Ինչպես եւ վերջերս անցած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական նիստին, երեկ՝ կազմակերպության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի համար միության շրջանակներում առաջնահերթ հարցերին՝ գազի ընդհանուր շուկայի ստեղծմանն ու ԵԱՏՄ երկրներ համավարակի պատճառով ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքին։
Երեկ, սակայն, Փաշինյանը խոսեց նաեւ այն մասին, որ միության անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը մի շարք խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի համար։ «ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ Հայաստանի համար չափազանց կարեւոր են: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը», – հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նշենք՝ սա առաջին անգամը չէ, որ Փաշինյանը բարձրացնում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի հարցը. նախկինում Հայաստանն ու Բելառուսը միասին էին այս հարցը բարձրաձայնում, բայց ընդհանուր էներգետիկ շուկան դեռ քննարկումների փուլում է։
Էներգետիկ շուկան նշանակում է, որ, օրինակ, գազի կամ բենզինի գինը նույնը կլինի ԵԱՏՄ անդամ պետությունների եւ այն երկրների համար, ովքեր արտահանում են գազն ու նավթը, ինչպես նաեւ այն երկրների, որ ներմուծում են դրանք։ Փորձագետներն այս հարցում հոռետես են։
Իսկ ամենից շատ Եվրասիական միջկառավարական հեռավար նիստին անդամ երկրների կառավարությունների ղեկավարները խոսել են կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում արվող քայլերից։
Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սարսափեցնող է, սակայն երկրում լոքդաուն չի հայտարարվում, թեեւ առանձին քաղաքներում եւ մարզերում այն դե ֆակտո գործում է։ Մոսկվայում, օրինակ, դպրոցներն ու բուհերը արդեն մի քանի ամիս է՝ անցել են հեռավար ուսուցման, իսկ Սանկտ Պետերբուրգում փակվում են քաղաքի բոլոր սրճարանները, թանգարանները, ռեստորանները։ Դրանք չեն գործելու նաեւ Ամանորին։
Հիշեցնենք, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան այսօր արգելված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Եվ հարյուր հազարավոր հայաստանցի աշխատանքային միգրանտները չեն կարող աշխատել Ռուսաստանում, ինչը նաեւ հավելյալ խնդիրներ է առաջացնում առանց այդ էլ ճգնաժամում հայտնված Հայաստանի տնտեսության համար։
Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի տվյալները սարսափեցնող են, սակայն երկրի իշխանությունները պարբերաբար վստահեցնում են, որ լոքդաուն չեն հայտարարելու, որոշ սահմանափակումներ, այդուամենայնիվ, գործում են։ Սրա հետ մեկտեղ, այն ոլորտները, որոնցում հիմնականում ներգավված են եղել հայաստանցի աշխատանքային միգրատները, գործում են առանց լուրջ սահմանափակումների, օրինակ՝ շինարարության ոլորտը։
Փաշինյանն այսօրվա ելույթում եւս ընդգծեց, որ Հայաստանի համար առաջնային հարցերից է եվրասիական ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման հարցը։ Միությունում նման ծրագիր կա, սակայն այն միայն մշակման փուլում է, Հայաստանի ղեկավարը մինչդեռ իր բոլոր ելույթներում այս խնդրին անդրադառնում է։
Հիմնականում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը նվիրված էր համաճարակի դեմ պայքարին։ Իր խոսքում Հայաստանի վարչապետը հերթական անգամ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին այս պայքարում ցուցաբերած աջակցության համար։
Հավելենք՝ Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ ղեկավարների նիստին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ դժվարին ժամանակաշրջան ապրող Հայաստանի ղեկավարին պետք է աջակցել, եւ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր եւ նիստին ներկա նախագահների անունից աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։
«Բոլորս գիտենք, հատկապես Բելառուսում շատ լավ են հասկանում, որ Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրում։ Եվ թույլ տվեք մեր նիստի բոլոր մասնակիցների անունից հաջողություն մաղթել այս դժվարին պայքարում: Մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այս վիճակից, որի պատճառը եւ՛ միջազգային ասպարեզում, եւ՛ մեր պետությունների ներսում առկա խնդիրներն են», – հայտարարեց Լուկաշենկոն։
Ն. Հ.
ԱՅՑԵԼԵԼ Է ԱԺ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության եւ բռնության կոչերն ու գործողությունները: Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին:
ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ 2021 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, եւ որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն: Ըստ հրամանագրի` 2021 թվականի հունվար ամսում՝ օրենքով սահմանված ժամկետում, կզորացրվեն պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
ՆՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ՝ ՄԻՊ-ԻՑ
Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Կարեւոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաեւ այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն: Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում: Այդ ապացույցներին կից ուղակվում է նաեւ իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաեւ կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ: Բոլոր նյութերը կուղարկվեն նաեւ ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկյացուցիչներին, այլ երկրներում ՀՀ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին»:
ՄԱԿՐՈՆԸ ՎՆԱՍՈ՞ՒՄ Է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշումը խափանել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ծրագրերը: «Թերեւս Ֆրանսիան այս դրությամբ ձեռնարկած գործողություններով դադարեցման կհասցնի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Բացառություն կարվի սոսկ մի քանի համաձայնությունների համար: Դա քաղաքական փորձի պակասի հետեւանք է»,- ասել է Էրդողանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձեւերին՝ Էրդողանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս: Էրդողանի պնդմամբ՝ Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահող պետության ղեկավար, իր դիրքորոշումներով «չի նպաստում խաղաղության կարգավորմանը»: Էրդողանն ասել է, որ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը նոր էջ է բացում Կովկասում, եւ տարածաշրջանի պատմությունը նոր ուղղությամբ կընթանա»: «Եթե Հայաստանը միանա այս գործընթացին եւ դրական քայլեր կատարի, թուրք-հայկական հարաբերություններում նոր փուլ կբացվի»,- ասել է Էրդողանը:
ԿԱՆՉԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Թուրքիայի դեսպանին` Բաքվում Թուրքիայի Հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: «Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ տարածքային պահանջների եւ ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ է, ինչ անցյալում է»,- մեջբերում է նրան նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ Խաթիբզադեի` «ընդգծվել է, որ Իրանը ոչ ոքի թույլ չի տա ոտնահարել իր տարածքային ամբողջականությունը»: Հինգշաբթի Էրդողանը, ելույթ ունենալով Բաքվում Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսին, տողեր էր արտասանել էր Արաքս գետը հիշատակող բանաստեղծությունից: Խոսքն այն մասին էր, որ գետը երկրների միջեւ «բաժանվել էր ուժով»:
Արաքս գետը բնական սահման է Ադրբեջանի եւ հիմնականում երկու թյուրքական իրանական Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջան նահանգների միջեւ: Այս համատեքստում Էրդողանի խոսքերն Իրանում շատերը որպես պանթուրքիզմի գաղափարների հռչակում են ընկալել, որոնք սպառնում են իսլամական հանրապետության տարածքային ամբողջականությանը: