Սյուզի եւ Լիլի Հարությունյան քույրերին ճանաչում են նրանք, ովքեր գնահատում են բարձրարժեք ու ոչ կոմերցիոն երաժշտությունը: Նրանք երկուսն էլ ստացել են երաժշտական կրթություն նախ Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, այնուհետեւ ավարտել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Աշխատել են Երգի պետական թատրոնում, «Հովեր» կամերային երգչախմբում, Ֆորշի «Ռե մինոր» խմբում:Նրանց վերջին ձայնասկավառակը լույս է տեսել 2007թ., այնուհետեւ Լիլին` փոքր քույրը, ամուսնացել եւ մեկնել է Հայաստանից: Սյուզին այդ ընթացքում նախագիծ է արել Հայկ Մանարյանի հետ: Հիմա Լիլին վերադարձել է, եւ նրանք անցել են աշխատանքի` համագործակցելով մեծամասամբ դրսի արտիստների եւ ստուդիաների հետ:Նրանց երգերն այս վերջին տարիների ընթացքում պտտվել են Վաշինգթոնի, Հունաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ռադիոկայաններով: Շուտով մենք ունկնդիրը կլինենք նրանց եռալեզու սինգլի, այն կձայնագրվի անգլերեն, ֆրանսերեն եւ արաբերեն, եւ «Մերկ հոգի» երգի ռեմիքս տարբերակին հնդիկ DJ Շիվանգ Փաթելի հետ, ով լավագույնն է Հնդկաստանում էլեկտրոնային երաժշտության մեջ:Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ չնայած քույրերի երաժշտական ճաշակն իրար նման է, բայց կյանքի շատ հարցերում նրանք բոլորովին տարբեր են: -Չնայած երկուսդ էլ անհատական կատարումներով հանդես եք եկել, բայց, այնուամենայնիվ, մենք ձեզ առանձին չենք պատկերացնում: Լիլի. Բայց մենք երբեք էլ որպես դուետ չենք եղել, ամեն մեկս էլ իր առանձին երգերն ունի: Սյուզի. Երեւի թե մեզ միացնում են, քանի որ միասին բազմաթիվ կատարումներ ունենք, ձայնասկավառակներն էլ երբ թողարկում ենք, կրկին միասնական են լինում:-Ներկայացնում եք ոչ կոմերցիոն երգեր, չե՞ք ուզում մի քիչ փոխել ժանրը` ավելի մեծ լսարան գրավելու համար:Սյուզի. Մարդիկ ի սկզբանե մեզ տեսել են այս ոճում, մենք մեզ ուրիշ տեսակի մեջ չենք պատկերացնում: Լիլի. Իհարկե, ճիշտ եք ասում, այսօր ոճ փոխելու տենդենց կա: Նույն ջազ երգչուհին կարող է մի օր 6/8 երգել, որ գումար աշխատի: Չքննադատենք ոչ ոքի, ամեն մարդ իր գործն է անում: Պետք է անես այն, ինչ քեզ հոգեհարազատ է, որ սուտ չհնչի:-Որքանով ես տեղյակ եմ, ձեր թողարկած ձայնասկավառակները բավականին թանկ արժեն:Սյուզի. Այո՛, քանի որ դրանք լայֆ ալբոմներ են, միայն կենդանի հնչողություն: -Ինչքա՞ն եք ծախսել վերջին ալբոմի վրա:Սյուզի. Բավական գումար է ծախսվել ե՛ւ ալբոմի, ե՛ւ տեսահոլովակի վրա: -Ծախսած գումարի գոնե մի մասը կարողանո՞ւմ եք հետ բերել:Լիլի. Իհարկե ո՛չ:Սյուզի. Մենք ուղղակի շուկա չունենք: Ռուսաստանի արտիստները կարող են իրենց շրջագայությունների շնորհիվ մեծ գումարներ վաստակել:Լիլի. Իսկ էստեղ, կոպիտ ասած, ո՛չ շոու կա, ո՛չ բիզնես: Եկե՛ք պարզ լինենք, այսօր լսում են անճաշակ, ոչ բարձրակարգ երաժշտություն: Մենք էլ պետք է դա երգենք, բայց դա մերը չէ, դրա համար էլ մեր երաժշտությունը ոչ բոլորին է հասկանալի: -Որտեղի՞ց ձեզ ֆինանսական միջոցներ:Սյուզի. Մեր հովանավորը Լիլիի ամուսինն է: Եւ, իհարկե, դրսի կազմակերպությունների հետ պայմանագրեր ունենք: Մեր երկրորդ ձայնասկավառակը լույս է տեսել Բեռլինում, տարածվել է Եվրոպայում, երգերը հնչում են տարբեր ռադիոկայաններով, որտեղից ել ստանում ենք մեր հոնորարները: Լիլի. Հայաստանում ո՛չ օրենք կա, ո՛չ հեղինակային իրավունքներն են պահվում, բարձր արվեստով հեռուստատեսությունը չեն լցնում, որ ճաշակ ձեւավորվի: Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ պահանջում են, այն ենք տալիս, ապա վաղը կարող է ավելի կատաստրոֆիկ բան պահանջեն, պետք է դա՞ մատուցեն: Սյուզի. Այսօր ամբողջ օրը սերիալներ են ցույց տալիս, հիմա երեխաները դա են նայում, վերցնում ժարգոնը ու մտածում, որ ճիշտն ու լավը դա է: Լիլի. Ռուսական էստրադայի սիրահար չեմ, բայց երբ նրանք ինչ-որ կոմերցիոն նախագիծ են անում, այնքան հմտորեն են պտտում տարբեր ալիքներով, որ ես, եթե նախկինում չեմ էլ հավանել, ընդունել, մեկ էլ մեխանիկորեն սկսում եմ երգել: Նույնն էլ մեր հեռուստատեսությունն է անում:-Ասում են, որ շոու բիզնեսում առաջ գնալու համար կա՛մ պետք է լավ մեջք ունենաս, կա՛մ էլ որեւէ հարուստ մարդու սիրուհի լինես:Լիլի. Մի քիչ ճշմարտություն կա դրա մեջ:Սյուզի. Բայց դա միանշանակ չէ ու բոլորին չի վերաբերում:-Որպես մի քիչ ավագ սերնդի ներկայացուցիչներ` նոր սերնդի կատարողների մեջ կա՞ն լավերը:Լիլի. Կան, ինքս մի քանիսին նկատել եմ, բայց, ցավոք, նրանք շատ քիչ են: Սյուզի. Անճաշակությունը, անորակությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմն այնքան շատ են, որ լավերը քիչ են երեւում:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ԱՆՃԱՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՈՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ