ԱՄԵՆԱԽԻՍՏ ՊԱՏԻԺԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր (երեկ) իմ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի՝ քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու եւ սահմանվելու են ամենախիստ պատիժները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետությունում պետական դավաճանություն կամ լրտեսություն իրականացնելու համար։ Այս մասին գրառում է կատարել  ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

 

«Այս նախագծով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խստագույն պատիժ՝ ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ, իսկ լրտեսության համար` 15-20 տարի։ Պետական դավաճանությունը եւ լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ եւ խստագույնս պատժվեն։

Հ.Գ. Պատահական չէ, որ հենց այսօր եմ հանդես եկել այս նախաձեռնությամբ»,-գրել է նա։

Նախագծի հիմնավորման մեջ ԲՀԿ խմբակցությունը նկատում է. «Պետական դավաճանությունը առանձնապես ծանր հանցագործություն է, որ վնասում է պետության սուվերենությանը, ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանը: Հաշվի առնելով պետական դավաճանության եւ լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար մասնավորապես ռազմական դրության պայմաններում՝ անհրաժեշտություն է առաջանում վերանայել ներկայիս կարգավորումները եւ սահմանել խստագույն պատիժ:

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկան պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր՝ ի ցույց դնելով իրավական կարգավորումներում առկա բացերը:

Վերոնշյալ դեպքերը ցույց են տալիս, որ ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում որպես կանխարգելող գործոն սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խիստ պատժի չափը՝ քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում:

Պետական դավաճանության լրտեսության ձեւի եւ լրտեսության հանցագործության կազմի օբյեկտիվ կողմը համընկնում է միմյանց, միայն սուբյեկտներն են տարբեր: Ըստ այդմ, երբ այդ արարքը կատարում է ՀՀ քաղաքացին, վրա է հասնում հայրենիքի դավաճանության պատասխանատվությունը (299 հոդված), իսկ երբ նույն արարքը կատարում է արտերկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, առաջանում է լրտեսության հանցագործության քրեական պատասխանատվությունը (302 հոդված): Դրանով է պայմանավորված երկու հոդվածներում միառժամանակ փոփոխությունների իրականացումը, սակայն հաշվի առնելով սուբյեկտների տարբերությունը՝ նախատեսված են տարբեր պատժաչափեր:

Պետական դավաճանության համար, որպես կանոն, ամենադաժան պատիժն է սահմանվում: Պատմության մեջ կարելի է հանդիպել պետական դավաճանության ամենածանր պատժին՝ մահապատժին:

Ընդ որում, ուսումնասիրել ենք նաեւ պետական դավաճանության եւ լրտեսության համար սահմանված պատիժների միջազգային փորձը, եւ ակնհայտ է դարձել, որ դրանց համար մի շարք այլ երկրներում սահմանված են առավել ծանր պատիժներ՝ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի սահմանած պատիժներրի:

Առաջադիմական երկրների քրեական օրենսգրքերում պետական դավաճանության համար սահմանվում է բարձրագույն պատիժը:

Այսպես, Անգլիայում պետական դավաճանություն է համարվում պետության անվտանգության դեմ իրականացրած հանցագործությունը, որի համար սահմանվում է պատիժ՝ հինգ տարուց մինչեւ ցմահ ազատազրկում:

Իսրայելում պետական դավաճանության համար սահմանված է խստագույն պատիժ, այն գործողությունը, որը վնասում է պետության սուվերենությանը եւ անվտանգությանը պատժվում է ցմահ ազատազրկմամբ կամ սահմանվում է մահապատիժ:

Ռուսաստանի Դաշնության արտաքին ավտանգության դեմ կատարված գործողությունը եւ լրտեսությունը պատժվում է տասներկուսից քսան տարի ազատազրկմամբ, 500.000 ռուբլի (3.121.317 ՀՀ դրամի) չափ տուգանքով:

Ֆրանսիայում այլ պետությունների ներկայացուցիչների հետ հարաբերությունների ստեղծումը եւ պահպանումը Ֆրանսիայի դեմ ռազմական գործողություններ կամ ագրեսիայի ակտ առաջացնելու նպատակով պատժվում է 30 տարվա ազատազրկմամբ:

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ անվտանգությունը եւ ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ եւ համաչափ պատիժներ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու եւ զգոնոթյունը բարձրացնելու համար»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Երեկ ոստիկանությունը Կառավարության մոտից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 42 անձի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Ակցիայի մասնակիցներից մի քանիսը երթով շարժվել են կառավարության շենքի մոտից, մյուս մասը մնացել են շենքի դիմաց: Երթով շարժվողները, սակայն, չեն ցանկացել ենթարկվել ոստիկանության պահանջին՝ չանցնել փողոցների երթեւեկելի հատվածով: Ընդդիմադիր կուսակցություններն իրենց հրավիրած ակցիան համարել են ավարտված: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին: Նա նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի եւ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները դեկտեմբերի 9-ին հանրահավաք էին հրավիրել Ազգային ժողովի շենքի դիմաց:

 

 

ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  ԶԱՆԳԵԼԱՆՈՒՄ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն սկսել է Զանգելանի հատվածում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացնել: Այս մասին հայտնել է Էջմիածնի զորամասի հրամանատարներից Արսեն Աբգարյանը՝ հավելելով, որ պատրաստվում է գնալ Կապան, եւ եթե թույլատրեն, ինքը եւս մասնակցի որոնողական այդ աշխատանքներին: «Հիմա բանակցություններ են վարվում, որպեսզի յուրաքանչյուր հատվածում իրականացվեն այդ որոնողական աշխատանքները»,- ասել է  Աբգարյանը: Հարցին, թե ինչու այսքան երկար չէր իրականացվում որոնողական աշխատանքն այդ հատվածում, Աբգարյանը պատասխանել է, որ առանց ադրբեջանական կողմի համաձայնության չէին կարող որեւէ բան անել: Անհետ կորածների հարազատներն ակցիա են իրականացրել Էջմիածնի զորամասի մոտ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սամվել Ասատրյանը հավաքվածների խմբի հետ անցկացրել է փակ հանդիպում Էջմիածնի զորամասում: Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԸ` ՄԱՍՆԱԿԻ ԶՈՐԱՀԱՎԱՔ

Կառավարության նիստում երեկ որոշում ընդունվեց, որով նախատեսվում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով ապահովել զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում եւ համապատասխան այլ պետական մարմիններում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասնակի զորացրումը եւ ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրաված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները ս.թ. նոյեմբերի 10-ից դադարեցվելու արդյունքում Կառավարության 27.09.2020թ. N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող առանձին միջոցառումների իրականացումը մասնակի դադարեցնելու անհրաժեշտությամբ:

Բանն այն է, որ Կառավարության 27.09.2020թ. N 1586-Ն որոշման հավելվածով սահմանվել են հայտարարված ընդհանուր զորահավաքի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Ս.թ. նոյեմբերի 10-ից ռազմական գործողությունները դադարեցվելու արդյունքում վերացել է պահեստազորայինների ընդհանուր զորահավաքային զորակոչ եւ ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում տրանսպորտային միջոցների ամբողջական ներգրավում իրականացնելու, ինչպես նաեւ զինված ուժերի կիրառման որոշակի ռազմավարական ուղղություններում եւ այլ զորքերում ու քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի համակարգում զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների եւ ներգրաված տրանսպորտային միջոցների կարիքը:

Որոշման նախագծի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ընդհանուր զորահավաքը փոխարինվում է մասնակի զորահավաքով, զինված ուժերի պատերազմական ժամանակների հաստիքների համալրումը նախատեսվում է սահմանափակել ԶՈՒ կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններով:

Ն. Հ.

 

 

ՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՎՃԱՐԻ

ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաղաթելյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով 2020 թվականի  հոկտեմբերի  8-ի վճռի համաձայն` դիմումատուին վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կվճարի 5 հազար եվրոյին համարժեք դրամ՝ սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 8-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 8-ն է:

 

 




Լրահոս