Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ գերիների եւ անհետ կորածների ուղղությամբ տարվող աշխատանքներին։
«Որոշակի զարգացումներ, իհարկե, ունենք ե՛ւ գերիների հարցերով, ե՛ւ անհետ կորած անձանց վերաբերյալ։ Ե՛վ հայկական կողմը, ե՛ւ ադրբեջանական կողմն արդեն իսկ իրենց ցանկերը ներկայացրել են, այս փուլում տեղի է ունենում այդ ցանկերի ճշտման գործընթացը։ Եվ վերջնական ցանկերը հաստատելուց հետո տեղի կունենա փոխանակումը։ Մենք փորձում ենք այդ պրոցեսն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Մենք առաջարկել ենք երկու հիմնական սկզբունք՝ բոլորը բոլորի դիմաց։ Եվ ադրբեջանական կողմը նույնպես այս սկզբունքի կողմնակից է՝ ըստ իրենց կողմից արված հայտարարության։ Մենք նաեւ առաջարկել ենք հետագայում՝ փոխանակումից հետո գերիների հայտնաբերման դեպքերում առանց որեւէ նախապայմանի եւ միակողմանիորեն գերիների վերադարձի սկզբունքը»,- ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ այս փուլում գերիների ցանկերի ճշտման գործընթացն է, մոտ ժամանակներում այդ աշխատանքները կավարտվեն։ Ինչ վերաբերում է անհետ կորածների որոնողական աշխատանքներին, որոնք իրականացնում են Արցախի տարբեր հատվածներում, Ավինյանն ասաց՝ մարմինների դուրսբերման մեծ ծավալի աշխատանք է արդեն արվել։ «Մասնավորապես, նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին։ Եվ այս պահի դրությամբ այդ աշխատանքները շարունակվում են։ Հիմնական խնդիրը, որն ունենք եւ դժվար լուծելի է, բայց լուծումներ ենք գտնում, դա ԴՆԹ հետազոտությունների արդյունքների համադրումն է եւ հետազոտությունների քանակների ավելացումը։ Այս պահի դրությամբ անճանաչելի մարմիններից 294 մարմնի նույնականացում ենք ունեցել, եւ մարմինները հանձնվել են ծնողներին։ 154 մարմինների հետազոտությունները արված են, եւ համընկնումներ դեռ հարազատների հետ տեղի չի ունեցել, եւ 443 դեռ հետազոտման փուլում է։ Խնդիրն այն է, որ այդ սարքավարումները ծանրաբեռնված են, 24-ժամյա ռեժիմով աշխատում են»,- հավելեց նա՝ հավելելով, որ քննարկվելու է այդ աշխատանքներին նաեւ մասնավորին ներգրավելու հարցը։ Նաեւ Առողջապահության նախարարությունը արդեն սարքավորումների գնում է արել՝ խնդիրների լուծումն արագացնելու համար։
Հիշեցնենք, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը եւ զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից:
Հայաստանի նախագահը միաժամանակ նշել է, որ, ցավոք, կողմերի միջեւ դեռեւս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ:
Հաշվի առնելով հարցի բացառիկ կարեւորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման գործընթացին եւ այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները:
Իսկ 4-րդ զորամիավորման մարտական դիրքերում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։
Դիրքերի ավագները հրահանգավորել են զինծառայողներին մարտական հերթապահության կանոնների պահպանման եւ մարտական հերթապահության կրման առանձնահատկությունների վերաբերյալ, տվել համապատասխան ցուցումներ։
Բարձր լեռնային գոտիներում եղանակային բարդ պայմաններում զինված ուժերի զինծառայողները շարունակում են պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները:
Ա. Թ.
ՔՐԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի 39-ամյա բնակչուհին, ունենալով մոտ ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին նույն մարզի բժշկական հաստատություններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի եւ մանկաբարձուհու օժանդակությամբ 2000 ԱՄՆ դոլարով երեխայի վաճառքը կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանի բնակչուհու հետ:
Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի բնակչուհին ընդունվել է Երեւանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա: 2020թ. հուլիսի 13-ին 39-ամյա կինը դուրս է գրվել բուժհաստատությունից, նույն օրը երեխային հանձնել է գնորդին՝ Երեւանի բնակչուհուն, նրանից ստացել գումարի մի մասը՝ պայմանավորվելով գումարային հարցերը վերջնական լուծել որդեգրման փաստաթղթերը ամբողջությամբ ձեւակերպելուց հետո:
Բացի այդ, նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաեւ հստակ իմանալով, որ Երեւանի վերոնշյալ բնակչուհու ամուսինը՝ 43-ամյա տղամարդը, չի հանդիսանում իր նորածին դստեր կենսաբանական հայրը՝ Արարատի մարզի բնակչուհին ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար 2020թ. հուլիսի 13-ին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի արդյունքում 43-ամյա տղամարդը ձեռք է բերել հայրության իրավունք եւ ստացել բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման մասին պետական վկայականները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով եւ 169.1 հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Երեւանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս ամուսնուն, բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգին եւ մանկաբարձուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:
ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԻՆ
Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է 2021 թվականի մարտի 23-ին։ «Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանին, Աշոտ Խաչատրյանին, Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին: Սույն գործի դատաքննությունը նշանակել 2021 թվականի մարտի 23-ին՝ ժամը 11.00-ին»,- նշված է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ:
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԱԳՐԱՏԱՇԵՆՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները եւ կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում: Նախկինում կենտրոնի ծառայողները, ըստ անհրաժեշտության, գործուղվում էին Հայաստանի սահմաններ Երեւանից: Պետական եկամուտների կոմիտե զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում վարժեցված շներն ու կինոլոգներն արդեն մշտական ծառայություն են իրականացնում ինչպես Մեղրիի, այնպես էլ Բագրատաշենի մաքսակետում, ինչը բարձրացնում է հսկողության արդյունավետությունը: Առավել ռիսկային մեքենաները զննվում են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շների կողմից` չխոչընդոտելով մաքսատան բնականոն աշխատանքը: Բեռնատարների եւ մարդատար մեքենաների դեպքում զննումը տեւում է միջինում 5 րոպե, իսկ թեթեւ մարդատար մեքենաների դեպքում` մինչեւ 2 րոպե: Բագրատաշենի անցակետում մշտական ծառայություն է իրականացնում 4 աշխատակից: ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ անհրաժեշտության դեպքում ծառայողական շները եւ կինոլոգները Բագրատաշենից կգործուղվեն մոտ հեռավորության վրա գտնվող երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձեւակերպումները սպասարկող Այրում-Ջիլիզայի մաքսային կետ: