ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ԻՇԽՈՂ ԹԻՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ տեղի ունեցած հանդիպումից: Իշխանությունները լայն թափով սկսել են լծվել Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների գործին: Չնայած հանձնաժողովը վաղուց գործում էր, սակայն մինչ այժմ աչքի էր ընկնում անարդյունավետ աշխատանքով. Դրա համար հիմա փորձում են ավելի արագ աշխատանքները կազմակերպել, քանի որ հասկանում են՝ պահանջ կա արտահերթ ընտրությունների անցկացման: Եվ, ահա, երեկ, մեր տեղեկություններով, հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացրել է, թե ինքն ինչպես է պատկերացնում կատարվելիք փոփոխությունները, ասել է, որ ավելի կողմնակից է ամբողջական համամասնական ընտրակարգի` վերացնելով ռեյտինգային ընտրակարգը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, ներկայումս վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: Նախարարն էլ, պատգամավորներն էլ ներկայացրել են իրենց տեսակետները, սակայն, մեր տեղեկություններով, խնդիրն այն է, որ չնայած այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, սակայն խմբակցության ներսում ծանր իրավիճակ է, քանի որ կա մի հատված, որը կարծում է՝ իշխանությունները որեւէ ձեւ չեն կարող տրամադրություն փոխել երկրում, եւ կարծում են՝ կոնկրետ քայլեր են պետք ձեռնարկել, որպեսզի ճգնաժամը երկրում հաղթահարվի: Բայց նրանք դա ասում են մեղմ, ակնարկներով եւ շատ զգուշորեն:

Բայց, ամեն դեպքում, թիմում բարձրաձայնում եղել է, որ Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններով մարդկանց տրամադրությունը չի փոխվի, եւ պետք է առաջիկայում հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

 

 

Հայաստանում տարիներ շարունակ քաղաքական ներկապնակը գունազարդել են քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք տարբերակված մոտեցում են ցույց տվել երեւույթներին եւ անհատներին` մշտապես հասարակությանը, դերակատար ուժերին ու գործիչներին բաժանելով մերոնքի եւ ձերոնքի: Հիմա իրավիճակն ավելի է սրվել. Իշխանությունն իր հերթին է մերոնք ու ձերոնքի բաժանում անում, ընդդիմությունն` իր: Յուրաքանչյուր կողմ իրավիճակը սրում է, ինչպես կարող է: Ընդ որում, մամուլի նկատմամբ եւս բեւեռացումը ակներեւ է. էլի դաշտը մերոնքով ու ձերոնքով է հագեցել:Օրինակ` «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ: Մարդ, որ հավակնում է դառնալ միասնական վարչապետի թեկնածու, մեր երկիրը դուրս բերել ճահճից, մեկ տարուց ընտրություն կազմակերպել, քննադատում է գործող իշխանությանը` տարբերակված մոտեցման համար, ընտրովի լրատվամիջոցների հետ է հանդիպել: «Մեզ հանրային համերաշխություն է պետք». տողերի հեղինակը, օրինակ, ArmLur.am լրատվական կայքին, «Ժողովուրդ» օրաթերթին չի հրավիրել հանդիպման: Փորձեցինք, իհարկե, պարզել պատճառները, Վազգեն Մանուկյանի լրատվության հարցերի պատասխանատու Անի Գասպարյանն ասաց, թե դիտավորություն չկա, բայց եւ անհասկանալի մնաց՝ ինչ սկզբունքով են ընտրվել համայն ժողովրդի վարչապետի թեկնածուի հետ հանդիպման գնացած լրատվամիջոցները: Իհարկե, առիթներ դեռ կլինեն Վազգեն Մանուկյանին հանդիպելու, իրեն ոչ դուրեկան հարցեր հնչեցնելու եւ պատասխանները ստանալու համար, բայց, ամեն դեպքում, պետք է այսօրվանից արձանագրել, որ իրեն համերաշխության ու միասնականության սիմվոլ հռչակող մարդն արդեն իր երկու քայլով պառակտում մտցրել է հասարակության մեջ. մեկ, որ ընտրովի լրատվամիջոցների հետ է շփվում, երկրորդ` համերաշխությունից խոսելով հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը չգնաց, «զոռով կհանենք»: Իսկ ինչո՞վ է Վազգեն Մանուկյանը տարբերվում գործողից, որի դեմ շարժում է ձեւավորվել, եւ նախկիններից, որոնց հասարակությունն արդեն մերժել է:

 

 

Հադրութն այլեւս դուրս է Հայաստանի վերահսկողությունից։ Սրանք մանր բռնկումներ են, որոնք լուծումներ կստանան ու ոչ մի հետեւանք էլ չեն ունենա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տեղի ունեցող գործընթացներին: Միեւնույն ժամանակ մեկնաբանելով հաղթական շքերթի ժամանակ արված Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որոնք սպառնում էին նաեւ ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը՝ Տարասովը հայտարարեց, թե Հայաստանի հանդեպ նոր տարածքային հավակնությունների մասին, ամեն դեպքում, խոսք լինել չի կարող: «Ադրբեջանն իր անունից խոսում է տարածքային հավակնությունների մասին, խոսում է նաեւ Իրանի պատմության մասին։ Թեհրանը դրան առայժմ չի արձագանքում, բայց առաջիկայում Թեհրանի ուշադրությունը կարող է նաեւ Բաքվի վրա լինել», – նշեց նա։ Խոսելով Հադրութի դեպքերի մասին՝ ռուսաստանցի քաղաքագետը նկատում է, թե ավելորդ արյունահեղություններ պետք չեն, եւ նման խնդիրները պետք է լուծումներ ստանան:

 

 

ՀՀ Կոտայքի մարզում բնակարանների գները բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանի մարզային քաղաքներից մի քանիսում բնակարանների գները նվազել են, մյուսներում` բարձրացել: Ի դեպ, ՀՀ մարզային որոշ քաղաքներում բնակարանների գները փոփոխության չեն ենթարկվել: Օրինակ, այս տարվա սեպտեմբերին Աբովյան քաղաքում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 187 հազար դրամ, իսկ հոկտեմբերին այն թանկացել է՝ դառնալով 188 հազար 300 դրամ: Նույն մարզի Նոր Հաճնում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 1200 դրամով. սեպտեմբերին մեկ քմ-ի գինը կազմել է 130 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 131 հազար 200 դրամ: Եղվարդում թանկացումը կազմել է 500 դրամ, Հրազդանում՝ 1000 դրամ, Չարենցավանում՝ 900 դրամ: Իսկ, ահա, տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է՝ 280 հազար դրամից դառնալով 281 հազար 300 դրամ: Հայաստանի հայրաքաղաք համարվող Գյումրիում բնակարանի գինը բարձրացել է 500 դրամով. այստեղ բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին առաջարկվել է 103 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 103 հազար 500 դրամով: Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում բնակարանի գինը 900 դրամով է էժանացել, իսկ Էջմիածնում ե՛ւ սեպտեմբերին, ե՛ւ հոկտեմբերին բնակարանի մեկ քմ գինը կազմել է 160 հազար 200 դրամ: Բնակարանների գները նվազել են Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, Գորիսում, Իջեւանում, Եղեգնաձորում, Վայքում, Աշտարակում, Ապարանում: Իսկ, ահա, Արտաշատում բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 128 հազար դրամով, հոկտեմբերին՝ 128 հազար 500 դրամ:

 

 




Լրահոս