Գաղտնիք չէ, որ Ամանորի գիշերը երգիչներն ու երգչուհիները այս կամ այն ժամանցի վայրում մարդկանց լավ տրամադրություն պարգեւելուց զատ նաեւ գումար են աշխատում: Սակայն այս տարի, երկրում պատերազմական եւ համաճարակային իրավիճակից ելնելով, շատերը որոշել են Ամանորը չնշել կամ նշել առանց երաժշտության եւ ուրախ տրամադրության՝ որպես հարգանքի տուրք պատերազմում նահատակված մեր տղաների եւ անհետ կորածների հիշատակի:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է շոուբիզնեսի ներկայացուցիչներից պարզել, թե ինչպես են դիմավորելու Ամանորը, արդյոք մասնակցություն ունենալու են տոնական խնջույքների, նաեւ հետաքրքրվեցինք՝ նման հրավերներ ստացել են, թե ոչ:
Երգիչ Ռուբեն Սասունցին մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի ամանորյա խնջույքների չի մասնակցելու. «Ինձ թվում է՝ այս տարի ամանորյա տոնախմբություններ, միջոցառումներ չեն լինի, եթե լինեն էլ, ապա ինչպե՞ս կարող ես գնալ եւ մասնակցել. այդքա՜ն գերիներ, այդքա՜ն զոհեր անհետ կորածներ: Հոգեպես էլ պատրաստ չեմ գնալ մասնակցելու նման միջոցառումների»:
Երգչուհի Լայաննան եւս չի մասնակցելու ամանորյա տոնախմբությունների, անգամ տանը չեն նշելու:
«Անկեղծ ասած, դեռ ոչ մի տեղի հրավեր չունեմ այս պահի դրությամբ: Ճիշտն ասած, մտքովս էլ չի անցնում, որ կլինեն հրավերներ: Կարծում եմ՝ ինչքան էլ որ անհրաժեշտ է մեզ ֆինանսական առումով այդ օրը երգելը, բայց կարծում եմ, որ տոնախմբություններ, խանդավառություններ չպետք է լինեն»,- նշեց Լայաննան:
Իսկ Աղասի Իսպիրյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ երբեք էլ Ամանորի գիշերը գումար չի աշխատել, եւ այս տարի էլ բացառություն չի լինելու, իսկ զինվորների հիշատակն էլ հարգել է պետք:
«Իմ 12 տարվա փորձից ելնելով՝ ասեմ, որ Նոր տարիները Հայաստանում գումար աշխատելու միջոց չեն եղել: Մեր ժողովուրդն ավելի շատ նախընտրում է՝ ազգային երգերը լսի եւ ընտանիքի հետ ուրախանա, քան ինչ-որ մեծ խնջույքի ժամանակ: Ես երբեք էլ Նոր տարվան գումար չեմ աշխատել, տանն եմ եղել ընտանիքիս հետ միասին»,- ասաց Աղասի Իսպիրյանը:
Սոնա Շահգելդյանը նշեց, թե, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ամանորի գիշերը կազմակերպվող խնջույքներրին:
«Պլանավորված ոչ մի միջոցառում դեռ չկա, ես ինքս էլ չեմ պատրաստվում երգել Ամանորի գիշերը, որովհետեւ մեր երկրում այնպիսի բան է տեղի ունեցել, որ չեմ կարող երգել: Կապ չունի, թե ով կերգի, թե ով չի երգի, ես միայն կարող եմ իմ տեղը պատասխանել, որ ոչ մի միջոցառման չեմ երգելու: Անկեղծ ասած, դեռ ես էլ չգիտեմ, դեռ ոչ մի բան չեմ որոշել, պետք է մտածեմ, դա միայն իմ հարցը չէ»,-ընդգծեց երգչունին:
Այսպիսով, նկատենք, որ թեեւ երգիչները եւ երգչուհիները պնդում են, որ մասնակցություն չեն ունենալու Ամանորի գիշերվա խնջույքներին, սակայն արձանագրենք, որ այս պահի դրությամբ արդեն հյուրանոցներում գրեթե բոլոր տեղերն ամրագրված են:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԴԵՐԱՍԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԵՐԸ
Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը, հայտարարություն է արել Եվգենի Պետրոսյանի աղմկահարույց խոսքերից հետո՝ իր հայտնի խորթ հոր տանջալի մահվան մասին։ Այս մասին գրում է «հՏոպրպՊվՌՍ»-ը։ Դերասանի ժառանգորդի խոսքով՝ ինքը Պետրոսյանի կողմից նման հայտարարություններ չէր սպասում, եւ ընդգծել է, որ նա «գերազանցել է ինքն իրեն»: Նա նշել է, որ երգիծաբանը երբեք մտերիմ չի եղել իր հոր հետ։ Ավելին, վերջին 15 տարիների ընթացքում նրանք չեն հանդիպել։
«Նման բացահայտ զառանցանք, որն ակնհայտորեն հուշվել է կողքից, Պետրոսյանի շուրթերից դեռ չէի լսել։ Նա գերազանցել է կասկածելի բովանդակության իր բազմամյա կատակները։
Պարզ է, թե ում խոսքերից է Պետրոսյանը «հումոր» հավաքել», – ասել է Ստեփանը՝ ակնարկելով արտիստի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային։ «Միայն շատ անպատասխանատու եւ հիմար մարդը կարող է իրեն թույլ տալ նման բարձրագոչ հրապարակային հայտարարություններ անել ուրիշի խոսքերից։ Հայրս գտնվում էր լավագույն բժիշկների հսկողության տակ, բուժվում էր Մոսկվայի լավագույն կլինիկաներում։ Բացի մայրիկից, նրա կողքին էր օգնականը՝ դայակը։ Այդ մասին բոլորը շատ լավ գիտեն։ Բայց, չգիտես ինչու, որոշ անհատներ իրենց հարձակումներ են թույլ տալիս»։
Հումորիստի խոսքերը հերքել է նաեւ Ռուսաստանի ժողովրդական արտիստի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
«Ես չգիտեմ, թե ինչու են մարդիկ նման բաներ ասում։ Իհարկե, դա ճիշտ չէ։ Ես հարգանքով եմ վերաբերում Եվգենի Վահանովիչին, բայց նրանք, անկեղծ ասած, չեն շփվել։ Ես երբեք չեմ տեսել եւ չեմ լսել, որ նրանք շփվեն, այդ պատճառով չեմ կարծում, որ նա տեղյակ է», – Սողոմոնյանի խոսքը մեջբերում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՀԵՌԱՆԱԼ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին» 5։1 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է, որ մտադրություն չունի հեռանալ Փարիզից։ ՊՍԺ-ն դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ «Ես իսկապես երջանիկ եմ ՊՍԺ-ում, հավանում եմ Փարիզը եւ հեռանալու մասին չեմ մտածել։ Պետք է ամեն ինչ քննարկել, կազմակերպել բանակցություններ։ Ես լավ հարաբերություններ ունեմ ՊՍԺ-ի ղեկավարության հետ։ Տեսնենք՝ ինչ տեղի կունենա ապագայում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։ Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականի ամռանն է «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել ՊՍԺ։