Ջերմուկում եղել է սահմանի ճշգրտում, հայկական զինված ուժերի, տեղական մարմինների մասնակցությամբ: Այս մասին նշեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը՝ «Արմենպրեսի» հետ զրույցում՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը կուտակվում են դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ զորամաս կառուցելու նպատակով:
«Սահմանների, դիրքերի ճշգրտում է եղել, գնացել, պայմանավորվել ենք, թե ով որտեղ պետք է կանգնի: Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Զորամաս էլ չի լինելու, ինչպես տեղեկություն էր տարածվում: Գործընթացը տեղի է ունեցել մեր զինվորականների մասնակցությամբ, ես նույնպես ներկա եմ եղել»,- ասել է Վարդան Հովհաննիսյանը:
Համայնքի ղեկավարը նշել է, որ հայկական զինված ուժերը տեղում են, իր առջև դրված խնդիրներն իրականացնում են: Նրա խոսքով՝ ջերմուկցիներն իրավիճակին ըմբռնումով են մոտենում:
«Ուղղակի պետք չէ այս կուրորտային քաղաքի հետ կապված այդպիսի աժիոտաժ առաջացնել: Դա անողները միգուցե ինչ-որ հարցեր են լուծում, սակայն մի ամբողջ քաղաք կարող է տուժել: Իրականում Ջերմուկում անվտանգ է, և մենք հյուրերի ենք սպասում, առողջարանները նորմալ աշխատում են, ոչ մի խնդիր չունենք»,- նշել է Վարդան Հովհաննիսյանը: