ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին․ ծավալները զգալի նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները զգալի նվազել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 18 մլն 799 հազար 200 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 99 մլն 111 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. պարզվեց, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են մարդասիրական օգնություն: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 4 մլն 187 հազար 700 դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 879 հազար 600 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստան եկել է 535 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 10 ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 1 մլն 228 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 10 մլն 288 հազար 800 դոլար:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, այն էլ`Ռուսաստանի Դաշնությունից: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանից այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ եկել է 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան եկած մարդասիրական օգնությունը կազմել է 64 հազար 900 դոլար:

Հնդկաստանից Հայաստանը մարդասիրական օգնություն է ստացել`575 հազար 400 դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի պակասել է: Օրինակ, անցյալ տարվա 10 ամիսներին Հնդկաստանից ՀՀ եկել է 2 մլն 731 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում ավելացել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստան Չինաստանից եկել է 1 մլն 642 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 2 մլն 396 հազար դոլար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս