Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ադրբեջանում հայ ռազմագերիների առկայության, նրանք լուծման խնդիրների, ինչպես նաեւ Հայաստանի անելիքների մասին: Սահակյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մոտ 57 դիմում արդեն ունեն հայ ռազմագերիներ վերաբերյալ, որոնք ներկայացրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
-Ի՞նչ իրավիճակ ունենք ռազմագերի հետ կապված: Արդյոք դիմում ներկայացվե՞լ է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ի՞նչ ունենք, ի՞նչ իրավիճակ է: Մի փոքր կմանրամասնե՞ք:
-Խնդիրը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, մենք անընդհատ, ընտանիքի անդամների հետ հադիպելով, այլ տեղեկատվություն լրացնելո,վ փորձում ենք հասկանալ, հաստատել կամ հերքել հնարավոր գերեվարման դրվագները եւ հավանական գործերով նաեւ իրավական ընթացքացակարգեր ենք իրականացնում: Թիվը փոփոխական է. այս պահին ունենք 57 անձի վերաբերյալ գործեր, բոլոր գործերով անհապաղ միջոցները բավարարված են: Ճնշող մեծամասնությունը ռազմագերիներ են, բայց կան նաեւ քաղաքացիական անձինք, ընդ որում՝ քաղաքացիական անձինք, որոնք վերադարձվել են: Սա իրավական գործընթացի մասով: Որոշակի աշխատանքներ իրականացվում են, նաեւ ռուս խաղաղապահներն են ներգրավված խնդրում, առնվազն վերջին փոխանակումը հնարավոր եղավ վերջիններիս ջանքերի շնորհիվ: Այս պահին սա է:
-Տիկի՛ն Սահակյան, կարելի՞ է արձանագրել, որ այն քանակը, որը ներկայացրեցիք ռազմագերիների հետ կապված, Դուք եք ամբողջությամբ այդ փաստերը հավաքել, թե՞ եղել են դեպքեր, երբ դիմել են Ձեզ հարազատները, ու Դուք դիմել եք համապատասխան կառույցներ: Ձեզ դիմումներ ներկայացվո՞ւմ են հարազատների կողմից այս ժամանակահատվածում:
-Այո, մեծամասամբ հենց հարազատներն են մեզ գտնում, իրենք են մոտենում, տրամադրում իրենց կողմից հավաքագրված տեղեկատվությունները, առանձին դեպքերում նաեւ հանդիպում ենք կամ զրուցում ենք ծառայակիցների, ականատեսների հետ: Տրամադրում ենք նաեւ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունները եւ փորձում ենք վերականգնել ամբողջական պատկերը: Բայց, բնականաբար, գործընթացի իրականացման առումով նախաձեռնությունը մեծամասամբ հենց ընտանիքի անդամներինն է: Եվ իրենց տեղեկատվությունները մեզ համար արժեքավոր են հետագա աշխատանքներն իրականացնելու համար:
-Դուք ունե՞ք տվյալներ՝ առաջիկայում ռազմագերիների փոխանակման հետ կապված: Նման տվյալների տիրապետո՞ւմ եք, թե՞ դրանք արդեն Եվրոպական դատարանը պետք է որոշի:
-Նշեմ, որ ռազմագերիների վերադարձի հարցը միջպետական խնդիր է, եւ որեւէ հասարակական կառույց կամ կազմակերպություն կողմ չի կարող լինել: Դա միջպետական մակարդակում փոխանակվող տեղեկատվություն է, թե որ օրը պետք է փոխանակվեն գերիները: Այլ հարց է, թե որ մասնավոր անձինք, կազմակեպությունները կարող են աջակցել պետությանը, որպեսզի պետությունը տեղեկատվություն ունենա իր իսկ ռազմագերիների եւ գերիների մասին: Այս տեսանկյունից մենք աջակցել ենք, որովհետեւ մեր կողմից կան դեպքեր, որ այդ գործերը պատրաստած չլինեինք, միջազգային ատյաններին ներկայացրած չլինեինք, գերեվարման հանգամանքները անհայտ կմնային՝ դրանից բխող կամայական, իրավական հետեւանքներով: Մեր խնդիրն այս փուլում երկուսն են՝ նախ հնարավորինս արագ նույնականացնել եւ ի հայտ բերել այն գերեվարված անձանց, ում մասին տեղեկությունները անհայտ են, այսինքն՝ հաստատված չէ գերեվարման հանգամանքը: Եվ երկրորդը՝ ողջ մնացած գերիներին, միջազգային ատյանների հսկողության տակ վերցնելով, բացառել կամայականություններն ու ապահովել ֆիզիկական անձեռնմխելիությունը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱԺ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
Խորհրդարանական ընդդիմությունը իշխանությունից չի ստացել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու հրավեր։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը ներկայումս չունի բավարար լեգիտիմություն արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար: «Այն կառավարությունը, որն ասոցացվում է բացառապես պարտության, հող հանձնելու, կապիտուլյացիայի հետ, որը չունի հանրային վստահություն, վստահաբար չի կարող կազմակերպել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունները, չի բացառվում, որ ամեն կերպ գնան այդ քայլին՝ փորձելով պահպանել իրենց իշխանությունը, փորձելով ադմինիստրատիվ լծակների կիրառմամբ հասնել հաղթանակի եւ պահպանել իրենց իշխանությունը», – նշեց Տոնոյանը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ձեւավորած «Հայրենիքի փրկության շարժման» անդամ ԲՀԿ-ն ասում է՝ իրենց օրակարգում այս պահին վարչապետի հրաժարականի հարցն է, որից հետո նոր՝ անցումային կառավարության վարչապետի կազմակերպած արտահերթ ընտրությունները։ Իսկ ինչպե՞ս է չափվում ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի լեգիտիմությունը. այս հարցը ԲՀԿ-ական պատգմավորները անպատասխան թողեցին: «Մենք ունենք, իհարկե, մեր վերլուծությունները, բայց թույլ տվեք՝ առայժմ չարտահայտենք», – ասաց Արման Աբովյանը:
17 կուսակցություններին չմիացած «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ Վերջինս ասում է՝ իրենք կարող են կազմակերպել եւ երաշխավորել արտահերթ ընտրությունների թափանցիկությունը։ Պատգամավորի կանխատեսումներով՝ վեց ամսվա ընթացքում Փաշինյանը հրաժարական կտա: «Իրականացնել ալտերնատիվ ընդդիմադիր գործունեություն, ցույց տալ այլընտրանք, ցույց տալ հնարավորություններ, որ կան, եւ դրանք պետք է օգտագործվեն: Եթե հարց է առաջանում՝ բա ո՞վ կարա արդար կազմակերպի, ո՞ւմ եք դուք վստահում, մենք մեզ ենք վստահում: Ոչ թե չենք վստահում ինչ-որ մեկին, այլ առաջինը մենք մեզ ենք վստահում», – նշեց Մարուքյանը: Իշխանությունը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ժամկետների հարցը քննարկման թեմա է։ Այս գործընթացներից անկախ՝ իշխանությունները նախաձեռնել էին Ընտրական օրենսգրքի փոփոխություններ։ Ըստ ավելի վաղ սահմանված օրակարգի՝ մեկ ամսվա ընթացքում կլինի նախագիծը, որից հետո՝ հաջորդ տարեսկզբին, նախատեսվում է դրա քննարկումը եւ ընդունումը։
ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառմամբ կոշտ արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին Բաքվի շքերթի ժամանակ ունեցած ելույթում արված հայտարարությանը։ «Էրդողանին չեն հաղորդել՝ բանաստեղծությունը, որը նա ընթերցեց Բաքվում, Արաքսի հյուսիսում Իրանի տարածքների բռնազավթման մասին է։ Մի՞թե նա չի հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող այդպես խոսել, ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Իրանի Ադրբեջան (Ատրպատական) նահանգը։ Նշենք, որ Բաքվի շքերթի ժամանակ ելույթ ունենալիս Էրդողանն ընթերցել էր ադրբեջանցի գրող Բահթիյար Վահաբզադեի բանաստեղծությունը, որում նշվում է, թե Ադրբեջանի՝ Արաքսից հարավ ընկած տարածքները գրավված են։ Փաստացի, էրդողանը տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանին։
ԿԸՆԴՈՒՆԵՆ
Գագաթնաժողովին ԵԱՏՄ երկրների ղեկավարները կընդունեն մինչեւ 2025 թվականի ռազմավարությունն ինտեգրման մասին, կարող է նաեւ որոշում կայացվել Ուզբեկստանին եւ Կուբային դիտորդի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը դեկտեմբերի 11-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` տեսանյութի ձեւաչափով նախատեսված նիստին: «Ընդարձակ օրակարգ, բազմաթիվ փաստաթղթեր: Իհարկե, համավարակը թողնում է իր հետքը, քննարկման մեծ մասը նվիրված է լինելու հատկապես համավարակի դեմ պայքարի համատեղ գործողությունների իրականացման ծրագրին, որը հանձնաժողովի շրջանակներում հաստատվել էր դեռ ամռանը: Թերեւս հիմնական փաստաթուղթը, որն օրակարգում կհաստատվի այս գագաթնաժողովի մասնակիցների կողմից, կլինի մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին փաստաթուղթը»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
ԿՄԵԿՆԻ ԲՐՅՈՒՍԵԼ
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Պատվիրակության կազմում են արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը: