ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Արարատ Միրզոյանին ՊՊԾ-ն չպաշտպանեց. ինչ էր տեղի ունեցել մինչև ծեծկռտուքը. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գրվեց հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Կեսգիշերին հայտնի դարձավ, որ քաղաքական իշխանությունները ստորագրել են մի համաձայնագիր, որով Արցախին հարող 7 շրջաններն ամբողջությամբ և Հադրութի շրջանի մեծ մասն ու Շուշին անցան Ադրբեջանին: Համաձայնագրի ստորագրումից րոպեներ անց բազմաթիվ քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ իշխանություններից պահանջելով հրաժարական: Այդ ժամին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր կեցավայր գնալու ճանապարհին դաժանաբար ծեծի ենթարկվեց փողոցում հավաքված անձանց կողմից: Իսկ ինչպես ստացվեց, որ պետության երկրորդ դեմքը, ով պետք է անվտանգության ամենաբարձր մակարդակով ապահովված լիներ, նման հարձակման ենթարկվեց: Որտեղ էր մինչ այդ Միրզոյանը, ինչ էր տեղի ունեցել ծեծից առաջ ու ինչպես ստացվեց, որ նման հարձակման ենթարկվեց ԱԺ նախագահը:

ArmLur.am-ի ստացած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը համաձայնագրի ստորագրման գիշերը եղել է խորհրդարանի իր աշխատասենյակում: Ըստ մեր տեղեկությունների՝ Միրզոյանի հետ են եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մոտ 10-15 պատգամավորներ, ովքեր տեղյակ չեն եղել, որ նման համաձայնագիր են պատրաստվում ստորագրել քաղաքական իշխանությունները:

Մեր աղբյուրնեը փոխանցում են, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կարծել են, թե հնարավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրեն, դրա համար էլ խորհրդարան են գնացել:

Նույն աղբյուրների վկայությամբ այդ օրն Արարատ Միրզոյանի աշխատասենյակում են եղել պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Զեյնալյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Աննա Կարապետյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուստամ Բաքոյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ այլք: Ու երբ հայտնի է դարձել, որ Արցախի 7 շրջանները, Հադրութն ու Շուշին «հանձնվել» են թշնամուն՝ Միրզոյանի սեյակում լարվածություն է առաջացել:

«Ափերից» դուրս է եկել Տաթեւիկ Հայրապետյանը, սկսել է բարկանալ, թե ինչ են արել, ինչու են գնացել նման քայլի: Հայրապետյանին միացել է Աննա Կարապետյանը եւ Արարատ Միրզոյանին մեղադրել են ամեն ինչի մասին իմանալու ու իրենց չտեղեկացնելու համար: Բանը հասել է վիրավորանքներին, ինչի համար անգամ Միրզոյանը սենյակից դուրս է հրավիրել պատգամավորներին՝ հավելելով, թե ինքն էլ որեւէ բանից տեղյակ չի եղել նախապես։

Մեր տեղեկություններով՝ հավաքվածները հազիվ են կարողացել հանդարտեցնել իրավիճակը, որից հետո Միրզոյանը հորդորել է բոլորին տուն գնալ, քանի որ Կառավարության մոտի հավաքված քաղաքացիները հնարավոր է հարձակվեն նաեւ խորհրդարանի վրա: Միրզոյանի հետ թեժ կռվի է բռնվել նաեւ Մխիթար Հայրապետյանը, որի հետ Միրզոյանը սենյակում միայնակ է մնացել թեժ վեճը շարունակելու համար:

Իսկ արդեն պատգամավոր Ռուբեն Ոուբինյանը իր վարորդին է կանչել սեփական ավտոմեքենայով, քանի որ մտավախություն է ունեցել, որ հնարավոր է իրենց վրա ևս հարձակվեն, Անդրանիկ Քոչարյանը արագ դուրս է եկել ԱԺ-ից ու ոտքով հեռացել։ Զեյնալյանն ու Հովհաննիսյանն էլ միասին են գնացել: Արարատ Միրզոյանի ավտոշարասյունը, երբ կառավարական կեցավայրին է մոտեցել, քաղաքացիները շրջափակել են ավտոմեքենան ու դաժանաբար ծեծի ենթարկել:

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, Միրզոյանի հետ իր երեխաներից որևէ մեկը չի եղել, ի սկզբանե սխալ տեղեկություններ են տարածվել: Միրզոյանը միայնակ է եղել՝ խորհրդարանից տուն վերադառնալու ճանապարհին:

Այս իրավիճակում երկու բնական ու տրամաբանական հարց է առաջանում. ինչու Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովհաննիսյանը, որը եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգությունում, նախապես չի ճշտել ԱԺ նախագահի երթուղու անվտանգույթան հարցը, ինչու է վտանգել ԱԺ նախագահի կյանքը։

Նշենք, որ ՀՀ պետական պահպանության ծառայության մասին օրենքի համաձայն՝

1) պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և տրանսպորտային սպասարկման իրականացում, ինչպես նաև նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության տրամադրում.

2) օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում.

3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում հասարակական կարգի պահպանություն և պահպանական միջոցառումների իրականացում.

4) պահպանվող օբյեկտներում՝ սահմանված անցագրային ռեժիմի և կարգի ապահովում։

Իսկ Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ։

1) Հայաստանի Հանրապետության նախագահին.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին։

Ինչու մինչև այժմ քրեական գործ հարուցված չէ այս առիթով, որպեսզի պարզեն՝ ով, ինչու, ինչ դրդմամբ կամ ում օժանդակությամբ ԱԺ նախագահին տարավ և մտցրեց բարկացած մարդկանց մեջ՝ չկանխատեսելով կամ կանխատեսելով ռիսկերը։ Ու արդյունքում ԱԺ նախագահը 1 ժամից ավել ծեծի ենթարկվեց ու լուրջ վնասվածքներ ունի։

Մենք դեռեւս դեկտեմբերի 8-ին հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն պարզելու համար, թե

1. Ծառայողական քննություն սկսվել է՝ ինչու նոյեմբերի 9-ին հնարավոր չի եղել ապահովել կառավարության եւ խորհրդարանի շենքերի անվտանգությունը:

2.Ինչու համապատասխան քանակի անվտանգության աշխատակիցներ չկային շենքերում:

3. Ինչու նախազգուշական միջոցառումներ չեն կիրառվել՝ իրավիճակը կանխելու համար:

Մինչ օրս այս հարցերի պատասխանները չենք ստացել. թեև անցել է 6 աշխատանքային օր և ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պետք է պատասխանեին մեր հարցերին:

Հավելենք միայն, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ «Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել են թվով 6 քաղաքացի։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են»:

Հիշեցնենք, որ այդ ծեծից հետո Արարատ Միրզոյանը երեք վիրահատության է ենթարկվել՝ ձեռքի, քթի եւ աչքի ու թեև սկսել է աշխատանքի հաճախել, այնուամենայնիվ, մինչեւ այսօր դեռեւս ապաքինվում է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս