Ռուսաստան-Արեւմուտք աշխարհաքաղաքական հակամարտության օրակարգում հայտնվել է նոր կետ՝ Լեռնային Ղարաբաղը։ Եվ այս մասին արդեն խոսում է պաշտոնական Մոսկվան։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Russia Today-ի եթերում ասել է, թե Արեւմուտքը Ռուսաստանին մեղադրելու համար կարող է դեռ շատ առիթներ հորինել՝ Ռուսաստանին այլ պետությունների գործերին միջամտելու մեղադրանքների համար:
«Վերջերս մեզ մեղադրում էին Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում միջամտելու մեջ բացառապես Արեւմուտքի դեմ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար՝ ասելով, թե Թուրքիայի հետ համաձայնեցված է այդ տարածաշրջանի բաժանումը, միայն թե Արեւմուտքն այնտեղ չուժեղացնի իր դիրքերը: Սա այն վերլուծաբանների տրամաբանությունն ու հոգեբանությունն է, ովքեր այժմ գերակշռում են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, հատկապես՝ Բրիտանական կղզիներում»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը հավելել է, թե Մոսկվան պատրաստ է նման մեղադրանքներին: «Օրերս կարդացի, որ ԱՄՆ Կոնգրեսը խրախուսում է Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության դեմ պատժամիջոցները միայն այն պատճառով, որ այդպիսի միություն գոյություն ունի, եւ այն դուր չի գալիս նրանց, ովքեր կցանկանային Բելառուսում եւս մեկ «գունավոր հեղափոխություն» անել», – նշել է նա։
Մոսկվայում մի շարք փորձագետներ խոսում են այն մասին, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար լավագույն ելքը ավելի սերտ ինտեգրումն է Ռուսաստանի հետ՝ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության տեսքով, օրինակ։
Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ բարձրաձայնել է այն հարցերը, որոնց շուրջ պետք է ընթանան առաջիկայում կայանալիք բանակցությունները։
«Մեզ անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը, քանի որ հրադադարը համաձայնագիր չէ, այլ պատերազմի ավարտ։ Հիմա մեզ անհրաժեշտ է հակամարտության կայուն կարգավորում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի, նրա վարչական սահմանագծման, կառավարման միջոցների հետ կապված հարցերում», – ընդգծել է Ժան-Իվ Լը Դրիանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, թե ղարաբաղյան բանակցությունները կվերսկսվեն, երբ իրավիճակը հանդարտվի, եւ կողմերը պատրաստ լինեն բանակցություններին։
Հավելենք՝ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։
Արցախը եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում են մնալ ռուսական քաղաքական օրակարգում, հատկապես որ Ղարաբաղում են ռուս խաղաղապահները, եւ Կրեմլը նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը ներկայացնում է որպես Մոսկվայի մեծ աշխարհաքաղաքական հաղթանակ։
Ռուսաստանցի փորձագետների մի մասի կարծիքով՝ Մոսկվան մտադիր է Լեռնային Ղարաբաղը դարձնել Աբխազիա կամ Հարավային Օսիա։
Քաղաքագետ Անդրեյ Կոլեսնիկովը, մասնավորապես, ասում է, որ թեեւ Մոսկվան այսօր ակտիվորեն զբաղված է Ղարաբաղում իր խաղաղապահ դերի փիառով, պետք է արձանագրել, որ նա այդ դերն իսկապես ստանձնել է եւ վերջ է տվել դաժան պատերազմին։ Սակայն այսօր Մոսկվան ակնհայտորեն փորձում է Ղարաբաղը վերածել Աբխազիայի, Մերձդնեստրի կամ Հարավային Օսիայի։
«Մոսկվան ուզում էր ստանալ եւս մեկ չճանաչված հանրապետություն, որը դե ֆակտո կլիներ Ռուսաստանի հովանու ներքո, ինչպես աբխազական քաղաքացիները, օրինակ, որ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Չեմ կարծում, որ այստեղ այդպես կստացվի, քանի որ Ղարաբաղը հակամարտության տարածքն է, բոլորովին թարմ հակամարտության։ Ամեն դեպքում, Մոսկվայի նման ցանկությունն ակնհայտորեն երեւում է», – «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետը։
Ն. Հ.
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ
Պատգամավորները երեկ ԱԺ նիստին քննարկել են Դավիթ Նահապետյանի թեկնածությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ներկայացրել է Նահապետյանի կենսագրությունը, ինչից հետո թեկնածուն ինքն է մոտեցել ամբիոնին եւ ներկայացրել իր տեսլականն ու հետագա գործունեությունը նոր պաշտոնում:
ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
«Այդ հարցերը խնդրում եմ՝ կառավարությանը տալ»,- ի պատասխան լրագրողների՝ ասել է Արարատի մարզպետ նշանակված Ռազմիկ Թեւոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Գարիկ Սարգսյանը հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից, եւ նշանակվեց ինքը, որ ժամանակին եղել է «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու: Նա հրաժարվել է պատասխանել մյուս հարցերին եւ հեռացել է: Հարցերը հետեւյալն էին. «Կոկորդիլոսաբուծարանի ծրագիրը շարունակվելո՞ւ է Արարատի մարզում», «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բաջանաղապետություն չի լինելու: Ձեր տղան «Իմ քայլի» պատգամավոր է, դուք նշանակվել եք մարզպետ»: Նշենք, որ Ռազմիկ Թեւոնյանը Երասխի գինու գործարանի տնօրենն է: 2017-ին առաջադրվել է պատգամավորի թեկնածու «Մենք» դաշինքի կողմից։ Նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ է հրաժարականի դիմում ներկայացրել վարչապետին։
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: Նկատենք, որ դեկտեմբերի 8-ին էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի՝ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Նույն օրը Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը եւ զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից:
ԱՅՑԵԼԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻՆ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այցի մանրամասները չեն հրապարակվելու։ Հիշեցնենք, որ երեկ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ։
ԿՈՂՄ ՈՒ ԴԵՄ
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել գաղտնի քվեարկությունը, որից հետո Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Գալստյանը: Նրա թեկնածությանը կողմ քվեարկել է 77 խորհրդարանական, դեմ` 4 պատգամավոր: Մեկ այլ քվեարկության արդյունքում պատգամավորները հաստատել են Դավիթ Նահապետյանի թեկնածությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 81, դեմ` 1 պատգամավոր: Այնուամենայնիվ, չնայած մեծամասնությունը կողմ է հանդես եկել Կարեն Առուստամյանի թեկնածությանը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում, այդ ձայները բավարար չէին նոր պաշտոնը ստանալու համար: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 79 խորհրդարանական, չնայած պահանջվում էր առնվազն 80 ձայն:
ՊԵՍԿՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Ադրբեջանից եւ Հայաստանից բանջարեղենի ներկրման արգելքը Կրեմլի խնդիրը չէ, այլ պրոֆիլային գերատեսչության առանձնաշնորհը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ հաղորդվել է, որ դեկտեմբերի 10-ից «Ռոսսելխոզնադզորը» արգելում է Ռուսաստան լոլիկի ու խնձորի ներկրումը Ադրբեջանից` այդ երկրից արտադրանքներում վնասատուների, մասնավորապես՝ պտղաբանջարեղենի արտադրանքում (լոլիկ, խնձոր) հարավամերիկյան լոլիկի ցեց եւ արեւելյան ցեց հայտնաբերեու պատճառով: Բացի այդ, դեկտեմբերի 14-ից արգելվում է Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի ներկրումը Արմավիրի մարզից Pepino mosaic վիրուսի հայտնաբերումից հետո: Պրոֆիլային գերատեսչությունը, Պեսկովի խոսքով, չպետք է նման գործողությունները համաձայնեցնի Կրեմլի հետ: «Բնականաբար, նման գործողություններն արվում են կառավարության հետ համագործակցության շրջանակներում, եւ կան հստակ չափանիշներ, որոնց համաձայն կայացվում են նման որոշումները: Դուք գիտեք, որ այդ որոշումները կապված են վիրուսների հետ, եւ պանդեմիայի պայմաններում, իհարկե, դրան հատուկ ուշադրություն է հատկացվում: Գերատեսչությունը նման պարտավորություն չունի՝ համաձայնեցնել գործողությունները Կրեմլի հետ»,-պատմել է Պեսկովը: