Երեւանի Տիգրան մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքի մասին «Ժողովուրդ» օրաթերթն առաջին անգամ չէ, որ գրում է: Այս շենքը հետաքրքիր պատմություն ունի. այն հիմնադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 1-ին: Նշենք, որ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից պետական մի քանի կառույցներ իրենց գործունեության նպատակով տարածքներ են վարձակալում, ինչի համար պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում: Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում է գործում ոչ միայն միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն: Գործադիրը վարձակալում է նաեւ «Հանարդնախագիծ» ընկերությանը պատկանող 350 քմ գրասենյակային տարածք՝ վիճակագրական կոմիտեի Երեւանի վարչության համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի Երեւանի վարչությունը «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում կշարունակի գործել մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը: Այսինքն՝ տարածքի վարձակալության սահմանված ժամկետը կերկարաձգվի մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 1-ը:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական բյուջեից հատկացվող գումարների տնտեսման նպատակով, պետական գույքի կառավարման կոմիտեն նոյեմբերի 19-ին գրությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեին առաջարկել է Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գործունեություն իրականացնելու փոխարեն դիտարկել պետական սեփականություն հանդիսացող Երեւանի Դավիթ Անհաղթի 23/6 հասցեում գտնվող 425 քմ տարածքը: Վիճակագրական կոմիտեն տեղազննություն է իրականացրել վերը նշված հասցեում եւ դեկտեմբերի 3-ին գրությամբ տեղեկացրել է, որ առաջարկվող տարածքի հիմնական պայմանները բավարարում են:
Բայց, չնայած սրան, Վիճակագրական կոմիտեն խնդիրներ է արձանագրել. առաջարկվող տարածքն ապահովված չէ ջեռուցման համակարգով, օդորակիչներով: Ավելին, պարզվել է, որ շենքի վերելակը մասնավոր սեփականություն է, եւ վերելակից օգտվելն իրականացվում է քարտերի միջոցով: Արդյունքում, առաջարկվել է Դավիթ Անհաղթ 23/6 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկ տեղափոխվելու գործընթացը կազմակերպել հաջորդ տարվա հուլիսի 1-ից: Հետեւաբար վարչության կողմից զբաղեցրած Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող 350քմ տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալած 350 քմ գրասենյակային տարածքի վարձավճարը մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 4934 դրամ: Իսկ 2021-ի հունվարի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածի համար պետական բյուջեից ծախսը Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալած 350քմ տարածքի վարձակալության համար կկազմի 10 մլն 361 հազար 400 դրամ: Ըստ պետական գույքի կառավարման կոմիետի՝ հաջորդ տարվա հուլիսի 1-ից առաջարկվող տարածք տեղափոխվելու արդյունքում կտնտեսվի 10 մլն 361 հազար 400 դրամ, որի հաշվին էլ կլուծվեն Դավիթ Անհաղթ 23/6 հասցեում գտնվող տարածքի խնդիրները:
Ստացվում է, որ Վիճակագրական կոմիտեն տարածքի վարձակալության համար տարեկան վճարում է 20 մլն 722 հազար 800 դրամ: Իսկ ՀՀ վիճակագրական կոմիտեն 2016 թվականի մարտի 1-ից է Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքից զբաղեցնում 350 քմ մակերեսով գրասենյակային տարածքը: Պետական բյուջեից միլիոնավոր դրամների հատկացումները արտառոց չէին թվա, եթե չլիներ հետեւյալ հանգամանքը. ըստ շրջանառվող լուրերի՝ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին՝ Բուլկի Արամին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները եւ հարազատները հանդիպում են պահանջում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության դիմաց ընթացող ակցիայի մասնակից Անահիտ Ադոյանը: «Բոլորն արդեն մեզ ընդունել են, բոլորին մեր հարցերն ուղղել ենք, սպասում ենք արձագանքի: Մենք ուզում ենք, որ Օնիկ Գասպարյանն ընդունի մեզ, հասկանանք, թե ինքն ինչ կարող է ասել»,- ասել է Ադոյանը: Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչեւ այժմ այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել, եւ ինչու է այսքան ձգձգվում գործընթացը: «Երբ որոնողական աշխատանքները տեղի ունենան, մենք այս ամբողջ խմբով կմիանանք դրանց»,- նշել է Անահիտ Ադոյանը: Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները եւ հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակում է ամենօրյա աշխատանքները ադրբեջանական կողմի խախտումների, այդ թվում՝ գերեվարված անձանց կոնվենցիոն իրավունքների պաշտպանության վերաբերյալ պահանջներ ներկայացնելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ «Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերիներ, որոնցից 26-ի մասով ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս ողջ ընթացքում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը համակարգել է մեր հայրենակիցների կոնվենցիոն իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները եւ ակտիվորեն կապի մեջ է եղել գերեվարված անձանց հարազատների հետ։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն գերատեսչություններին, միջազգային գործընկերներին եւ իրավապաշտպաններին, որոնք համագործակցել եւ շարունակում են համագործակցել գրասենյակի հետ՝ ի պաշտպանություն մեր հայրենակիցների իրավունքների։ Անվտանգության նկատառումներից, ինչպես նաեւ իրավասության առանձնահատկություններից ելնելով՝ մեր կողմից իրականացված ոչ բոլոր աշխատանքներն են ամենօրյա կտրվածքով հրապարակվում, ինչի առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը հորդորում է զերծ մնալ վերադարձած անձանց անունները կամ լուսանկարները հրապարակելուց եւ շրջանառելուց։
ՎԵՐԱԴԱՐՁԱԾՆԵՐԻՑ 2-Ը՝ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻՑ
Ադրբեջանական գերությունից վերադարձած 44 անձանց թվում են Տավուշի մարզի 2 բնակիչներ՝ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը եւ Այրում քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, 2001թ. ծնված Նարեկ Ամիրջանյանը։ Կարեն Ղազարյանն Ադրբեջանի տարածքում է հայտնվել 2018թ. հուլիսի 15-ին անհայտ հանգամանքներում։ Նա ունի բարձրագույն կրթություն, տարիներ առաջ հոգեկան բնույթի հիվանդություն է ձեռք բերել։
Ժամկետային զինծառայություն չանցած Կարեն Ղազարյանին Ադրբեջանը ներկայացրեց իբրեւ դիվերսանտ, ով փորձել է պայթեցնել Ղազախ քաղաքի շուկան։ 2020թ. փետրվարի 27-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքով նրան դատապարտեց 20 տարի ազատարզրկման։ Կարենը գտնվում էր միջազգային իրավունքի պաշտպանության տակ, Ադրբեջանում նրա հայտնվելուց օրեր անց նրա իրավահաջորդի ներկայացուցիչները դիմել են ՄԻԵԴ, Եվրադատարանը կոմունիկացրել էր նրա գործը, սկսել գործի քննություն։
2018թ. նոյեմբերի 17-ին եւ 18-ին Կարեն Ղազարյանի հարազատները եւ համագյուղացիները բողոքի ակցիա էին իրականացրել՝ Բերդավան գյուղում եւ Այրումի ջրհան կայանների վարչական շենքի խաչմերուկում փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, պահանջելով փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի գերիներին եւ վերադարձնել Կարեն Ղազարյանին։ Բերդավան գյուղ՝ Կարեն Ղազարյանի հորական տուն էր այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նա 2019թ. ապրիլի 2-ին դիմել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ վերջինիս խնդրելով միջնորդել Կարեն Ղազարյանին ազատ արձակելու հարցում։ Կարեն Ղազարյանի հայրը՝ Արմեն Ղազարյանը, լրատվամիջոցներին հայտնել էր՝ ինքը Կարմիր խաչից տեղեկացել է, որ գերության մեջ որդու վիճակը լավ չէ, լավ չի սնվում, դեղորայք չի ընդունում, ոչ մեկի հետ չի շփվում։ Չամուսնացած Կարեն Ղազարյանը բնակվում էր հորական տանը, որը գտնվում է Բերդավանի ծայրամասում՝ Ադրբեջանի հետ սահմանից մոտ 600 մետր հեռավորությամբ։
Այժմ՝ նրա վերադարձից հետո, կարող է պարզվել, թե ինչպես է Կ. Ղազարյանը հայտնվել Ադրբեջանի տարածքում, նրան գերեվարել են Հայաստանի տարածքում արդյոք, տեղափոխել Ադրբեջան։ Այրում քաղաքի բնակիչ Նարեկ Ամիրջանյանը Հայաստան վերադարձից հետո՝ դեկտեմբերի 15-ին, գտնվում էր Երեւանի զինվորական հոսպիտալում։ Այդ մասին հայտնեց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը։ Դեկտեմբերի 15-ի առավոտյան Նարեկին այցելել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Տավուշի մարզից ընտրված պատգամավոր Վահե Ղալումյանը։ Վերջինիս խոսքերով՝ Նարեկը արտաքինի, դեմքի եւ վերջույթների վնասվածքներ չունի, ինչը չի նշանակում, թե նա լիովին առողջ է։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ