Պատերազմի հետևանքով մահանալու դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը կարող է տրամադրվել 7 օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կորոնավիրուսի համավարակի կամ պատերազմական գործողությունների հետևանքով մահանալու փաստի առկայության դեպքում կրճատել ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրման ժամկետը: էկոնոմիկայի նախարարությունը նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է երկրում ստեղծված համավարակային և պատերազմական գործողությունների հետևանքով մահացած անձանց ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգության բացման օրվանից ժառանգներին հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրելու անհրաժեշտությամբ։ Ներկայումս օրենսդրական կարգավորման համաձայն՝ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո։

Նշված իրավակարգավորումը որոշ դեպքերում բացասական ազդեցություն է ունենում տնտեսավարող սուբյեկտների հետագա գործունեության վրա։

Մասնավորապես, եթե մահացած անձը հանդիսանում է իրավաբանական անձի միակ մասնակիցը կամ բաժնետերը և միաժամանակ նաև տվյալ իրավաբանական անձի տնօրենը, ապա համապատասխան բաժնեմասի, ինչպես նաև ժառանգատուի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ժառանգության գործընթացը գործող օրենսդրական կարգավորումների համատեքստում կատարվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, ինչը գործնականում խոչընդոտներ է առաջացնում տվյալ ընկերության հետագա գործունեության համար»,- նշված է նախագծի մեջ:

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավոր կլինի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր, եթե ժառանգատուի մահը պայմանավորված է COVID-19 համավարակով կամ պատերազմական գործողություններով, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կստանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը։




Լրահոս