ԱՐՑԱԽԻՑ ՀՀ ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ 50 ՔՐԳՈՐԾ Է ՔՆՆՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունից ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, ՀՀ տեղափոխելու, իրացնելու առթիվ 50 քրեական գործ է քննվում, 12 անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված եւ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք:

 

Դրանցից 50-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Բոլոր քրեական գործերը դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվել են նախաքննության փուլում, դրանցով իրականացվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները լիարժեք  պարզելու, հանցավոր արարքներում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու, ապօրինի ձեռք բերված, փոխադրված եւ իրացված այլ զենք-զինամթերքի առկայությունը ստուգելու նպատակով: Դեկտեմբերի 1-ի դրությամբ 52 դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվել է:

Նյութերի ուսումնասիրությունից հետեւում է, որ զենքերը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից եւ նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում թշնամու դեմ կիրառելու համար: Թաքցվելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում՝ զենք-զինամթերքը (հիմնականում հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ սարք հանդիսացող նռնակներ, սառը զենք հանդիսացող սվին-դանակներ) ապօրինի կերպով տեղափոխվել կամ փորձ է արվել տեղափոխել Հայաստան` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ եւ գործակցությամբ: Այդ զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել են հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում ծառայություն իրականացնող համապատասխան իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաեւ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

2020թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ քննվող նշված քրեական գործերով 12 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը (1-ի նկատմամբ կալանավորումը հետագայում վերացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից), 3-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀ դատախազությունը, դիմելով այն քաղաքացիներին, որոնք կարող են ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած լինել զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր՝ կոչ է անում դրանք ինքնակամ հանձնել ՀՀ ոստիկանություն, ինչը համապատասխան հիմքերի դեպքում, հանգեցնում է քրեական պատասխանատվությունից ազատվելուն: Քաղաքացիական նման պատասխանատու կեցվածքն էականորեն կնվազեցնի հանրապետությունում հանցածին ռիսկերը, կկանխի կամ կնվազեցնի հրազենի կիրառմամբ հնարավոր հանցագործությունների կատարումը:

Հակառակին միտված վարքագիծն արժանանալու է կոշտ իրավական գնահատականի եւ հանգեցնելու է ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխող, պահող կամ իրացնող անձանց քրեական խիստ պատասխանատվության: Հիշեցնենք, որ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաեւ հնարավոր նախապատրաստվող, բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու եւ բացահայտելու ուղղությամբ անհապաղ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հարցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ավելի վաղ գրություններ էր հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին եւ ՀՀ ոստիկանության պետին»,- հայտնել է դատախազությունը:

 

 

ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԵՍԿԶԲԻՆ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկման կդրվի հաջորդ տարեսկզբին՝ համապատասխան ընթացակարգով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Նա նախ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում արդեն տեղի ունեցել է, բայց դա վերաբերել է միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: «Երբ Ընտրական օրենսգրքի վրա աշխատող աշխատանքային խումբը ձեւավորվեց, մենք համատեղ բոլոր գործընկերների հետ ժամանակացույց ենք հաստատել: Որոշվել է, թե ինչ հերթականությամբ է արվում: Տեղական ինքնակառավարումն ավելի հրատապ էր, քանի որ ՏԻՄ ընտրություններ ավելի վաղ էին լինելու: Հաջորդիվ լինելու էին Ընտրական օրենսգրքի քննարկումները»,- ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ նման հանրային քննարկումներ այս ամառ անգամ համավարակի պայմաններում եղել են տարբեր խմբակցությունների, արտախորհրդարանական որոշ ուժերի մասնակցությամբ:

«Բնականաբար, սեպտեմբերին այդ ամենը սառեցվել է, քանի որ այլ ավելի կարեւոր առաջնահերթություններ կային, եւ հիմա մենք այդ աշխատանքների ամփոփման փուլում ենք: Փորձելու ենք ունենալ նախագիծ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, այդպես է նախատեսված մեր ժամանակացույցով: Դա արդեն կդնենք քննարկման, շրջանառության՝ համապատասխան ընթացակարգով: Տարվա սկիզբ ակնկալեք նախագիծ, դրան հաջորդող մոտ երկու ամիսների ընթացքում նախագծի քննարկում եւ ընդունում»,-ասել է պատգամավորը:

 

 

ԿՎԵՐԱԲԱՑՎԵՆ

Դեկտեմբերի 14-ից կվերաբացվեն Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները։ Քաղաքացիներին հասանելի են նաեւ քաղաքապետարանի պաշտոնական կայքի առցանց գործիքները:

 

 

ՊԵՏՔ Է ՎՃՌԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱ

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խոսում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ ծավալապաշտական նկրտումների մասին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փաստորեն, իր ագրեսիվ քաղաքականության մասին է հայտնում ամբողջ աշխարհին: Այս մասին խոսել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հատուկ ընդգծելով, որ Ադրբեջանն ի ցույց է դնում նկրտումները ճանաչված Հայաստան պետության նկատմամբ:

«Երբ պատերազմը նոր էր սկսվել, արդեն ասում էի, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն է ոչ միայն հարձակվել եւ գրավել Արցախը, ցեղասպանության մատնել Արցախի հայությանը, այլեւ թուլացնել Հայաստանի Հանրապետությանը: Ըստ էության, Էրդողանը փորձում է շարունակել ցեղասպան այն քաղաքականությունը, որը որդեգրել էին երիտթուրքերը՝ օգտագործելով Ադրբեջանը»,-ասել է Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանում կեղծ պատմագիտական քարոզչության ազդեցության է ենթարկվում ամբողջ ժողովուրդը:

Թուրքագետը պատահական չի համարում այն, որ Էրդողանն իր ելույթում հիշատակեց Էնվեր փաշային: Վերջինս հայտնի է որպես Հայոց ցեղասպանության գլխավոր նախապատրաստողներից ու կազմակերպիչներից: Դրանից բացի, նա հայտնի է նրանով, որ երիտթուրքական ղեկավարության շրջանում եղել է պանթյուրքիզմի գաղափարախոսության ամենահետեւողական կողմնակիցը: Բաքվում Էնվերի անունը հիշատակելը, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, նշանակում է, որ Էրդողանը թյուրքական աշխարհին ցույց է տալիս, որ լի է վճռականությամբ շարունակելու պանթյուրքիստական քաղաքականությունը:

Թուրքագետն ընդգծել է, որ Հայաստանը պետք է շատ վճռական հակահարված տա այդ հայտարարություններին: Հակահարված տա՝ օգտագործելով ինչպես պատմական փաստերը, այնպես էլ վերհանի Ադրբեջանի եւ Թուրքիայի այդ վտանգավոր, ագրեսիվ քաղաքականության բուն էությունը, նպատակները: Նրա խոսքով՝ շատ կարեւոր է փաստացի նյութ տրամադրել այն մասին, որ այն պատերազմը, որ Թուրքիան ու Ադրբեջանը մղեցին Արցախի դեմ, դուրս էր գալիս պատերազմական գործողությունների բոլոր կանոններից: Նրանք թույլ տվեցին բազմաթիվ հանցագործություններ մարդկության դեմ, որոնք պետք է ստանան իրենց արժանի պատիժը:

 

 




Լրահոս