Բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների եւ COVID-19 համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաեւ փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձինք ընդունելության գործընթացին մասնակցելու համար մինչեւ դեկտեմբերի 17-ը կարող են դիմել համապատասխան ուսումնական հաստատությանը:
ՀՂԻ Է ՄԱՀԱՑԵԼ
Կորոնավիրուսի հետեւանքով Երեւանի հիվանդանոցներից մեկում հղի կին է մահացել: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մայրական մահացության դեպքն արձանագրել են դեկտեմբերի 13-ին: «Քառասունամյա կինն ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաեւ մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այդ ընթացքում Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սակայն, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումներին, պացիենտի վիճակը շարունակել է վատանալ»,- տեղեկացրել է նախարարությունը: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում` կեսարյան հատման միջոցով, որի ընթացքում արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Դեկտեմբերի 13-ին նրա վիճակը կտրուկ վատացել է եւ, չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին, արձանագրվել է կենսաբանական մահ:
315 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Անցած շաբաթավերջին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում երկրի համար հասանելի են դարձել 25,714 միլիոն ՀՓԻ՝ շուրջ 36,7 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ։ Համատեղ ծրագրի ներքո հատկացվել են 231,657 մլն ՀՓԻ կամ շուրջ 315 մլն դոլար ընդհանուր ծավալով վարկային միջոցներ։ ԱՄՀ-ի գնահատմամբ՝ դրամավարկային քաղաքականությունը եղել է ըստ անհրաժեշտության ընդլայնողական՝ աջակցելով տնտեսությանը եւ պահպանելով բանկային համակարգի իրացվելիությունը, իսկ գնաճը պահպանվել է ցածր մակարդակում։ Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը պետք է ուշադիր հետեւի շուկաների զարգացումներին եւ պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ճշգրտել դրամավարկային քաղաքականությունը մակրոտնտեսական կայունությունը ապահովելու համար՝ պահպանելով փոխարժեքի ճկունությունը գնաճի նպատակադրման շրջանակներում ցնցումները կլանելու համար։ Չնայած ֆինանսական համակարգը սթրեսի նշաններ ցույց չի տվել, Կենտրոնական բանկը պետք է շարունակի բացահայտել ֆինանսական համակարգում առկա պոտենցիալ խոցելիություններն ու ռիսկերը եւ պատրաստ լինի ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ ֆինանսական կայունությունը ապահովելու համար: