Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, եւ այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի. երեկ ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ դեկտեմբերի 19-ին հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, կլինեն հիշատակի այլ միջոցառումներ։ «Հնարավոր է, որ ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն այդ օրվա դրությամբ, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլեւս չի կարելի հետաձգել», – հայտարարեց Փաշինյանը։
«Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում, եւ նրանք պետք է ապահովեն, որ այդ հատվածը շարունակի մնալ հայկական կողմի վերահսկողության տակ»,- անդրադառնալով շաբաթ օրը Արցախի Հադրութի շրջանի վերոնշյալ հատվածում ադրբեջանական գործողություններին՝ հայտարարեց Փաշինյանը։ «Շաբաթ եւ կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաեւ հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաեւ Խծաբերդ, Թաղավարդ գյուղերի այդ շրջակա եւ հարող տարածքը։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, սա էլ իր հերթին նշանակում է, որ քանի որ ամսի 9-ի դրությամբ դա եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո, – ասել է վարչապետը, դեպքից որոշ մանրամասներ ներկայացրել:- Նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահնները դեռեւս չեն տեղակայվել այդ մասում, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ եւ վերահսկողության տակ առել։ Այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել։ ՊԲ 6 զինծառայող վիրավորվել են, տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են։ Ինչո՞ւ են ճշտվում, որովհետեւ տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է, եւ միջոցներ են ձեռնարկվում այնտեղ հասանելիություն ապահովելու համար»։
Գնահատելով իրավիճակը՝ Փաշինյանը հայտարարեց՝ իհարկե, ադրբեջանական գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց այն ուղղված է նաեւ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը։ «Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, եւ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածի ճակատագիրը ռուս ՌԴ խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է, մանավանդ որ Արցախի պաշտպանության բանակը չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները, նկատի ունեմ՝ հայկական կողմը չպիտի անի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը», – ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաեւ անդրադարձավ Սյունիքի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային գծերի ճշգրտմանը՝ նշելով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որեւէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են եւ կմնան անձեռնմխելի։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի եւ Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 եւ ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի։ Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, եւ այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որեւէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են եւ կմնան անձեռնմխելի։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիության սկզբունքը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»։
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է մի խումբ մտավորականների ու մշակութային գործիչների հետ: Վերջին օրերի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպումներ է ունենում գործող եւ նախկին քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: «Ճիշտ քաղաքականության դեպքում այս պատերազմը կարող էր լինել ոչ թե հիմա, այլ միգուցե ավելի ուշ: Բանակցությունները մենք տապալեցինք, հակառակորդին գրգռեցինք եւ մտցրեցինք պատերազմ: Եթե մենք 2.5 տարում մի փոքր շարունակեինք զբաղվել բանակով, ապա պարտություն չէինք ունենա: Եվ վերջում ստորագրվեց մեզ համար ոչ ընդունելի խայտառակ մի համաձայնագիր, որը մենք մերժել չենք կարող, խախտել չենք կարող, չենք կարող ասել, որ չենք ընդունում, որովհետեւ դրա հետեւանքների դեմ պայքարելու մեր ուժերն արդեն սպառված են»,-ասել է Վ. Մանուկյանը:
357 ՆՈՐ ԴԵՊՔ
Երեկ Հայաստանում կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: 797 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 17 դեպք: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148 հազար 682 դեպք, որոնցից 125 հազար 966-ը` առողջացած, 2 հազար 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 19 հազար 595 քաղաքացի: Ընդհանուր առմամբ կատարվել է 549 հազար 732 թեստավորում: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է:
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է
Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Համանախագահների եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձեւաչափն է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել է Պողոսյանը։
ՍԱՀՄԱՆԻ ՃՇԳՐՏՈՒՄ՝ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ
Ջերմուկում եղել է սահմանի ճշգրտում հայկական զինված ուժերի, տեղական մարմինների մասնակցությամբ. այս մասին ասել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը կուտակվում են դեռեւս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին զորամաս կառուցելու նպատակով: «Սահմանների, դիրքերի ճշգրտում է եղել, գնացել, պայմանավորվել ենք, թե ով որտեղ պետք է կանգնի: Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Զորամաս էլ չի լինելու, ինչպես տեղեկություն էր տարածվում: Գործընթացը տեղի է ունեցել մեր զինվորականների մասնակցությամբ, ես նույնպես ներկա եմ եղել»,-ասել է Վ. Հովհաննիսյանը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ հայկական զինված ուժերը տեղում են, իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում են: Նրա խոսքով՝ ջերմուկցիներն իրավիճակին ըմբռնումով են մոտենում: «Ուղղակի պետք չէ այս կուրորտային քաղաքի հետ կապված այդպիսի աժիոտաժ առաջացնել: Դա անողները միգուցե ինչ-որ հարցեր են լուծում, սակայն մի ամբողջ քաղաք կարող է տուժել: Իրականում Ջերմուկում անվտանգ է, եւ մենք հյուրերի ենք սպասում, առողջարանները նորմալ աշխատում են, ոչ մի խնդիր չունենք»,-ասել է նա:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԴԱՍՏԻԱՐԱԿԻՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու եւ հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի աշխատակցուհին, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020թ. սեպտեմբեր ամսից փաստացի աշխատելով նշված մանկապարտեզում՝ որպես դաստիարակ եւ ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված եւ իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով եւ դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, իր պարտականությունները կատարել է թերի, ոչ պատշաճ։