Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 146317 դեպք, որոնցից 123474 -ը` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19785 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3057 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 542394 թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1077 նոր դեպք եւ 1592 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2445 (ավելացել է եւս 29-ով) դեպք: Արձանագրվել է նաեւ մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 613 է:
ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Երեկ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները իրականացրել են Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների եւ Մարտակերտ քաղաքի հարակից տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում: Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում: Պարզաբանումների եւ այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին:
ՎԵՐՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են ժամը 09:45-ի դրությամբ: ArmLur.am-ին այս մասին տեղեկացնում է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը: Նշենք, որ ավելի վաղ՝ ժամը 09:08-ին, քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը: Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում էին անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթեւեկությունը։
ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը տեւած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն՝ բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։ «Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը եւ դիմումը ուղարկեն [email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են`անձնագրի պատճեն; անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ); բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք; հասցե; հեռախոսահամար: