«ՄԱՐԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է». ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն Armlur.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել նախօրեին՝ ԱԺ-ում ռազմագերիների վերաբերյալ փակ քննարկման ժամանակ: Ըստ պատգամավորի՝ պետք է քայլեր ձեռնարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հայտարարությունների հետ կապված, քանի որ, վերջինիս կարծիքով, Ադրբեջանը հայ ռազմագերիների հետ լավ է վարվում:

 

-Տիկի՛ն Սամսոնյան, երկու օր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, որ փակ քննարկման ժամանակ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ իրենք տեղեկություն ունեն, որ ադրբեջանցիները լավ են վարվում մեր ռազմագերիներ հետ։ Տիկին Կարապետյանը հայտարարեց, որ դա սուտ է, ինքը նման նախադասություն չի ասել։ Եթե հնարավոր է, մեջբերեք այն խոսքը, որը հնչեցվել է պատգամավորի կողմից։

-Ափսոս փակ է եղել նիստը, չնայած ես կասկածում եմ, որ բաց նիստում տիկին Կարապետյանը այդքան անկեղծ կլիներ: Նա մեզ  մեղադրում էր, թե ինչու ենք բարձրաձայնել եւ ինչու ենք դիմել միջազգային կառույցներ, որ Բաքվի զորահանդեսում մեր գերիներին չցուցադրեն։ Եվ տիկին Կարապետյանը պնդում էր, որ Ադրբեջանը չէր խախտի միջազգային կոնվենցիաները եւ այդպես վատ չէր վարվի մեր գերիների հետ։ Մենք նրան հարց ենք ուղղել՝ արդյոք Դուք կարծում եք՝ մեր գերիների հետ վատ են վարվում, տիկին Կարապետյանն այս մասով որեւէ արձագանք չի տվել, նրանք խորհուրդ ենք տվել եւս մեկ անգամ բացի եւ տեսանյութեր նայի, թե մեր գերիների հետ ինչքան վատ են վարվում։ Եվ մեզ համար դա խայտառակություն էր եւ շոկային, որ այդպես տիկին Կարապետյանը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։ Ըստ երեւույթին, պաշտպանում էր, որովհետեւ նրա հարձակվողական վարքագիծն ու մեղադրանքները, որ մենք զբաղվել ենք այդ հարցով, մեզ համար պարզապես զարմանալի էր։

-Արդեն տեղեկություններ կան, որ ՄԻԵԴ-ից ազդակներ են գալիս, որ այս հայտարարությունը գուցե կցվի այն ռազմագերիների հարցով դիումներին եւ կայացվի այնտեղ՝ որպես ի գիտություն։ Սա ի՞նչ վնաս կարող է բերել։ Մարիա Կարապետյանն ասում է, որ գուցե իրենք նույնիսկ սղագրություն ներկայացնեն, որ ապացուցեն, որ նման խոսք չի հնչել փակ քննարկման ժամանակ։

-Ես կարծում եմ՝ մենք եւ հատկապես իշխանությունը, քանի որ Մարիա Կարապետյանն իշխանության պատգամավոր է, պետք է նման պատգամավորներին մեկուսացնեն, նման պաշտոնյաներին, որոնք առհասարակ կարող են այդպիսի կարծիք արտահայտեն։ Եվ, այո, դա կարծիք է, որը գոյություն ունի։ Բնականաբար, յուրաքանչյուր կարծիք կարող է գոյություն ունենալ, բայց այս կարծիքի գոյությունը մեզ համար կարող է վտանգավոր դառնալ։ Այս իմաստով ես տեսնում եմ, որ կան պատգամավորներ, որոնք նրան պաշտպանում են։ Եվ այս պաշտոնյան, նման հայտարարություններ անելով, ի վերջո, վտանգում է նաեւ այն մարդկանց աշխատանքը, որոնք գիշեր-ցերեկ չեն քնում, զեկույցներ են գրում, նամակներ են ուղարկում միջազգային կառույցներ։ Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանը չէր խախտի միջազգային կոնվենցիաները։ Իսկ ի՞նչ ենք մենք տեսել այս ընթացքում։ Ամբողջ պատերազմի ընթացքում մենք ի՞նչ ենք տեսել, որեւէ կնովենցիա Ադրբեջանի կողմից հարգվե՞լ է, թե՞ ոչ։ Պատասխանեք այդ հարցին. իհարկե ոչ։ Եվ այդ ամենը նկատի ունենալով՝ նման կարծիքներ հնչեցնել շատ վտանգավոր է։ Դրանք վնասում են նորմալ մարդկանց աշխատանքին։ Դրանք նույնիսկ պետք է գոյություն չունենան։ Մենք արժանապատվություն ունե՞նք, թե՞ չունենք։

-Տիկի՛ն Սամսոնյան, կառավարության ներկայացուցիչն այդպես էլ չներկայացավ այդ քննարկմանը: Դա ինչո՞վ է բացատրվում։ Արդյոք «Լուսավոր Հայաստանը» ռազմագերիներ մասին որոշ հարցերի պատասխաններ ստացա՞վ։

-Մենք ոչ մի պատասխան չենք ստացել։ Հակառակը, մենք, մասնավորապես՝ պարոն Մարուքյանը, պատասխանում էր այնպիսի հարցերի, որոնք այդ քննարկման հետ կապ չունեն, ինչ-որ մեղադրական հարցերի։ Կառավարության ներկայացուցչի առկայությունն  ինչո՞վ էր կարեւոր. եթե փակ քննարկում է, ուրեմն պետք է այնպիսի հարց ու պատասխան հնչեր, որը կտար մեզ որոշակի տեղեկատվություն։ Այո, մենք գնացինք այն բանին, որ մեր գործընկներները որոշեցին, որ դա փակ պետք է լինի, բայց փակ պետք է լիներ, ուրեմն նրանք պետք է պատասխանեին մեր բոլոր հարցերին, ապահովեին այն մարդու ներկայությունը, որը կկարողանար այդ քննարկմանն ապահովեր նաեւ բովանդակություն։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՈՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐԳՈՒՄԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել, որում ասված է. «Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետությունում նշվում է որպես մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օր:

 

1991 թ. հենց այս օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ի շարունակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների 1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրի: Հանրաքվեի արդյունքում, որը կայացավ միջազգային իրավունքի նորմերին եւ այդ ժամանակաշրջանում գործող ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան, Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը: 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն տրամաբանական շարունակությունն էր Արցախի ժողովրդի հետեւողական ջանքերի, որը ձգտում էր ղարաբաղյան հիմնախնդիրը վերադարձնել  քաղաքական եւ իրավական հարթություն, կանխել վերահաս պատերազմը եւ պայմաններ ստեղծել բացառապես խաղաղ ճանապարհով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար` միջազգային իրավունքի նորմերի, արդարության սկզբունքների ու փոխադարձ հարգանքի եւ ժողովուրդների իրավահավասարության հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, ինչպես նաեւ 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն ծառայում են որպես Արցախի պետականության իրավական հիմք, որը Արցախի ժողովրդի կամարտահայտության բարձրագույն դրսեւորումն է: Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելը փաստորեն ստեղծեց պայմաններ, որոնց դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով եւ երեք անգամ՝ 1991, 2016 եւ 2020 թվականներին, ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը, որն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անկյունաքարն է:

 

 

ԼԱՎՐՈՎՆ ԱՆԴԱԴԱՐՁԵԼ Է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Մոսկվայի հասցեին վերջին շրջանում Արեւմուտքից հնչող մեղադրանքներին՝ պնդելով, որ դրանց զգալի մասը վերաբերում է հետխորհրդային տարածքում ծավալվող ճգնաժամերին։ «Վերջին շրջանում մեզ մեղադրում են, թե մենք միջամտում ենք Բելառուսի ներքին գործերին, մեղադրում են նաեւ, որ մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում բացառապես մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար՝ ընդդեմ Արեւմուտքի», – նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ Լավրովը նաեւ ասել է. «Պնդումներ են հնչում նաեւ, որ մենք, իբր, պայմանավորվել ենք Թուրքիայի հետ [Հարավկովկասյան] տարածաշրջանը բաժան-բաժան անելու մասին, միայն թե այնտեղ չամրապնդվեն Արեւմուտքի դիրքերը»։ «Այսպիսի տրամաբանություն եւ հոգեբանություն է այժմ տիրում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գործող առաջատար վերլուծաբանների մոտ», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

 

ԵՎՍ ՄԵԿԸ

ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների եւս մեկ հոսքագիծ:   Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն» ունի գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգ, որն այս պահին միակն է Հայաստանում:

 

 

ԶՈՒ-Ն ԿԱՏԱՐՈՒՄ Է

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։  Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալն անդրադարձել է նաեւ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավարի հայտարարությանը, թե սահմանի տվյալ հատվածը հսկում են միայն գյուղերից եկած կամավորները՝ վստահեցնելով, որ առաջնագծի տվյալ ուղղության ողջ երկայնքով տեղակայված ԶՈՒ անձնակազմը կատարում է իր առջեւ դրված խնդիրները։

 

 




Լրահոս