Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գրվեց հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Կեսգիշերին հայտնի դարձավ, որ քաղաքական իշխանությունները ստորագրել են մի համաձայնագիր, որով Արցախին հարող 7 շրջաներն ամբողջությամբ եւ Հադրութի շրջանի մեծ մասն ու Շուշին անցան Ադրբեջանին:
Համաձայնագրի ստորագրումից րոպեներ անց բազմաթիվ քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ իշխանություններից պահանջելով հրաժարական: Այդ ժամին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր կեցավայր գնալու ճանապարհին դաժանաբար ծեծի ենթարկվեց փողոցում հավաքված անձանց կողմից: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ պետության երկրորդ դեմքը, որը պետք է անվտանգության ամենաբարձ մակարդակով ապահովված լիներ, նման հարձակման ենթարկվեց: Որտե՞ղ էր մինչ այդ Միրզոյանը, ի՞նչ էր տեղի ունեցել ծեծից առաջ, ու ինչպե՞ս ստացվեց, որ նման հարձակման ենթարկվեց ԱԺ նախագահը:
Armlur.am-ի ստացած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը համաձայնագրի ստորագրման գիշերը եղել է խորհրդարանի իր աշխատասենյակում: Ըստ մեր տեղեկությունների՝ Միրզոյանի հետ են եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մոտ 10-15 պատգամավորներ, որոնք տեղյակ չեն եղել, որ նման համաձայնագիր են պատրաստվում քաղաքական իշխանությունները ստորագրել:
Մեր աղբյուրնեը փոխանցում են, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կարծել են, թե հնարավոր է՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրեն, դրա համար էլ խորհրդարան են գնացել: Նույն աղբյուրների վկայությամբ՝ այդ օրը Արարատ Միրզոյանի աշխատասենյակում են եղել պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Զեյնալյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Աննա Կարապետյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուստամ Բաքոյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ այլք: Ու երբ հայտնի է դարձել, որ Արցախի 7 շրջանները, Հադրութն ու Շուշին հանձնվել են թշնամուն, Միրզոյանի սենյակում լարվածություն է առաջացել: Ափերից դուրս է եկել Տաթեւիկ Հայրապետյանը, սկսել է բարկանալ, թե ինչ են արել, ինչու են գնացել նման քայլի: Հայրապետյանին միացել է Աննա Կարապետյանը, եւ Արարատ Միրզոյանին մեղադրել են ամեն ինչի մասին իմանալու ու իրենց չտեղեկացնելու համար: Բանը հասել է վիրավորանքներին, ինչի համար անգամ Միրզոյանը սենյակից դուրս է հրավիրել պատգամավորներին՝ հավելելով, թե ինքն էլ որեւէ բանից տեղյակ չի եղել նախապես։
Մեր տեղեկություններով՝ հավաքվածները հազիվ են կարողացել հանդարտեցնել իրավիճակը, որից հետո Միրզոյանը հորդորել է բոլորին տուն գնալ, քանի որ Կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները, հնարավոր է, հարձակվեն նաեւ խորհրդարանի վրա: Միրզոյանի հետ թեժ կռվի է բռնվել նաեւ Մխիթար Հայրապետյանը, որի հետ Միրզոյանը սենյակում միայնակ է մնացել թեժ վեճը շարունակելու համար: Իսկ արդեն պատգամավոր Ռուբեն Ոուբինյանը իր վարորդին է կանչել սեփական ավտոմեքենայով, քանի որ մտավախություն է ունեցել, որ հնարավոր է՝ իրենց վրա եւս հարձակվեն, Անդրանիկ Քոչարյանը արագ դուրս է եկել ԱԺ-ից ու ոտքով հեռացել։ Զեյնալյանն ու Հովհաննիսյանն էլ միասին են գնացել: Արարատ Միրզոյանի ավտոշարասյունը երբ կառավարական կեցավայրին է մոտեցել, քաղաքացիները շրջափակել են ավտոմեքենան ու դաժանաբար ծեծի ենթարկել: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Միրզոյանի հետ իր երեխաներից որեւէ մեկը չի եղել, ի սկզբանե սխալ տեղեկություններ են տարածվել: Միրզոյանը միայնակ է եղել խորհրդարանից տուն վերադառնալու ճանապարհին:
Այս իրավիճակում երկու բնական ու տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովհաննիսյանը, որը եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգությունում, նախապես չի ճշտել ԱԺ նախագահի երթուղու անվտանգության հարցը, ինչո՞ւ է վտանգել ԱԺ նախագահի կյանքը։
Նշենք, որ ՀՀ պետական պահպանության ծառայության մասին օրենքի համաձայն սահմանվում են՝
1) պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի եւ տրանսպորտային սպասարկման իրականացում, ինչպես նաեւ նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության տրամադրում.
2) օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում.
3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում հասարակական կարգի պահպանություն եւ պահպանական միջոցառումների իրականացում.
4) պահպանվող օբյեկտներում՝ սահմանված անցագրային ռեժիմի եւ կարգի ապահովում։ Իսկ 1. Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց, սույն օրենքի համաձայն, տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ,
1) Հայաստանի Հանրապետության նախագահին.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին,
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Ինչո՞ւ մինչեւ այժմ քրեական գործ հարուցված չէ այս առիթով, որպեսզի պարզեն՝ ով, ինչու, ինչ դրդմամբ կամ ում օժանդակությամբ ԱԺ նախագահին տարավ եւ մտցրեց բարկացած մարդկանց մեջ՝ չկանխատեսելով կամ կանխատեսելով ռիսկերը։ Ու արդյունքում ԱԺ նախագահը 1 ժամից ավելի ծեծի ենթարկվեց ու լուրջ վնասվածքներ ունի։
Մենք դեռեւս դեկտեմբերի 8-ին հարցում ենք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն պարզելու համար, թե
- ծառայողական քննություն սկսվե՞լ է. ինչո՞ւ նոյեմբերի 9-ին հնարավոր չի եղել ապահովել կառավարության եւ խորհրդարանի շենքերի անվտանգությունը:
- Ինչո՞ւ համապատասխան քանակի անվտանգության աշխատակիցներ չկային շենքերում:
- Ինչո՞ւ նախազգուշական միջոցառումներ չեն կիրառվել՝ իրավիճակը կանխելու համար:
Մինչ օրս այս հարցերի պատասխանները չենք ստացել, թեեւ անցել է 6 աշխատանքային օր, եւ ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պատասխանեին մեր հարցերին:
Հավելենք միայն, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նոյմեմբերի 10-ին հայտարարեց. «Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի եւ ՀՀ Ազգային ժողովին եւ կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել են թվով 6 քաղաքացի։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են»:
Հիշեցնենք, որ այդ ծեծից հետո Արարատ Միրզոյանը երեք վիրահատության է ենթարկվել՝ ձեռքի, քթի եւ աչքի, ու թեեւ սկսել է աշխատանքի հաճախել, այնուամենայնիվ, մինչեւ այսօր դեռեւս ապաքինվում է:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԾԵԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեում պարզվել են Գեղարքունիքի մարզի 60-ամյա բնակչի կողմից որդու կնոջը ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները:
Քննչական կոմիետեի փոխանցմամբ՝ փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հունվարի 7-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ինչպես նաեւ հաջորդ օրը՝ հունվարի 8-ին` ժամը 08:30-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 60-ամյա տղամարդը որդու կնոջը ծեծի ենթարկելու դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ եւ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 60-ամյա բնակչին մեղադրանքէառաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) (երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված երիտասարդի եւ նույն մարզի Նալբանդյան գյուղի 60-ամյա բնակչի միջեւ երիտասարդի ընկերուհու պարտք-գումարի պատճառով, որը շարունակվել է Արմավիր քաղաքում գտնվող «Կապույտ Կամուրջ» կոչվող վայրում, ուր ուղեւորվել են գործով տուժողի ավտոմեքենայով: Ճանապարհին՝ ավտոմեքենայում, վիճաբանությունը կրկին վերսկսվել է, որի ընթացքում երիտասարդը դանակով դիտավորությամբ հարվածել է տղամարդու ականջի շրջանին եւ պարանոցին: Հասնելով «Կապույտ կամուրջ»՝ դուրս են եկել ավտոմեքենայից, որից հետո երիտասարդը շարունակել է ոտքերով եւ ձեռքերով հարվածներ հասցնել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ նրան պատճառելով միջին ծանրության, առողջության տեւական քայքայման հատկանիշով մարմնական վնասվածքներ, այնուհետեւ, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել է վերջինիս պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենային, հեռացել դեպքի վայրից, ճանապարհին ինքնավթարի ենթարկվել՝ վնասելով ավտոմեքենան եւ պատճառելով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասով եւ 183-րդ հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՉԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի։