Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՈԹՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցին։ Նա հարցրեց՝ ինչո՞ւ են մեր սահմանամերձ շրջանների բնակիչներն ադրբեջանական զինուժի հետ միայնակ մնացել սահմանազատման աշխատանքներում։ «Ազերիներն են ժամանակ տալիս մարդկանց դատարկել իրենց տներն Արցախում, նրանք իրենց ամենազոր GPS-ով որոշում են հայ-ադրբեջանական սահմանում որտեղ տեղակայվել։ Ինչո՞ւ»,- հարցրեց նա։

 

Թովմասյանն անդրադարձավ նաեւ Սոթքի հանքավայրի խնդրին՝ նշելով, որ 987 աշխատակից է Գեղարքունիքի մարզից աշխատում այնտեղ, ե՞րբ է վերջնական լուծվելու պետական սահմանի հարցը։ Այսօր հանքը մասամբ է աշխատում, քանի որ պետական սահմանի հարցը դեռ լուծված չէ։ Նա հարցրեց՝ երբ կլուծվի հարցը։ «Այստեղ նշվեց, որ քարտեզների հետ աշխատանք է տարվում, արդյոք մինչեւ 1930 թվականի պատմական քարտեզնե՞րն օգտագործվում են՝ որպես սահմանազատման հիմք»,- հարցրեց պատգամավորը;

Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ձեր մատնանշած 1930 թվականից առաջ ընդունված քարտեզները՝ 1928-29 թվականի քարտեզները, այո, դրանք փաստաթղթեր են, որոնք միանշանակ բանակցությունների հիմքում են դրվելու, որովհետեւ այդ քարտեզներն այդ ժամանակվա երկու երկրների կողմից ընդունված իրավական փաստաթղթեր են, որը չի նշանակում, որ այլ փաստաթղթեր բանակցային փուլում չեն քննարկվելու»,- ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը նշեց, որ Սոթքի հանքի հետ կապված բանակցությունները հնարավորինս կարճ ժամկետում՝ այս տարվա ընթացքում, պետք է տարվեն։ Այնտեղ որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, եւ հանքավայրի մի հատվածից երկու կողմերի զինված ուժերն ավելի ճշգրիտ են դիրքավորվել։ Եվ վարչական շենքը գտնվում է հայկական կողմում։

«Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ եւ իրավական փաստաթղթեր, դրանք նույնպես բանակցային գործընթացի հարցեր են։ Կարծում եմ՝ առաջիկայում այդ հարցերը քննարկվելու են»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է մարդկանց ադրբեջանցիների հետ մենակ թողնելու մասին հարցին, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ մեր զինված ուժերը եւ ռուս գործընկերները բոլոր հատվածներում այդ գործընթացներին մասնակցում են։ «Եվ, այո, կան  հազար ու մի հարցեր, որոնք հընթացս առաջանում են, քանի որ իրավական սահման, որպես այդպիսին, ֆիքսված չէ։ Երկու կողմում էլ տեղի են ունենում հարցեր, որոնց ժամանակավոր լուծումներ են տրվում։ Այդ ժամանակավոր լուծումները պետք է հաստատվեն իրավական փաստաթղթերով, որոնք պետք է բանակցությունների արդյունք լինեն»,- նշեց Ավինյանը։

«Շատերն ասում են, որ քաղաքականապես այդքան էլ հեռատես չէ, որ ես հրապարակային եւ աներկբա տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա։ Բայց ես կարծում եմ, որ դա ճիշտ եւ պատասխանատու մոտեցում է։ Եվ ես այդ ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա, որպեսզի ՀՀ քաղաքացին կա՛մ իրեն պարտված չզգա, կա՛մ հնարավորինս քիչ պարտված զգա»,- այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հարցադրում արեց՝ արդյոք պե՞տք է սրան հետեւի քաղաքական պատասխանատվություն։ «Այո, ես արդեն անդրադարձա եւ ասացի, որ այդ պատասխանատվությունը պիտի հետեւի, եւ այդ պատասխանատավության իրավատերն այն սուբյեկտն է, ով ինձ դրել է այսօրվա կարգավիճակում։ Խոսքը ՀՀ ժողովրդի մասին է։ Շատ կարեւոր է, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ չպիտի անեմ այնպիսի գործողություն, որ Հայաստանի քաղաքացին՝ որպես իշխանության միակ եւ բացառիկ տեր ու տնօրեն, իրեն պարտված զգա»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց. «Ես ասում եմ, որ մենք մեր աթոռներից ու պաշտոններից չենք կառչելու, բայց ժողովրդին պատկանող իշխանությունը, կներեք, չենք կարող հանձնել այդ պահին փողոցով անցնող ինչ-որ մեկին կամ, օրինակ, հարկադրանք կազմակերպած խմբին, ով իրեն իրավունք է վերապահում մահափորձ անել ԱԺ նախագահի դեմ։ Դուք խոսում եք պետականության մասին, բայց եթե մենք այդպես վարվենք, դա կլինի պետականության կործանում։ Մենք այդպիսի բան թույլ չենք տալու»։

Ն. Հ.

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԺ

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ծեծից հետո առաջին անգամ նախագահում էր խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:  Նշենք, որ մեկ ամիս առաջ նա ծեծի էր ենթարկվել մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր բողոքում էին նոյեմբերի 9-ին Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման դեմ:

 

 

ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԱԶԱՏՎԻ

«Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարեւոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից»,-հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

 

 

ԽՈՒՃԱՊ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում իրական եւ կեղծ բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով (օրինակ

+37494663096,091805319, +37489648700,+37458913321, 088004418, 088007777, 093669120, 094560966) զանգեր են կատարվում տարբեր քաղաքացիների, այդ թվում նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ու ՀՀ Կառավարության անդամների՝ օտարալեզու խոսակցությունների միջոցով տարածելով սպառնալիք, խուճապ եւապատեղեկատվություն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ նմանօրինակ գործելաոճից եւ հավաստում, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում համանման նախաձեռնությունների հեղինակների ու իրագործողների նկատմամբ ձեռնարկվելու են օրենքով նախատեսվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինչպես վերը նշված, այնպես էլ այլ հեռախոսահամարներից շատերի ուսումնասիրության արդյունքում նկատվում է նաեւ ադրբեջանական հաքերային խմբերի մասնակցությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միաժամանակ հորդորում է տուրք չտալ նմանատիպ հեռախոսազանգերի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, չձեւավորել խուճապային տրամադրություններ եւ համանման կասկածելի երեւույթների հանդիպելու դեպքում անհապաղ դիմել պետական իրավասու մարմիններին»:

 

 

ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՀԱՆՁՆՄԱՆ

Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն եւ ենթակա չեն հանձնման կամ փոխանակման:  Սիրիայի քաղաքացիներ, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին եւ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։ Սիրիացի վարձկանները մասնակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին եւ ձերբակալվել Արցախի պաշտպանության բանակի կողմից: Նրանք մեղադրյալի կարգավիճակում են, կալանավորված են, փոխանակման ենթակա չեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմը, հիշեցնենք, առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը։ Առաջարկվում է նաեւ ստեղծել մեխանիզմ, որի համաձայն՝ եթե ապագայում կողմերից որեւէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որեւէ նախապայմանների հետ վերադարձվեն: Ավելի վաղ Ադրբեջանի գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էր հայտարարել, որ կողմ է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին։

 

 

ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանագծման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ մինչեւ այս տարվա վերջը: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ասել է Հայաստանի Հանրապետության  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին: Ըստ նրա` երկրի կառավարությունում այս խնդրով զբաղվում է միջգերատեսչական խումբը: «Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն այս տարի ռուս գործընկերների միջնորդությամբ»,- հավելել է Ավինյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հստակ սահման դեռ գոյություն չունի: Բանակցությունների համար հայկական կողմը նախապատրաստում է բոլոր անհրաժեշտ քարտեզները եւ փաստաթղթերը:

 

 




Լրահոս