ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ հատկապես այս իրավիճակում պետության համար կենսական նշանակություն ունի առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը, եւ պետբյուջեն հենց այդ առաջիկա ժամանակահատվածի ծրագիրն է: Ա. Ջանջուղազյանը նման տեսակետ է հայտնել ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը հետպատերազմյան շրջանում:
«Պետության համար կենսական նշանակություն ունի առհասարակ եւ հատկապես այս իրավիճակում ունենալ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր: Պետբյուջեն ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ իր բովանդակությամբ սահմանվում է որպես պետության՝ առաջիկա ժամանակահատվածի ծրագիր: Որպես պետություն, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր՝ ճանաչվում է ՀՀ-ն, այլ ոչ թե որեւէ անձ: Եվ եթե այդ տեսանկյունից նայելու լինենք, աշխարհը ճանաչում է պետությանը եւ ուզում է հարաբերվել վերջինիս հետ որպես ինստիտուտի, այլ ոչ թե որպես փոփոխականների (ներողություն եմ խնդրում բոլոր անհատներից), որովհետեւ ենթադրվում է, որ մենք բոլորս կարողանում ենք մեր սեփական շահերը ստորադասել հանրայինին»,-ասել է նա։ Անդրադառնալով ինստիտուցիոնալ ներդրողներին՝ Ջանջուղազյանն ասել է. «Ինչպե՞ս եք պատկերացնում, նրանք կարո՞ղ են 10, 30 կամ ավելի տարով ներդրում անել մի միջավայրում, մի պետության մեջ կամ այդ պետության որեւէ բիզնեսում, որի ապագան կախված լինի միայն այս պահի իրավիճակից, եւ հնարավոր չլինի կանխատեսել, թե հիմնարարները որ ուղղությամբ են առաջնորդելու տվյալ երկրին»,- ասել է նախարարն ու հավելել, որ դա գործնականում անհնար է:
Նախարարը կարեւորեց նաեւ, թե երկիրը ինչ զարգացումների արդյունքում է հասել այսօրվան: Անդրադառնալով 2019-ի տնտեսական միջավայրին՝ Ջանջուղազյանն ասել է. «Մենք ունեցել ենք հարաբերական կայուն ընթացիկ հաշվի պակասուրդ, որը ցույց է տալիս արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները՝ մասնավորապես արտաքին առեւտրի դիրքը: Համաշխարհային տնտեսության 2.9 տոկոս աճի պայմաններում Հայաստանի տնտեսությունն աճել է 7.6 տոկոսով»,-ասել է Ջանջուղազյանը:
Նախարարը հիշեցրել է, որ 2017-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 222 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 1.9 տոկոսը, 2018-ին՝ 247 մլն կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը, 2019-ին՝ 397 մլն՝ շուրջ 60 տոկոսով ավելի, քան 2018-ին կամ ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: Մշակող արդյունաբերության ճյուղը 2019-ին ունեցել է առաջանցիկ աճ: Անդրադառնալով բյուջետային հատվածին՝ Ջանջուղազյանը նշել է. «Մենք 2017-ին ունեցել ենք 267 մլն դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 4.8 տոկոսը: Դա հանգեցրել է նրան, որ մենք վերանայել ենք մեր վերաբերմունքը հարկաբյուջետային կանոնների նկատմամբ, որպեսզի կառավարելի միջակայքում պահենք մեր պետական պարտքը: 2018-ին ունեցել ենք 105 մլրդ դրամ պակասուրդ կամ ՀՆԱ-ի 1.8 տոկոսը, 2019-ին՝ 64 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1 տոկոսը: Սա հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վկայությունն է»,- ամփոփել է նա։ Հարկային եկամուտները 2019-ին 2018-ի համեմատ անվանական արտահայտությամբ աճել են 16 տոկոսով, այն կազմել է 1 տրլն 464 մլրդ դրամ:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՑ ԿՎՃԱՐՎԵՆ
Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար զորահավաքային զորակոչով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա համար վճարումները կսկսեն կատարվել սույն թվականի դեկտեմբերի 17-ից՝ այս պահին ընթացող ցուցակների, հրամանագրումների եւ մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքների ավարտից հետո։
ԴԻՄԵԼ Է «Սիրելի՛ երեւանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարեւոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ պաշտոնից». այս խոսքերի հեղինակը ոչ թե Աջափնյակ համայնքի հեռավոր շենքերից մեկի համատիրության՝ ԺԵԿ-ի նախագահը կամ փոխնախագահն է գրել, այլ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Ընդ որում, Երեւանում «հյուրախաղերի» եկած Տիգրան Վիրաբյանը գյումրեցի է, որը ցույց տվեց, որ իր համար ո՛չ մայրաքաղաքը, ո՛չ առավել եւս քաղաքի հանրակրթությունը հետաքրքիր չէ։ Նա ավելի շատ պրոդյուսեր մնաց, քան դարձավ համայնքային ծառայող, այդպես էլ Երեւանը չընկալեց ու չնվիրվեց։
Ու ոլորտի շատ մասնագետներ հիմա ուրախ են, որ Վիրաբյանի հետ այլեւս ստիպված չեն լինելու առնչվել, քանզի նա, բացի միջին որակի կարճամետրաժ հոլովակ նկարահանելուց ու իրեն անհրաժեշտ «պետքական» մարդկանց հետ մտերմություն անելուց, իրականում որեւէ քայլ չի արել հանուն մայրաքաղաքի, առավել եւս կրթությունից նա կիլոմետրերով հեռու էր։ Պարզապես «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆոնդից ֆինանսավորվելով՝ կոնկրետ գործարարի շահեր էր սպասարկում մայրաքաղաքում ու այդ ընթացքում էլ կարողացավ վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի ղեկավարի հետ հարաբերություններ կառուցել, որ հենց սկսեց քաղաքապետ Մարությանի դիրքերը երերալ, ճողոպրեց Հանրային հեռուստաընկերություն։ Սպասենք Հանրայինի ձախողումների։