ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ծնվել եմ 1965թ. դեկտեմբերի 26-ին Երեւանում, այժմ վարձով ապրում եմ Նոր Արեշում: Հարազատներ չունեմ, բնակվում եմ 12 եւ 14 տարեկան որդիներիս հետ: Արդեն 9 ամիս է` «Փարոս»-ից չեմ օգտվում: Մի քանի ամիս առաջ դիմումներ եմ գրել ՀՀ նախագահին, Երեւանի քաղաքապետին, ներկայացրել եմ իմ ծանր վիճակը, բայց ապարդյուն: Խնդրում եմ հնարավորության սահմաններում ինձ օգնեք, որ կարողանամ գոնե որպես անապահով ընտանիք նպաստ ստանալ:Սիլվա Գոգոյան, 46 տարեկան, գործազուրկՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքի Նոր Արեշ 36 փողոցի 21 տան բնակչուհի Սիլվա Գոգոյանի դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի` ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի եւ այլ պայմանների մասին հավաստի եւ ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր: Նշված փաստաթղթերը Ս.Գոգոյանը ներկայացրել է ս/թ. հունիս ամսին, սակայն սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժինը նրա ընտանիքին ընտանեկան նպաստ չի նշանակել, քանի որ ուսումնասիրությունից պարզվել է, որ Ս.Գոգոյանը չի բնակվում Նոր Արեշ 36 փողոցի 21 տանը:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ երեւույթին, ամբողջ խնդիրը բնակարանը վարձակալությամբ զբաղեցնելու մեջ է: Հարցից երեւում է, որ քաղաքացին հազիվ թե սխալ տվյալներ տրամադրած լինի մեր խմբագրությանը, քանի որ ամեն կերպ ձգտում է օգտվել նպաստ ստանալու հնարավորությունից: Հավանաբար Սիլվա Գոգոյանը նախ պետք է բնակարանի տիրոջ հետ վարձակալության պայմանագիր կնքի, որից հետո հնարավոր կդառնա կոնկրետ բնակության վայրի մասին տեղեկանք ներկայացնել համապատասխան ծառայությանը:




Լրահոս