Հացը թանկացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեւանյան սուպերմարկետներում, խանութներում հացի գինը բարձրացել է 10 դրամով:
Բացի այս, տնտեսվարողները սպառողներին զգուշացնում են, որ այն առաջիկայում եւս 10 դրամով թանկանալու է: Բացի այս, թանկացում արձանագրվել է նաեւ հավկիթի շուկայում. ձվի մեկ հատիկը 55-60 դրամից դարձել է 70-72 դրամ: Թանկացել է նաեւ պանիրը, թռչնամիսը: Իսկ ահա ձեթի շուկայում մեր քաղաքացիները թանկացում նկատել են ավելի քան մեկ ամիս առաջ:
ArmLur.am-ը այս խնդրի շուրջ դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ Հանձնաժողովը շուկայւմ այժմ մոնիթորինգ է իրականացնում, որի արդյունքների վերաբերյալ կտեղակացնեն աշխաատանքներն ամփոփելուն պես:
Արձանագրենք, որ թանկացումների մասին քաղաքացիներն ավելի քան մեկ ամիս է, ինչ բարձրաձայնում են, բայց Հանձնաժողովը դեռ մոնիթորինգ է անում:
Փոխարենը՝ Հանձնաժողովից ArmLur.am-ին հայտնում են, որ գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չեն իրականացնում, այլ՝ վերահսկողություն են իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսեւորման երեւույթներ։
Իսկ եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՏՄՊՊՀ֊-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ Կարճ ասած՝ դեռ հայտնի չէ եւ պարզ էլ չէ, երբ հայտնի կլինի՝ արդյոք հացի, ձվի գնի բարձրացումը հիմնավորված է, թե ոչ:
Մյուս կողմից, երեկ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կանխատեսեց, որ առաջիկայում գնաճի տեմպը կարագանա. ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի այդ կերպ փորձի զսպել այն։
Ս.Հ.