2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ի սահմաններից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել են կառամատույցի երկու կողմերում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել է, և բազմաթիվ ուղևորներ չեն կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից:
Նույն օրը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ զննության է ենթարկվել լրատվամիջոցներից մեկում տեղադրված՝ մետրոպոլիտենի վերոնշյալ կայարանում իրականացրած ակցիայի տեսաձայնագրությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդունքում պարզվել է Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային կայարանում» ակցիա իրականացրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1972, 1998 և 1979թթ.: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: