ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձեով՝ 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած այս միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ամենամսյա դրամական օգնության տրամադրումը կիրականացվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները։

 

«Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, մինչեւ նրանք կդառնան շահառու՝ համաձայն գործող օրենքի։ Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից այս պահին 500 մլն դրամի չափով։ Այնուհետեւ՝ հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո, կատարված չափով նույնպես կփոխհատուցվի բյուջեից»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր օրենսդրության համաձայն՝ նաեւ անհետ կորած զինծառայողներն են համարվում հիմնադրամի շահառու: Բայց օրենսդրությունը բավականին երկար ընթացակարգեր է նախատեսել, որպեսզի այդ կարգավիճակը ստանան զինծառայողները: Դրա համար նախ մենք օրենսդրության մեջ փոփոխություն ենք մտցնում եւ կրճատում ենք այդ ժամկետը։ Այդ կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով։ Մինչեւ հիմա օրենսդրությամբ նախատեսված էր, որ դա պետք է տեղի ունենա մեկ եւ ավելի տարվա ընթացքում: Մենք ժամկետները կրճատելու ենք, որպեսզի այն ավելի արագ տեղի ունենա: Բայց ժամկետներն ինչքան էլ կրճատենք, այնուամենայնիվ, մի քանի ամիս այդ պրոցեսները տեւելու են: Ըստ այդմ,  որոշում ենք կայացրել բյուջեից գումար փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որպեսզի այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող կամ նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300.000 դրամ աջակցություն տրվի, մինչեւ իրենց կարգավիճակը կհստակեցվի: Եթե այս պրոցեսի արդյունքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, այսինքն՝ պիտի ստանան օրենքով սահմանված աջակցությունը, բյուջեից վճարված գումարը կհաշվանցվի: Այսինքն՝ կնվազեցվի այդ գումարից, որն ի սկզբանե պետք է ստանային: Եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում դա ուղղակի կլինի որպես աջակցություն: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում ներառվում են նաեւ գերեվարված անձանց ընտանիքները. այս որոշման իմաստով մենք որոշեցինք, որպեսզի նրանք նույնպես այս հնարավորությունից օգտվեն դարձյալ նույն սկզբունքներով»:

Սոցիալական աջակցություն կտրամադրվի  պատերազմի հետեւանքով բնակելի անշարժ գույքն ավերածությունների հետեւանքով կորցրած քաղաքացիներին:

Կառավարությունը հաստատել է «Արցախի Հանրապետությունում հաշվառված եւ հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը: Մասնավորապես, նախատեսվում է Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված եւ առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին վճարել 250 000-ական դրամ, եթե նրանց հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։ Անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է միջոցառման շահառու։

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հայաստանի կառավարությունը հաստատել է  Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ համաձայն հավելվածի: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ ցամաքային տարածքի ծածկույթը երկրի մակերեւույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է եւ դասակարգվում է մշակովի հողերի, մարգագետինների, ծառածածկ, թփուտապատ, ջրածածկ, բուսականությունից զուրկ տարածքների:

 

Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն: Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփում եւ վերլուծում է Հայաստանի Հանրապետության մարզպետների եւ Երեւանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, կազմում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը եւ հողերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո՝ ոչ ուշ, քան մինչեւ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 30-ը, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների (տենդենցների) վերլուծությունը անհրաժեշտ է բացահայտելու համայնքի, մարզի եւ հանրապետության մակարդակով հողերի վրա բնական եւ մարդածին ազդեցությունների հետեւանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը: Այն թույլ կտա հողերի վերականգնման/դեգրադացիայի առումով պարզել դրական եւ բացասական միտումները համայնքներում/մարզերում, բացահայտել թեժ կետերը՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Հաշվի առնելով, որ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է առաջին անգամ, եւ տվյալները հանդիսանում են ելակետային, վերլուծական աշխատանքներ չեն իրականացվել: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ օգտագործելու հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի վերաբերյալ հաստատված տվյալները՝ հողերի արդյունավետ կառավարման, հողերի պահպանության, հողօգտագործման նպատակային ծրագրերի իրականացման համար:

Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների վերլուծությունը հնարավորություն կտա բացահայտել համայնքի, մարզի եւ հանրապետության մակարդակներով հողերի վրա բնական եւ մարդածին ազդեցությունների հետեւանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը՝ ապահովելու հողային ռեսուրսների կայուն օգտագործումը:

 

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր «Զանգվածային լրատվամիջոցները ցեղասպանության կանխարգելման գործում. թվային դարաշրջանի խոստումը եւ վտանգները» խորագրով առցանց քննարկում՝ նվիրված մամուլի դերին զանգվածային ոճրագործությունների ռիսկերի բացահայտման եւ ցեղասպանության կանխարգելման գործում. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Առցանց հանդիպմանը ներկա էին ՄԱԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, ինչպես նաեւ ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառման մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը կանխարգելելու ինքնության հողի վրա հանցանքները։

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Թուրքիայի եւ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ու վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիային Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ակնհայտ ցեղասպանային նկրտումներով։ Կարեւորելով մարդու իրավունքների կրթության, հանդուրժողականության եւ խաղաղ գոյակցության մշակույթը՝ ԱԳ նախարարը նշեց մամուլի աճող նշանակությունը մարդկության նկատմամբ հանցագործությունների կանխարգելման գործում։

Ելույթներով հանդես  են եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն, Գլոբալ հաղորդակցությունների հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը, Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտության ինստիտուտի խաղաղաշինության եւ իրավունքների ծրագրի տնօրեն Դեւիդ Ֆիլիպսը, Հոլոքոստի, մարդու իրավունքների եւ ցեղասպանության կրթության կենտրոն, Շոայի ինստիտուտի գործադիր տնօրեն Սառա Բրաունը, «The Promise» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր Թերի Ջորջը, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր, գրող Պիտեր Բալաքյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սայմոն Ադամսը եւ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Անրի Տերիոն։ Միջոցառման մասնակիցները քննարկեցին ավանդական ու ժամանակակից մամուլի ներգործությունը հանրային կարծիքի վրա՝ ընդգծելով մամուլի ազատության առանցքային դերը վաղ զգուշացման եւ ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում։

 

 

 




Լրահոս