Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի շարունակի ելույթները աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարն աշխարհի գավաթում:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց Մուսա Եվլոևին:
Նախօրեին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը: 67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և 2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝ Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալակիր: