«ՄԵՆՔ ԽԱՂԱՂ ՁԵՎՈՎ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՆՔ ՆԻԿՈԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ». ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ՝ հասկանալու, թե եռօրյա սուգ հայտարարելուց հետո ինչ պլաններ ունեն: 

-Ընդդիմությունը շաբաթ օրը պատրաստվում էր մեծ հանրահավաք իրականացնել, բայց վարչապետը հայտարարել է, որ հենց այդ օրվանից 3 օր սգո օրեր են լինելու: Քննարկե՞լ, հետաձգե՞լ եք հանրահավաքի օրը ու կապո՞ւմ եք  հանրահավաքի եւ սգո եռօրյան իրար հետ:

-Մենք ունենք մեկ շաբաթվա անելիքների գործունեության ծրագիր: Չեմ կարծում՝ որեւէ փոփոխություն կլինի: Դեռ կքննարկենք:

-Այսինքն՝ հնարավո՞ր է՝ որեւէ փոփոխություն տեղի չունենա:

-Այո, հնարավոր է որեւէ փոփոխություն տեղի չունենա, որովհետեւ մեզ համար ակնհայտ է՝ երեք օր սգո օր հայտարարելու Նիկոլ Փաշինյանի միակ նպատակը. եւս երեք օր փորձում է այդ ճանապարհով երկարացնել իր իշխանությունը:

-Պարո՛ն Սաղաթելյան, արդյոք համարո՞ւմ եք, որ ձեր հանրահավաքները, ցույցերը ինչ-որ ձեւով օգնում են հրաժարականին: Տեսնո՞ւմ  եք մարդկանց հոսք, որոնք ավելանում եմ, միանում են վարչապետի հրաժարականի պահանջին:

-Իհարկե օգնում է. ինչի՞ մասին է խոսքը: Եվ Նիկոլն ու իր թիմակիները, երբ ասում են, որ ժողովուրդը մեզ հետ է, դրանով, ըստ էության, վիրավորում է մեր ժողովրդին եւ արժանապատվությունը, քանի որ չի կարող մեր երկրի, Արցախի մեծ մասը թուրքին հանձնած, մեր երկիրը այսօր ծանր խնդիրների եւ մեծ սպառնալիքի տակ կանգնացրած մարդն ունենա մեր ժողովրդի աջակցությունը: Նիկոլը որեւէ աջակցություն չունի ժողովրդի կողմից, իր կողքը մնացել են որոշ սադրիչներ, ֆեյքեր:

-Այսինքն՝ վարչապետի այսօրվա հայտարարությունը, որ ինքը շարունակում է իր գործունեությունը, որեւէ ձեւով չի՞ փոխում Ձեր պլանները: Վարչապետը երեկ իր ուղիղ եթերում ասաց, որ ինքն ազնիվ, շիտակ կատարում է իր աշխատանքն ու վարչապետի պարտականությունները:   

-Ով, ով, բայց վարչապետը ազնվությունից, շիտակությունից, իր աշխատանքային պարտականությունների կատարելուց չպետք է խոսի, որովհետեւ ինքը դրա ճիշտ հակառակն է: Մեզ համար նորություն չէ իր կեցվածքը: Մենք կրկին համոզվեցինք, որ եթե հույսներս դնենք նրա վրա, որ կունենա արժանապատվություն, ինքնասիրություն եւ գոնե մեկ անգամ կմտածի մեր պետության մասին եւ կթողնի, կհեռանա, այդ հույսերը չեն արդարանալու: Պարզապես իրեն պետք է հեռացնենք եւ վերջ: Եթե ինքը շարունակում է կառչած մնալ վարչապետի պաշտոնից, մենք պետք է այդ պաշտոնը իրենից հեռացնենք: Այսինքն՝ մեր գործողություններով հասնելու ենք նրան, որ իր հանձնարարությունները, ապօրինի հրահանգները պետական ապարատի  որեւէ կառույց չիրականացնի:

-Պարո՛ն Սաղաթելյան, սոցցանցերում քննարկվում է, որ կոչ է արվում բռնի ձեւով, ժողովրդին գազազեցնելու ձեւով վարչապետի հրաժարականը պահանջել: Նաեւ նշվում է, որ հոկտեմբերի 27-ի հոտ է գալիս, քանի որ Գեղամ Մանուկյանը, Բագրատ Եսայանը նման հայտարարություններով են հանդես գալիս: Դա որեւէ ձեւով կարո՞ղ է բռնի գործողություններ հանգեցնել:

-Նման լուրեր տարածողները, մեկնաբանություններ տվողները գլուխները պատին են տալիս: Մենք խաղաղ, սահմանադրական ճանապարհով  հասնելու ենք Նիկոլի հեռացմանը: Եվ մենք բազմիցս նշել ենք, որ մեր երկրին նոր ցնցումներ եւ անկայություն պետք չեն: Մենք սա գիտակցում ենք, հակառակ կողմը դա չի գիտակցում եւ իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած սադրանքի: Մենք չենք տրվելու այդ սադրանքներին: Պարզապես մեր գործողություններով իրեն հեռացնելու ենք:

-17 կուսակցությունները չե՞ն պատրաստվում վարչապետի հետ նստել մեկ սեղանմի շուրջ եւ քննարկել առաջիկա անելիքնեհո, ինչ-որ ձեւով լուծումներ գտնել, օրակարգ առաջ քաշել: 

-Վարչապետի հետ քննարկման մեկ օրակարգ կա՝ իր հեռացման ճանապարհային քարտեզը: Ուրիշ որեւէ քննարկում իր հետ պարզապես հնարավոր չէ ու անիմաստ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ

Դատախազական համակարգում եւս արշալույսները խաղաղ չեն: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք դատախազներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, նման որոշումներ չեն կայացնելու եւ ռիսկի չեն դիմելու՝ հաշվի առնելով այս վերջին շրջանում մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու ոչ իրավաչափ դեպքերը: Նրանք Դավթյանին ասել են՝ որեւէ ապօրինության չեն գնալու, եւ եթե իրենց որեւէ բան ստիպեն անել, ապա դիմումներ են գրելու եւ պաշտոնից ազատվեն:

 

Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ դատախազները այս օրերին պատրաստել են տեքստ եւ հրաժարականներից առաջ այն ներկայացնելու են, որպեսզի ցույց տան, թե ինչու են հրաժարական տալիս:  Մեր ձեռքում է հայտնվել նրանց հայտարարության տեքստը, որից հետո կլինեն դատախազության պաշտոնատար անձանց հրաժարականները: Ստորեւ ներկայացնում ենք դատախազների հայտարարությունը.

«Հարգելի՛ գործընկերներ, մեր հայրենիքի ներսում եւ սահմաններին ստեղծված իրավիճակը այլեւս հնարավորություն չի թողնում մեզ լռելու: Ստեղծված օրհասական պայմաններում դատախազները չեն կարող անմասն մնալ կատարվող իրադարձություններին: Մենք մշտապես առաջնորդվել ենք օրենսդրական այն պահանջով, որ դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, սակայն այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր դրսեւորել քաղաքական զսպվածություն, երբ բարձրաստիճան մի խումբ քաղաքական գործիչների «քաղաքականության» արդյունքում հայրենիքի մի մաս ենք կորցրել: Եվ ինչպե՞ս պահպանել քաղաքական չեզոքություն, երբ չեզոք լինելը նշանակում է համակերպվել այս իրողության հետ եւ հնարավորություն տալ անհայրենիքների այս խմբին թշնամուն զիջել հայրենիքի մնացած մասը: Դատախազի պաշտոնը ստանձնելիս մենք երդվել ենք հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը:

Հիմա դատախազի մեր երդմանը հավատարիմ մնալու պահն է. անդառնալի հարված է հասցվել մեր հայրենիքի անվտանգությանը, հայ մարդու իրավունքները, սկսած կյանքի իրավունքից մինչեւ սեփականության իրավունք, կոպտորեն խախտվում են թշնամու կողմից, իսկ մեր իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկում դրանք պաշտպանելու համար: Ունենք, հազարավոր զոհվածներ, տասնյակ հազարավոր վիրավորներ, հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ: Նման պայմաններում, երբ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյուքում մեր հայրենիքը հայտնվել է կործանման եզրին, գտնում ենք, որ այս փուլում անհնար է շարունակել ծառայությունը դատախազության համակարգում: Մեծ պատիվ կհամարենք վերադառնալ դատախազության համակարգ շարունակելու մեր ծառայությունը հանուն մեր հայրենիքի այն դեպքում, երբ ներկա իշխանությունները կհեռանան ու նրանց փոխարեն երկրի կառավարման ղեկը կստանձնի հայրենասեր, պրոֆեսիոնալ եւ համազգային շահերով մտահոգ իշխանություն»:

 

 

ԿՐԵՄԼՈՒՄ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ

Կրեմլում հետեւում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին. այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ պնդելով, թե վերջին օրերին ստեղծված «մտահոգիչ իրավիճակը հաջողվել է կարճ ժամկետում հանգուցալուծել»։ Թե ում մեղավորությամբ, եւ ինչպես էր ստեղծվել այդ իրավիճակը, Դմիտրի Պեսկովը չի հստակեցրել։ «Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետեւում ենք։ Նման դեպքերը հավելյալ ծանրություն են ստեղծում խաղաղապահների համար», – ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։ Ավելի վաղ ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հաստատել էր, որ անցած շաբաթավերջին Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի մերձակայքում հրադադարի ռեժիմը խախտվել էր, կողմերի միջեւ բախումներ էին սկսվել։ Մուրադովը պնդել էր, թե ռուս խաղաղապահների միջամտությունից հետո իրավիճակը կայունացել է, սակայն չէր հստակեցրել՝ ում վերահսկողության տակ են հիմա այդ բնակավայրերը։

 

 

ՀԱՄԵՐԳՆԵՐ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ոչ միայն վերսկսել է աշխատանքը, այլեւ վերջին երկու ներկայացումներն անցկացրել է լեփ-լեցուն դահլիճում, եւ առաջիկա համերգի տոմսերը եւս սպառվել են: Ֆիլհարմոնիկ նվագախումբն անգամ հայտարարություն էր տարածել՝ գրելով. «Ծանր իրադարձություններից հետո համերգասրահ վերադառնալը ունկնդրի համար ուրախություն է, ասես տուն վերադառնաս երկար բացակայությունից հետո»:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է Ֆիլհարմոնիկի լրատվության պատասխանատու Աստղիկ Դալաքյանի հետ: «Երկար լռությունից հետո համերգ եղավ, վերջին համերգը եղել էր մարտին: Այդ ընթացքում ամբողջական նվագախմբով համերգ չէինք ունեցել: Առաջին համերգը եղել է դեկտեմբերի 11-ին եւ նվիրված էր Արցախյան հերոսներին: Մենք ունենք համերգ դեկտեմբերի 16-ին եւ 17-ին եւս: Տոմսերը վաճառվում են, հանդիսատեսը ներկա է լինում համերգին՝ հակահամաճարակային կանոնները պահպանելով», – նշում է նա:

 




Լրահոս