ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ «Իմ քայլը» խմբակցությունը հայտնվել է ոչ նախանձելի վիճակում: Երեկ խմբակցությունը բախվեց մի իրավիճակի, երբ տարրական աշխատանքային քվեարկություն չկազմակերպելու պատճառով Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Նա այն թեկնածուն էր, որին մոտ 2 տարի իշխող թիմը փնտրում էր, վերջապես գտավ կիրթ, գրագետ, պրոֆեսիոնալ պետական ծառայողի, որը համապատասխանում էր ՀՊ թեկնածուի բոլոր պահանջներին, նա չընտրվեց ընդամենը մեկ ձայնի պատճառով: Քվեարկությանը մասնակցել էր 84 պատգամավոր: Անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ՝ 79 «կողմ» եւ 3 «դեմ»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ, ըստ այդմ, որոշումը չի ընդունվել. անհրաժեշտ էր նվազագույնը 80 կողմ ձայն։ Եվ այս իրավիճակի պատասխանատուն իրականում հենց իշխող խմբակցությունն է, քանի որ նրանք հա՛մ առաջադրել էին Առուստամյանին, հա՛մ էլ չկարողացան 85-հոգանոց խմբակցությունով 80 կողմ ձայն ապահովել, մինչդեռ նրանք պարտավոր էին պատշաճ կազմակերպել քվեարկությունը անլուրջ տպավորություն չթողնելու համար։ Եվ չի բացառվում, որ նույն տարրական անկազմակերպվածության պատճառով առաջիկայում եւս խմբակցությունը նման խնդիրների բախվի: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորների թեկնածուները երեկ հրաժարվեցին գալ խորհրդարան՝ մտավախությամբ, որ իրենց ընտրությունը վտանգի տակ կարող էր հայտնվել։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախում եղած պատերազմի 44 օրերին, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երբ Մոսկվա է մեկնել, ռուսական կողմից դժգոհություններ է ստացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի վերաբերյալ։ Բանն այն է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկի ժամանակ վերջինս ոչ միայն անգելերեն լեզվով է ելույթ ունեցել, այլ նաեւ ռուսական պատվիրակության ներկայացուցիչների հետ անգլերեն լեզվով է հաղորդակցվել, որն էլ դժգոհությունների պատճառ է դարձել, թե ինչու է Կովկասի բնակիչ, իրենց ռազմավարական գործընկերը ռուսերենի փոխարեն այլ լեզվով խոսում: Ռուսական կողմը պատերազմի օրերին Վարդանյանին փակուղում է դրել, թե ինչու են իրենցից օգնություն պահանջում, բայց այլ վերաբերմունք ցույց տալիս օտար ատյաններում։ Վլադիմիր Վարդանյանն էլ ռուսական կողմի դժգոհության մասին հարցը բարձրաձայնել է «Իմ քայլը» խմբակցության նիստերից մեկի ժամանակ, որին ներկա է եղել հենց Հայկ Կոնջորյանը: Վերջինս էլ շտապել է արդարանալ, թե միայն ելույթն է եղել անգլերենով, եւ ռուսական կողմի դժգոհությունն էլ արդարացի չէ: Այս միջադեպի եւ դժգոհության շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից, սակայն վերջինս ասաց, թե նման միջադեպ չի հիշում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի օր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարը իմքայլականներին ասել է, որ ինքն իր աշխատանքը սկսելու է իր կետից ու այն գիծը, որը տարել է նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իրեն չի գոհացնում։ Մասնավորապես, նախարարը նշել է, որ Հարությունյանը «Հայ գրականության» դասագրքից երբ հեռացրել է «հայ» բառը, ինքը պատրաստվում է վերականգնել: Նա նաեւ հայտնել է, որ կրթության հայտնի չափորոշիչները վերանայելու է։ Դումանյանի այդ խոսքերը միանշանակ չեն ընդունվել խմբակցության որոշ պատգամավորների կողմից, սակայն նախարարն անդրդվելի է մնացել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ԿԳՄՍ փոխնախարարները եւս, այս կարճ ժամանակահատվածում աշխատելով Դումանյանի հետ, արդեն գոհունակություն են հայտնում նախարարի գործելաոճից, քանի որ եթե մինչեւ այս Արայիկ Հարությունյանը բոլոր որոշումները կայացնում էր դանդաղ, օրերով չէր կողմնորոշվում՝ ինչ անել, ինչն էլ հետագայում վատ հետեւանքներ էր ունենում, ապա Դումանյանը դա անում է շատ արագ, հստակ ու պարզ:

 

 

 

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության ներսում չեն դադարում դժգոհություններն իշխանություններից ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակից, ու դրանք ավելի են խորանում: Եվ թեեւ շատ պատգամավորներ այս պահին չեն լքում խմբակցությունը, որոշներն էլ մանդատներն են վայր դնում, այնուամենայնիվ, խմբակցության ներսում իրավիճակն առաջվանը չէ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ ամեն ինչ հարթ չի ընթանում «Իմ քայլի» ներսում, եւ նույնիսկ նիստերը հնարավոր չի լինում ավարտել կամ ամփոփել մեկ դիրքորոշմամբ. այն գրեթե միշտ ավարտվում է վիճաբանությամբ: Եվ այս համատեքստում «ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ առաջիկայում կտրուկ քայլ է անելու նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, որը վարկանիշային ընտրակարգով պատգամավոր էր դարձել Սյունիքի մարզից:  Այս որոշման պատճառն իր հայրենի մարզում տեղի ունեցող իրադարձություններն են սահմանազատման աշխատանքների մասով, եւ շատ դեպքերում գյուղացիների հողատարածքներն անցել են ադրբեջանական կողմին, եւ վերջիններս բողոքում են: Տիգրան Կարապետյանն էլ, ի նշան բողոքի, մտադրություն ունի խմբակցությունից դուրս գալ: Սակայն, մեր տեղեկություններով, նրա հետ այս օրերին զրույցներ են ունենում, խնդրում են գոնե հիմա նման քայլի չդիմել: Գրեթե ամեն օր նրան է զանգահարում խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ ասելով, որ եթե ցանկանում է հեռանալ, թող մանդատը վայր դնի եւ չհարվածի թիկունքից, սակայն Կարապետյանն էլ ասել է՝ ինքը կորոշի, թե ինչպես վարվել: Հավելենք, որ նա երկար ժամանակ է, ինչ խորհրդարան չի գալիս:

 

 




Լրահոս