Եվրոպայում թուրքական արտադրության 140 հազար լիտր ախտահանիչ է առգրավվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (OLAF) հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբից ամբողջ Եվրոպայում առգրավվել է թուրքական արտադրության մոտ 140 հազար լիտր ձեռքի ախտահանիչ, որը առողջության համար վտանգ է ներկայացնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, թուրքական ընկերության արտադրած ձեռքի մաքրման միջոցում մեթանոլի վտանգավոր քանակ է հայտնաբերվել, իսկ մեթանոլը կարող է գլխացավեր, տեսողության պղտորություն և նույնիսկ կուրություն առաջացնել:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ԵՄ-ում տեղակայված տարբեր ընկերություններ պատվիրել են ձեռքի մաքրող միջոցներ թուրքական արտադրողից, որը գործում է տարբեր անվանումներով:

Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի գլխավոր տնօրեն Վիլ Իտալան հայտարարել է, որ համաճարակի սկզբից իրենք ակտիվորեն պայքարում են Covid-19- ի հետ կապված անօրինական նյութերի դեմ և նշել է, որ առգրավվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են կեղծված ապրանքներն ու դիմակները, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին, կորոնավիրուսի արագ թեստեր, ձեռքի ախտահանիչ:

«Այս ապրանքները պետք է պաշտպանեն մարդկանց, այլ ոչ թե վնաս պատճառեն: Մինչ այժմ գրասենյակի հետաքննությունների արդյունքում հայտնաբերվել է 900 ընկերություն, և ցուցակը երկարանում է», – ասել է Իտալան:




Լրահոս