Թուրքական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր փոխըմբռնման հուշագիր կստորագրեն Իգդիր-Նախիջեւան գազատարի վերաբերյալ։ Թուրքական մամուլը գրել է նաեւ, թե գազատարը պետք է անցնի պատերազմից հետո ադրբեջանական կողմին անցած տարածքներով դեպի Նախիջեւան, իսկ այնտեղից էլ՝ արդեն Թուրքիայի Իգդիր նահանգ։
Տեղեկությունը հաստատել են նաեւ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից՝ հայտարարելով, որ փաստաթղթի մանրամասները կհրապարակվեն այն ստորագրելուց հետո:
2010 թվականից Բաքուն եւ Անկարան բանակցություններ են վարում թուրքական Իգդիրից մինչեւ ադրբեջանական Նախիջեւան գազատարի կառուցման շուրջ։ Այսօր Ադրբեջանը գազ է մատակարարում իրանական Աստարա քաղաք, ապա Իրանը մոտավորապես նույն ծավալներով առաքում է կատարում Նախիջեւան՝ իրեն թողնելով ադրբեջանական գազի մատակարարումների մինչեւ 15 տոկոսը՝ որպես տարանցման վճար, եւ Բաքուն ու Անկարան արդեն շուրջ 10 տարի է՝ բանակցում էին նոր գազատարի շուրջ։ Այսօր, փաստորեն, հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են փոխել կառուցվելիք գազատարի աշխարհագրությունը։
Հավելենք՝ անցած տարվանից Անկարան փաստացի հրաժարվել է ռուսական գազից եւ այսօր գազ է ստանում մեծամասամբ Ադրբեջանից; Իսկ այս նոր գազատարը կարող է ամբողջությամբ փոխել տարածաշրջանի էներգետիկ քարտեզը։
Հիշեցնենք, Ադրբեջանը ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Նախիջեւանի հետ չունի ընդհանուր սահման։ Այսինքն՝ այդ գազատարը պետք է անցնի Հայաստանի՞ տարածքով։ Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում Հայաստանի տարածքով միջանցքի մասին որեւէ բառ անգամ գրված չէ։ Սակայն թե՛ Բաքուն, թե՛ Անկարան պարբերաբար հայտարարում են, որ պատրաստվում են Հայաստանի տարածքով ավտոճանապարհ, երկաթգիծ կառուցել, հիմա էլ պարզվեց, որ պատրաստվում են նաեւ գազատար կառուցել։
Անդրադառնալով Նախիջեւանին՝ երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը իր ծավալուն խոսքում Ադրբեջանի նախագահը նշել էր. «Միաժամանակ, ես ասել եմ, որ Նախիջեւանի հետ ցամաքային հաղորդակցության ստեղծումը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Մենք հասել ենք դրան քաղաքական ճանապարհով, եւ Փաշինյանը դա ստորագրել Է հայտարարության միջոցով։ Դրանով կապահովվի Նախիջեւանի կապը Ադրբեջանի մնացած հատվածի հետ։ Սա արդեն Ադրբեջանի համար պատմական կարեւոր ձեռքբերում է։ Միաժամանակ, դա նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում հետագա գործունեության հետ կապված քննարկումների համար»:
Այդ նույն հանդիպմանը Ալիեւն ասել է, թե հայկական կողմի կապիտուլյացիան հնարավոր է դարձել նաեւ Ռուսաստանի նախագահի միջորդությամբ. «Հայաստանը պարտադրված ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։ Նրանք երբեք դա չէին ստորագրի կամավոր։ Մենք նրանց ստիպեցինք, ոչ թե Մինսկի խումբը։ Մենք եւ նախագահ Պուտինը։ Դա իրականություն է։ Եթե չլիներ նախագահ Պուտինի միջամտությունն ու ջանքերը, այսօր հավանաբար իրավիճակն այլ կլիներ»։
Պաշտոնական Մոսկվան Ալիեւի նման ոչ միանշանակ հայտարարությունները սովորաբար առանց մեկնաբանության է թողնում։ Հավելենք, որ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը Ալիեւը հերթական անգամ մեղադրել է Հայաստանի վարչապետին բանակցային գործընթացը տապալելու մեջ՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը փորձել է քանդել բանակցային գործընթացի ձեւաչափը, եւ նրա «սադրիչ գործողություններն ու հայտարարությունները» բանակցություններն անիմաստ են դարձրել։
Ն.Հ.
ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը կգործուղվի Մոսկվա` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
ՀՆԱ-Ի ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԱԶՈՒՄԸ
Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), ընթացիկ գներով եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 8 մլրդ 844.5 մլն ԱՄՆ դոլար եւ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել է 6,6%-ով։ Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքի նախնական գնահատման՝ ԵԱՏՄ երկրների այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր ՀՆԱ-ն 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,4 %-ով:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ
«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը սահուն կարող է վերածվել նաեւ «առանց Հայկ Երեւանի»: Երեկ Երեւանի քաղաքապետարանի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ նշել են ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները: Նշենք, որ ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել քաղաքապետարանին, որտեղ քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ են անում պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաեւ ինքը եւս հրաժարական ներկայացնի: «Հայկ Մարությանը կա՛մ կասի, որ հրաժարական չեմ տալիս, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ու այդ դեպքում կկիսի դավաճանի խարանը, կա՛մ, որպես մարդ, որը սիրվել է մեր կինոարվեստում, թող հրաժարական տա եւ զբաղվի այդ ոլորտով: Հայ հասարակության առաջին պառակտիչը եղել է Հայկ Մարությանը, որը առաջ քաշեց սեւերի ու սպիտակների թեզը: Այդ թեզի պատճառով Նիկոլ Փաշինյանը եւս պառակտեց հասարակությանը»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը:
ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԱՆԵԼԻՍ
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները եւ խուսափել նրանց անձնական տվյալների հրապարակումից: Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա է տեսանյութ, որում հնչում են նրանց անունները։ Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի նկատմամբ հանրային մեծ սպասումը ակնհայտորեն հանգեցնելու է նրանց նկատմամբ հանրային ուշադրության մեծացման, ինչը զուգորդվում է եւ դեռ կարող է զուգորդվել նրանց անձնական տվյալների եւ անձնական կյանքի տվյալների հրապարակմամբ համացանցում ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ լրատվամիջոցների կողմից։
ԱՎԵԼԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ
«Ներկայիս իրավիճակն ավելի սարսափելի է, քան թվում է: Մենք ունենք ոչ միայն տարածքային եւ մարդկային կորուստներ, այլեւ կորցնում ենք վստահությունը մեր երկրի ապագայի հանդեպ, կորցնում ենք մեր խոցված արժանապատվությունը, այլ ժողովուրդների հարգանքը, եւ հարց է առաջանում՝ կկարողանանք արդյոք ոտքի կանգնել»,- ասել է «Հանուն հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ընդդիմությունը կկարողանա ստեղծել այն պետությունը, որի մասին երազում են բոլորը: «Պատերազմը չի ավարտվել: Պատերազմի ակտիվ փուլն ավարտված է, բայց տեղային մանր բախումներն ու տեղական նշանակության մարտերը շարունակվում են, որոնց ժամանակ մեզ անպաշտպան եւ կոտրված ենք զգում: Բանակն ու կառավարությունը կաթվածահար են: Այդ պատճառով մեր առջեւ ծառացել է այն հարցը, թե ինչպես ենք դուրս գալու ստեղծված իրավիճակից եւ ուր ենք գնալու»,- ասել է Մանուկյանը:
ՊԵՏՔ Է ԽՈՍԵԼ
Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ մեր ժողովրդին ճշմարտությունը հասցնելու համար, ինչքան էլ անհնարին թվա, պետք է յուրաքանչյուր մտածող հայ քաղաքացու հետ խոսել առանձին-առանձին, իրականությունը մատուցել անհատ առ անհատ, քանի որ առկա խառնաշփոթ պայմաններում ցանկացած խելամիտ պարզաբանում կորչելու է ամբոխահաճո գոռում-գոչյունների ժխորում: Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարկավոր է հասնել նրան, որ յուրաքանչյուր գիտակից հայ քաղաքացու մոտ գոնե մի ակնթարթ ցանկություն առաջանա առանձնանալ ամբոխից, վերանալ նեղ անձնականից եւ, հանուն ազգայինի, ականջալուր լինել ժխորից հեռու ճշմարտության ձայնին»:
ՆՈՐ ՊԵՏ
Նիկոլ Փաշինյանը Արման Բարխուդարյանին վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Արման Միշայի Բարխուդարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ, Արման Միշայի Բարխուդարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ: