«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը հենց տարեսկզբից հայտնվել է ֆինանսական ծանր ռիսկային գոտում։ Պատճառը՝ կորոնավիրուսն է ու դրա հետեւանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը: Բանն այն է, որ մարտ ամսից Covid-19 համաճարակի հետեւանքով հանրապետությունում գործող արտակարգ, այնուհետ նաեւ ռազմական իրավիճակով պայմանավորված ձեռնարկատիրական գործունեությունից ակնկալվող մուտքերը խիստ նվազել են՝ հետաձգվել, չեղարկվել են միջոցառումները եւ ձախողվել են բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները։ ArmLur.am–ը տեղեկացավ, որ մարզահամերգային համալիրը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին գրությամբ առաջարկվել է խնայված 152 մլն 199 հազար դրամն ուղղել համալիրի պահպանությանը։
Մեզ հայտնի դարձավ, որ «ՙԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տարեկան մուտքերը 2020 թվականի նախահաշվով սահմանվել էր 407 մլն դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջեից համալիրի պահպանության դրամաշնորհի շրջանակներում՝ 183 մլն դրամ, ձեռնարկատիրական գործունեությունից՝ 224 մլն դրամ։ Չնայած նրան, որ համալիրն անցել էր խնայողությունների խիստ ռեժիմի, օգոստոս ամսին արդեն հաշվարկվել էր, որ 2020 թվականի եկամուտների եւ ծախսերի տարբերությունից առաջացած ֆինանսական պակասորդը կկազմի շուրջ 166 մլն դրամ:
Ավելին, պարզվում է, որ այս մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի կողմից օգոստոսի 10-ին գրությամբ տեղեկացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ եւ խնդրվել է աջակցել կորոնավիրուսային հետեւանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում համալիրին ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հարցում։
Ս.Հ.