Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալիռեզա Համդոլլահ Բանաֆշե Չիշեի դատավարությունը։ Նա 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Թեհրան քաղաքից ինքնաթիռով ժամանել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելով մուտք գործել Վրաստան։
Նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, ապօրինի, առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետը, Բագրատաշենի սահմանապահ ուղեկալի տեղամասում մտնելով Դեբեդ գետը՝ փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ մուտք գործել Վրաստան, սակայն բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների կողմից։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Նոյեմբերի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում քննվել է ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը։ Ամբաստանյալի պաշտպան Ս. Ոսկանյանը հայտնել է, որ իրանցին ՀՀ-ում որեւէ ծանոթ, ընկեր կամ բարեկամ չունի, նա դիմել է ՄԱԿ-ի գրասենյակ՝ խնդրելով իրեն տալ փախստականի կարգավիճակ, պատասխանել են, որ պատրաստ են հանդիպել եւ լսել նրան։ Իրանցին տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, պատրաստ է իր տվյալները տրամադրել դատարանին ու դատական նիստերին ներկայանալ ՄԱԿ-ի գրասենյակի կողմից տրամադրվելիք կեցության վայրից, ուստի խնդրել է իրեն ազատ արձակել։
Ալիռեզա Համդոլլահ Բանաֆշե Չիշեն դատարանում ներում է խնդրել աստծուց եւ դատարանից, ընդունել, որ խախտել է Հայաստանի օրենքները, հայտնել, որ մեկ տարի առաջ՝ խաղաղ ցույցի մասնակցելու ընթացքում, իր երկրի իրավապահ մարմինների կողմից ստացել է ոտքի հրազենային վիրավորում եւ ստիպված ամիսներ շարունակ թաքնվել է, հետապնդման պատճառով ցանկացել է տեղափոխվել ապահով երկիր եւ հանգիստ ապրել այնտեղ, սակայն խախտել է ՀՀ օրենքները։ Նա ասել է նաեւ, որ դիմել է ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ իրեն հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում իրեն կապահովեն կեցության վայրով, որտեղից ինքը կկարողանա ներկայանալ դատական նիստերին, խնդրել է իրեն ազատ արձակել եւ հնարավորություն տալ դատական նիստերին ներկայանալ ՄԱԿ-ի գրասենյակի կողմից իրեն տրամադրվելիք բնակության վայրից։ Դատարանը նկատի է ունեցել, որ ամբաստանյալը Իրանի քաղաքացի է, ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր, համարել է, որ դա մեծացնում է ազատության մեջ հայտնվելու դեպքում փախուստի դիմելու եւ դատաքննությունից թաքնվելու ռիսկը, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից նրան կեցության վայր տրամադրելու եւ այնտեղից դատական նիստերին մասնակցելու համար դատարան ներկայանալու վերաբերյալ փաստական տվյալներ դատարան չեն ներկայացվել։ Դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է ամբաստանյալի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչեւ դատական քննության ավարտը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
2020 թվականի նոյեմբերի 21-ին Գյումրի քաղաքի բնակիչը Հայաստանի Հանրապետության ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից` դիմակավորված երկու անձինք մտել են բնակարան, քաշքշել են 73-ամյա կնոջը, գցել գետնին, կպչուն ժապավենով կապել նրան ու այդ պահին բնակարանում գտնվող երկու հարեւանուհիներին եւ դանակի գործադրմամբ սպառնալիքներ հնչեցնելով՝ հափշտակել գումար եւ հեռացել տանից: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական ծառայությունից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած եւ վերջիններիս օժանդակած անձանց ինքնությունը: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավազակային հարձակումն իրականացվել է Գյումրի քաղաքի 37 եւ 26 տարեկան բնակիչների կողմից, որոնց օժանդակել են տարեց կնոջ վերոհիշյալ հարեւանուհիները: Իրականացված միջոցառումների արդյունքում 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակային հարձակում) 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հարեւանուհիներին մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-175-րդ (ավազակությանն օժանդակելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով. նրանք դեպքի հանգամանքների շուրջ տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած չորրորդ անձին՝ 37-ամյա տղամարդուն հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ
ՀՀ ազգային անվտանգության ծառայութան փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ: ԱԱԾ էր դիմել պարզաբանելու տեղեկությունն այն մասին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի է հայտնվել, եւ ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են: «Ապօրինի կերպով հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է, հարուցվել է քրեական գործ, ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է»,- հայտնել է Ազգային անվտանգության ծառայությունը:
ԴԻԼԻՋԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ ԵՆ
Դիլիջան քաղաքում իրականացվել է թիվ 3 եւ թիվ 6 մանկապարտեզների հիմնանորոգումը: Աշխատանքներն արվել են համաֆինանսավորմամբ՝ համայնքի 45 եւ պետական բյուջեի 55 տոկոս ֆինանսավորմամբ։ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ պետական սուբվենցիոն ծրագրով, պետական բյուջեի եւ համայնքի հավասար ֆինանսավորմամբ կատարվել են քաղաքի փողոցների հիմնանորոգման, ասֆալտապատման աշխատանքներ, 225 միլիոն դրամով արվել են Շամախյան փողոցի, 118 միլիոն դրամով՝ Հակոբջանյան փողոցի, 133 միլիոն դրամով՝ Դիլիջանի թիվ 1 փողոցի ասֆալտապատման, ճանապարհի եզրին սելավատարների կառուցման եւ այլ աշխատանքներ։ Կատարվել է նաեւ Կամարինի փողոցի հիմնանորոգումը, ընդհանուր առմամբ, շուրջ 500 միլիոն դրամի աշխատանք է իրականացվել։
ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՏՈՒՆԸ ՉԵՆ ՆՈՐՈԳՈՒՄ
Ժողովրդին է դիմել սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Գարիկ Լալայանը, ում հրետակոծված տունը չի նորոգվում։ Գարիկը 2015թ. զինվորական ծառայության ժամանակ ականանետի արկից ծանր վնասվածքներ է ստացել, զինվորական երկրորդ խմբի թոշակառու է։ Ն. Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանի վկայությամբ՝ 2020թ. հուլիսի 12-14-ը տեղի ունեցած մարտերի ժամանակ իրենց գյուղում 4 տուն է վնասվել, որից մեկի նորոգումը սկսվել, կիսատ է մնացել, մնացած 3-ի նորոգումը այդպես էլ չի սկսվել։ Գ. Լալայանը ունի անչափահաս երեխա, ծեր ծնող, ինքն էլ, հաշմանդամ լինելով, չի կարող տունը նորոգել։ Հաուբիցի արկից նրա տան մուտքի դուռը, 7 պատուհանները ավերվել են, տան պատում ճեղք է գոյացել։ Գարիկը ստիպված տան պատուհանները պատել է ցելոֆանով։ Գ. Լալայանը դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ով նրան խոստացել է, որ Լալայանի տան նորոգման հարցը կլուծվի։ Գ. Լալայանը դիմել է նաեւ ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին, ով հանձնարարական է տվել խնդիրը լուծելու։ Երկու ամիս առաջ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված Լալայանի նամակը ուղարկել են Տավուշի մարզպետարան, որտեղից գրավոր հայտնել են, թե Գ. Լալայանի տան վնասվելու վերաբերյալ չկա քննիչի եզրակացությունը։ Գ. Լալայանը հայտնեց, որ ինքն ունի քննիչի հետ իր հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որտեղ քննիչը հաստատում է, որ ինքը տվել է այդ եզրակացությունը։ Գ. Լալայանը իր տան նորոգման խնդիրը չլուծելու համար հատկապես դժգոհ է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանից եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մուշեղյանից։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ