Սեպտեմբերի 28-ին` ժամը 15-ի սահմաններում, Վանաձորի Դեմիրճյան փողոցում Տարոն 4 թաղամասի երթուղին սպասարկող 0617 L պետհամարանիշի ավտոբուսը, դուրս գալով հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել է BMW մակնիշի 36 LO 862 պետհամարանիշի ավտոմեքենային: Դեպքի պահին ավտոբուսում ուղեւորներ են եղել, բարեբախտաբար, նրանցից ոչ ոք չի տուժել: Փոխարենը BMW մակնիշի ավտոմեքենայի 4 ուղեւորները տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Հավաքված մարդիկ բախման պահը չէին տեսել, սակայն զարմացած էին, թե ինչու է ավտոբուսը 180 աստիճանով շեղել իր ընթացքը: Վարորդն, ով, իրեն կորցրած, կանգնած էր մարդկանց բազմության մեջ, անընդհատ նույն բանն էր ասում. «Ես ինչ մեղք ունեմ, որ դեմս դուրս չգար, ես ինչի պետք ա սենց բան անեի: Հարուր տարի ավտոբուս եմ քշում»: Զրուցակիցներն իրենց հերթին խորհուրդ տվեցին բարձրաձայնել այդ մասին, սակայն երբ վարորդը մոտեցավ մեզ, տղամարդկանցից մեկը նրան մի կողմ տարավ եւ սաստող տոնով խրատեց. «Կարող ա քեզ վնասես: Ոչ մի բան մի՛ խոսա: Էդ էլ ասեմ, դու իրավունք ունես վաբշե չպատասխանես ոչ մի հարցի»: Այսքանը բավարար էր, որպեսզի վարորդը լռեր:Լուրեր կան, որ ավտոբուսի դիմաց ՎԱԶ 2106 մակնիշի կապույտ գույնի մեքենա է հայտնվել, դրա համար էլ վթար է տեղի ունեցել:Հիվանդանոցի վիրաբույժ Գեորգի Իլոյանը վիրավորների մասին հետեւյալը փոխանցեց. «Երեքը միջին ծանրության, մի կին ծանր է, գանգուղեղային վնասվածք ունի, կատարվում է գանգուղեղային տամոգրաֆիա ծանրությունը ճշտելու նպատակով: Մյուս հիվանդի մոտ կա բազուկոսկրի վզիկի կոտրվածք: Մեկի մոտ էլ կողերի կոտրվածք է, վիճակը ստաբիլ է: Ներկա պահին բոլոր հիվանդները հետազոտվում են»:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ Վանաձոր
ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈԲՈՒՍԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ