Չեզոք մարդ են «փնտրում»․ ո՞վ կլինի ՀՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝  հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, սահմանների հստակեցմանը, գերիների վերադարձին և ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցերի շրջանակ։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ որոշում են կայացրել հանդիպմանը ու որն է լինելու իրենց հետագա անելիքները:

-Պարո՛ն Սահակյան, ընդդիմության կարծիքով, եթե կուսակցությունների առաջնորդները հանդիպում են ունենում իշխանության ներկայացուցիչների հետ, դա նշանակում է, որ կիսում է նրանց դիրքորոշում ու կարծում են, որ չպետք է հրաժարական ներկայացնի, արդյո՞ք դա այդպես է ու Ձեր օրակարգում չկա ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ:

-Մենք դիրքորոշում ենք ներկայացրել, ինչպես կարող են նման բան հայտարարել: Մենք նշել ենք վարչապետը պետք է հեռանա, ինչ-որ չեզոք մարդ գա, որը ի վերջո երկրում կայունություն կհաստատի ու կտանի արտահերթ ընտրությունների: Ինչ է նշանակում եթե հանդիպել ես իշխանության ներկայացուցչի հետ, ուրեմն կողմ ես, քաղաքականությունը ճիշտ չի ներկայացվում, դա ինչ ասելու բան է, դա այպես չէ:

-Այսինքն այն պահանջը, որը ներկայացնում է ընդդիմությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, դա նաեւ Ձեր դիրքրոշո՞ւմն է ու պահա՞նջը:

-Հրաժարական ներկայացնելը դա միակ լուծումը չի, այնտեղ կա անվստահություն հայտնելու հարց, հետագայում կարող է ԱԺ-ն հետ կանչել այդ մարդուն:

-17 ընդդիմադիր կուսակցությունները առաջարկում են ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, Ձեր կուսակցությունը կողմնակից է, որպեսզի ժամանակավոր ՀՀ-ն կառավարի Մանուկյանը: Կո՞ղմ եք:

-Ոչ, երբ որ մենք ասում ենք չեզոք, ի նկատի ունենք, որ ոչ մի կողմի ներկայացուցիչ չլինի:

-Իսկ Ձեր կուսակցությունն ունի՞ վարչապետի իր թեկնածուն, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի:

-Մեր ունեցածը քիչ է, պետք է Ազգային Ժողովը ընտրի, մենք չափորոշիչներ ենք դնում: Մենք քաղաքական կուսակցություն ենք, բնական է, որ մեր թեկնածուն, մեր կուսակցությունից կարող է լինել, բայց մենք չափորոշիչներ ենք դրել, թող իրենք ընտրեն: Պետք է լինի չեզոք մարդ, որ ոչ նրանց կներկայացնի, եւ ոչ էլ նրանց:

-Այս պահին խորհրդարանականները առաջարկել են երկու թեկնածու՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը իրենց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության համար նախընտրելի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այս երկու թեկնածուների հետ կապված, ո՞ւմ եք պատկերացնում ՀՀ վարչապետ:

-Այս պահին որեւէ թեկնածություն առաջադրված չի, ոչ Վազգեն Մանուկյանի, եւ ոչ էլ Էդմոն Մարուքյանի: Մենք ներկայացրել ենք մեր դիրքորշումը: Մենք ասում ենք պետք է լինի չեզոք մարդ ու թիմ, կամ այդ չեզոք մարդուն վստահելով, որը թիմ կձեւավորի եւ որը կձեւավորի կառավարություն, կիրականացնի ռեֆորմներ, օրենքները կանցկացնի, ընտրությունների կպատրաստվի, արդարադատական ռեֆորմ կիրականացնի եւ այլն, որպեսզի հարմար միջավայր ստեղծվի նոր ԱԺ արտահերթ ընտրությունների համար: Եւ ամենակարեւոր բանը այստեղ, որ այդ մարդը կամ այդ խումբը չեն մասնակցի ընտրություններին, որպեսզի ոչ բյուջեն ծառայեցնեն իրենց քաղաքական փիառ անելու համար, ոչ էլ պետական ծառայությունը քաղաքական նպատակներով՝ ի շահ իրենց: Էդմոն Մարուքյանն այդ առումով դժվար համաձայնի չմասնակցել ընտրություններին, դրա համար դուրս է գալիս մեր չափորոշիչների շրջանակներից:

Հ. Գ. Նշենք, որ երեկ էլ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին հետ, ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել էին Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս