ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ի կեսգիշերին Դիլիջանում իր տանը պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 48-ամյա Գայանե Մնացականյանը: Նրա զավակները` 25-ամյա Էրիկ Մարտիրոսյանը եւ 23-ամյա Մարինե Մարտիրոսյանը, եւս փորձել էին ինքնասպանություն գործել: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` պատճառը եղել է երիտասարդների ամուսնալուծված հայրը, ով ցանկացել է վաճառել տունը:Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Նախաքննությունը կատարվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում Էրիկ եւ Մարինե Մարտիրոսյաններից ցուցմունքներ են վերցրել, ապա սեպտեմբերի 27-ի երեկոյան նրանց շտապօգնության մեքենայով տեղափոխել են Նորքի հոգեբուժական կլինիկա: Այստեղ ստուգումներ կանցկացվեն` պարզելու համար` նրանք հոգեպես առողջ են, թե ոչ:  Նշենք, որ Դիլիջանի Գոլովինո թաղամասում` Կամոյի փողոցի այն տանը, ուր բնակվել են Գայանե Մնացականյանը եւ նրա զավակները, գտնվել են ջարդված սրբապատկերներ: Սակայն Էրիկն ու Մարինեն ժխտում են, որ իրենք Եհովայի վկաներ են: Ի դեպ, նրանք երկուսն էլ աշխատում էին, Էրիկը Դիլիջանի հանքային ջրերի գործարանի պահեստապետն էր, իսկ  քույրը «Պարադիզ» հանգստյան տանը տնտեսական աշխատող էր:  Հիշեցնենք, որ Էրիկը նախկինում էլ է ինքնասպանության անհաջող փորձ կատարել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` ընտանիքում խնդիրները կապված են եղել նրանց հոր հետ: Վերջինս շուրջ մեկ տարի առաջ ամուսնալուծվել է, տեղափոխվել Վանաձոր: Նրան երիկամների անբավարարության պատճառով դիալեզի են միացնում: Ընտանիքի հայրը ցանկացել է վաճառել Կամոյի փողոցում գտնվող իրենց տունը, որպեսզի վերցնի իր բաժին գումարը, սակայն կինն ու երեխաները չեն ցանկացել, որ տունը վաճառվի: Չի բացառվում, որ ինքնասպանությունների պատճառը դա կարող է լինել:  ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ Տավուշ




Լրահոս