, կամ էլ այն մարդկանց, ովքեր կարող էին ի պաշտոնե ազդեցություն կամ կապ ունենալ այն հանգամանքների հետ, որոնց մասին խոսել էր Հակոբյանը: Մենք տեղեկացանք, որ առաջիկայում հարցաքննության կհրավիրվեն նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, քանի որ ասուլիսի ժամանակ նա երկուսի անունն էլ տվել է: Բացի այս, անուններից հնչել են նաեւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, Արցախ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի եւ այլ մարդկանց անուններ: Նկատենք՝ Հակոբյանը ՀՔԾ հրավիրվեց անմիջապես մամուլի ասուլիսից երկու ժամ հետո, իսկ հիմա էլ կառույցում մեծածավալ քննչական աշխատանքներ են սկսվել:
Այսօր ժամը տասից խորհրդարանում պետք է մեկնարկեր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորի ընտրություններ։ Սակայն երեկ՝ ուշ երեկոյան, պարզ դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին եւ խնդրել հանել այս հարցերը օրակարգից։ Որպես պատճառաբանություն նշվել է, որ թեկնածուները մինչեւ այժմ չեն հանդիպել խմբակցություններին, նաեւ վերջիններս նպատակահարմար չեն համարել հետպատերազմյան այս իրավիճակում նման քննարկման մասնակցել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում այս հարցը օրակարգից հանվել է, քանի որ դատավորները դատական համակարգում հայտարարել են, որ չեն ցանկանում, որպեսզի այս Ազգային ժողովը իրենց ընտրի, ուստի հրաժարվում են գնալ: Ավելին դատական համակարգում ենթադրում են, որ դատավորների ԱԺ չներկայանալը ունի՝ եւս մեկ կարեւոր պատճառ: Այս ընթացքում խորհրդարանը դժվարությամբ է քվորում ապահովում նույնիսկ իր համար կարեւոր հարցերի դեպքում եւ այս իրավիճակում խորհրդարանը չէր կարողանա քվորում ապահովել դատավորների հարցում։ Այս թեկնածուների ընտրության համար անհրաժեշտ է ձայների երեք հինգերորդը, ասել է, թե որակյալ մեծամասնություն: Ուստի ենթադրվում է, որ այս հանգամանքը եւս պատճառներից մեկն է եղել ,որ դատավորները չգան ԱԺ։
Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում դեկտեմբերի 1-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 3.9 դոլարով: Այն նոյեմբերի 17-ի դրությամբ կազմել է 3.8 դոլար, բայց սեպտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 3.2 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 3740-3750 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 7.1 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից 3.2 դոլարով ավելի: Սակայն, ըստ մասնագետների, չի բացառվում, որ առաջիկայում կարագի գինը դարձյալ բարձրանա: Բանն այն է, որ դոլարի փոխարժեքը բարձրացել է, իսկ, ինչպես հայտնի է, թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ: Ի դեպ, Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 515-516 դրամ է, վաճառքինը՝ 520-522 դրամ: