«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է». ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը եւս մասնակցում է բողոքի ակցիաներին, երթերին, քանի որ, իր կարծիքով, իշխանությունները պետք է հրաժարական ներկայացնեն: Ըստ Վարդանյանի՝ այդ հրաժարականն արդեն մոտ է, քանի որ ակնհայտ է, որ հանրությունը պահանջ է դրել, ձնագնդիկի պես այդ պահանջն ամեն օր մեծանում է: Մենք զրուցել ենք նաեւ Երեւանի քաղաքապետարանի 2021 թվականի բյուջեի նախագծից, որտեղ երկու տարբերակ է ներկայացված:

 

-Փաստաթուղթ, որտեղ պարզ երեւում է, որ Պաշտպանության նախարարությունը, փաստորեն, դեռեւս սեպտեմբերի 22-ից զգուշացրել է Արցախի բնակիչներին պատրաստ լինել արտակարգ տարհանման: Նաեւ նշվել է, որ հատուկ իրեր վերցնեն իրենք հետ: Նախ՝ որտեղի՞ց է Ձեր ձեռքի տակ հայտնվել նման փաստաթուղթ, եւ սա ի՞նչ է նշանակում: Այսինքն՝ նախարարությունը վաղուց տեղյա՞կ է եղել, որ պատերազմ է սկսվում Արցախում:

-Փաստաթղթի հետ կապված ասեմ, որ փաստաթութղը պտտվում է համացանցում: Այնպես չէ, որ այդ փաստաթուղթը միայն ես ունեմ, եւ այդ թղթի իսկությունը դեռեւս որեւէ մեկը չի հերքել:  Դա այլ է, եթե հերքեն նույնիսկ, ես կհավատամ այդ հերքմանը, թե ոչ, որովհետեւ, ըստ էության, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի իշխանությունների որեւէ խոսքի կամ հերքման ես չեմ հատավում, որովհետեւ ֆեյք իշխանություններ են: Այսինքն՝ իրենք են ներմուծել այդ ամենը՝ ֆեյքային գաղափարները, եւ դարձել են դրա զոհը: Ինչ վերաբերում է զգուշացումներին, կարծում եմ, որ  զգուշացումներ եղել են թե՛ բանավոր, թե՛, փաստորեն, գրավոր, եւ բոլորը տեղյակ են եղել սկսվող լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին: Սրանում ես համոզված եմ, որովհետեւ ես ինքս ամիսներ առաջ տարբեր խոսակցություններ լսել եմ: Բայց ստուգությունը պարզվեց սեպտեմբերի 27-ից: Թե ինչ միջոցներ են ձեռնարկել Արցախի Հանրապետության իշխանությունները եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, ակնհայտ է, որովհետեւ կա զրո ձեռնարկված միջոց, բանակի զրո ամրացում: Էլ չեմ խոսում պատերազմի ընթացքում բազմաթիվ խնդիրներից, որոնց հետ բախվեցինք: Այսինքն՝ զրո կազմակերպչական հմտություններ, նախկին պաշտոնյաների իզոլացում եւ տապալում ողջ պատերազմական գործընթացին:

-Տիկի՛ն Վարդանյան, այս պահին դրությամբ, կարծես թե, իշխանությունները որեւէ ձեւով չեն պատրաստվում հրաժարվել իշխանությունից: Վարչապետի հրաժարականը պահանջում են փողոցում, բայց չի իրականանում: Դուք այս պահի դրությամբ ի՞նչ եք տեսնում, որպեսզի նաեւ բախումներ չառաջանան, քանի որ նկատեցինք, որ մի երիտասարդ փորձում էր Փաշինյանին պաշտպանել, ու ծեծկռտուք տեղի ունեցավ: Ինչպիսի՞ ելք եք պակերացնում:

-Ես գրեթե համոզված եմ, որ այդ երիտասարդն ուղարկված էր, եւ ակնհայտ էր, որ  իշխանություններն են սադրում: Եթե բախումներ սկսվեն, ապա սկսվելու են իշխանությունների թեթեւ ձեռքով: Ես ինքս հնարավորինս մասնակցում եմ երթերին եւ հանրահավաքներին: Քաղաքական ենթատեքստ գտնել պետք չէ, այսինքն՝ որեւէ կուսակցության հետ կապվածություն գտնել պետք չէ: Ես՝ որպես քաղաքացի, իմ պարտքն եմ համարում բարձրացնել իմ բողոքի ձայնը:   Եթե վաղը կազմակերպվի մեծ հանրահավաք կամ երթ, օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, նրանց երթին նույնպես մասնակցելու եմ: Մասնակցել եմ նաեւ մտավորականների երթին, այսինքն՝ հնարավոր բոլոր տեղերում իմ ձայնը կարող եմ բարձրացնել եւ, որպես քաղաքացի, կանգնել մեկ այլ քաղաքացու կողքին: Որովհետեւ, այո, ես եւս գտնում եմ, որ այս իշխանությունները վայրկյան առաջ պետք է հեռանան, քանի որ տապալելով տանում են իրենց հետ ամեն ինչ: Ինչ վերաբերում է ելքին, ելքը, կարծում եմ, շատ մոտ է, որովհետեւ նախ օր օրի լինում են շատ ավելի լուրջ եւ աղմկահարույց բացահայտումներ, որոնք ո՛չ հաստատում եւ ո՛չ առավել եւս հերքվում են իշխանության կողմից: Կարծում եմ՝ այդ ձնագնդին մոտ է իր ավարտին, քանի  որ այլ ելք ուղղակի չկա: Եթե լինեն բախումներ, դրանք միանշանակ լինելու են գործող իշխանությունների հրահրմամբ ու ուղղորդմամբ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերը եւ Ստեֆան Վիսկոնտին անցած երկու օրերին Բաքվում եւ Երեւանում հանդիպումների ժամանակ վերահաստատել են տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը եւ բարգավաճումը խթանելու, ծառացած խնդիրները լուծելու գործում կողմերի հետ կառուցողաբար ներգրավվելու իրենց շարունակական պատրաստակամությունը։

 

Երկու մայրաքաղաքներում կողմերը ներկայացրել են իրավիճակի իրենց գնահատականները եւ ակնկալիքները համանախագահներից գալիք տարվա համար. նշված է հայտարարությունում։ Ղարաբաղյան կարգավորման միջնորդները պատրաստակամություն են հայտնում Երեւանում եւ Բաքվում հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների առնչությամբ կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի միջեւ հետագա քննարկումների համար։ Վերջին միջադեպերի առնչությամբ, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ, համանախագահները կողմերին կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար։ Միջնորդները Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել են հնարավորինս արագ իրականացնել բոլոր գերիների եւ ձերբակալվածների փոխանակումը, զոհվածների աճյունների անհատականացումը եւ հայրենադարձումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցաբար։ Հիշատակելով դեկտեմբերի 3-ին Տիրանայում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը՝ միջնորդները վերահաստատում են բոլոր մնացող առանցքային խնդիրների համապարփակ եւ երկարատեւ լուծման օգտին իրենց միասնական դիրքորոշումը։ Միջնորդները եւ կողմերը շեշտել են բորբոքիչ հռետորությունը նվազեցնելու կարեւորությունը՝ ավելի դրական միջավայր ստեղծելու համար։ Համանախագահները եւ կողմերը նաեւ կարեւորել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը հակամարտության հետեւանքով տուժած բնակչությանը մարդասիրական օգնության, ինչպես նաեւ մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության նպատակով։

 

 

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները կատարել են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ: ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված եւ վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ: ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել 14.12.2020թ. Հայաստանի Հանրապետություն տեղափոխված 44 ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայանում, որից հետո վերջիններիս մասնակցությամբ կատարել են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

 

 

ԱՅԼ ՁԵՎԱՉԱՓՈՎ

իրադարձությունների զարգացման սցենարներից մեկը կարող է լինել այն, որ կարգավիճակը կարող է որոշվել ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով: Այս մասին ասել է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նա հիշեցրել է, որ Պուտինն երկու անգամ իր հարցազրույցում հիշեցրել է, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը խոսում է այն մասին, որ Ղարաբաղն իրավաբանորեն գտնվում է Ադրբեջանի հսկողության գոտում:

«Երկրորդ պահը՝ Ղարաբաղի ոչ մեծ հատվածում գտնվում են ռուս խաղաղապահներ, որոնք եւս իրավաբանորեն գտնվում են Ադրբեջանի տարածքում: Երրորդ պահը կարգավիճակն է: Եթե ավելի վաղ Հայաստանը հանդես էր գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր, ապա այսօր այդ երաշխավորը Ռուսաստանն է: Ինչ վերաբերում է Բաքու եւ Երեւան համանախագահների այցին եւ հետագա հայտարարություններին, ապա կարելի է ընդհանուր առմամբ ասել, որ համաշխարհային դիվանագիտությունը պարտվել է: Այն չի կարողացել ժամանակին առաջարկել արդյունավետ սցենար, եւ, ամենակարեւորը, չի կարողացել կանխել պատերազմը:




Լրահոս