Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մանրամասնել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով բարձրացնելու որոշումը: «2020 թվականի դեկտեմբերի 15-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%:
2020 թվականի նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%՝ դեռեւս ցածր գտնվելով նպատակային 4% մակարդակից։ Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաեւ 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2.0%։ Չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի եւ դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի եւ տնտեսական ակտիվության վրա։ Մյուս կողմից, 2021թ. տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձեւավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում գնաճային միտումներ են արձանագրվել թե՛ հումքային եւ թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն աստիճանաբար արտահայտվում է նաեւ գործընկեր երկրների գնաճային միջավայրի վրա: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն:
Երրորդ եռամսյակում ՀՀ-ում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9.1% տնտեսական անկում, ինչը ձեւավորվել է տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին: Չորրորդ եռամսյակում, ԿԲ գնահատականների համաձայն, ցածր տնտեսական ակտիվությունը եւ թույլ ներքին պահանջարկը կպահպանվի` պայմանավորված ՀՀ-ում ռազմական դրության հաստատման եւ կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման, ինչպես նաեւ նշված գործոնների ներքո տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշության բացասական ազդեցություններով: Մյուս կողմից, ամբողջական պահանջարկին կշարունակի դրական նպաստում ունենալ նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Նման պայմաններում 2020 թվականի համար տնտեսական աճի տարեկան գնահատականները չեն վերանայվել։
Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը եւ երկրի ռիսկի հավելավճարի աճը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաեւ գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակվում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4%-ի շուրջ։
ԿԲ խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կարճաժամկետ հատվածում առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր վերեւի ուղղությամբ, ուստի Կենտրոնական բանկը մշտապես հետեւում է իրադարձությունների զարգացմանը եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։
ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերել են հարկային եւ մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործությանը, եթե, ըստ տնտեսավարողների, կայացվել են ոչ արդարացի որոշումներ: Բողոքարկման հանձնաժողովում որոշումները կայացվում են բազմակողմանի քննման արդյունքում: 2020 թվականի նիստերի արդյունքները ցույց են տալիս, որ ավելացել են հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումները: Հունվար-նոյեմբեր ամիսներին բավարարվել է հարկ վճարողների մոտ 1015 բողոք, ինչը 42 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ 70 բողոք բավարարվել է մասնակի, կարճվել է 422-ը, մերժվել է 682 բողոք, իսկ 4 բողոքի դեպքում կասեցվել է վարույթը։
5 ՀԱԶԱՐ ՊԱՅԹՈՒՑԻԿ ԱՌԱՐԿԱ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակել են պայթունավտանգ իրերի ոչնչացումը։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: «Անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզում եւ ականազերծում, մաքրվել է 1,5 կմ ճանապարհ, ոչնչացվել է պայթունավտանգ 189 առարկա։ Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 156 հա տարածք, ավելի քան 40 կմ ճանապարհ, 375 շենք-շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 5 հազար պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
438 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 438 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 149120 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 551637, վերջին մեկ օրում` 1905 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 18513 պացիենտ. մեկ օրում նվազել է 1082-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 127452 անձ, վերջին մեկ օրում՝ 1486 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2529 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 626 է:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՎՏԲ-Հայաստան» բանկն առանձնահատուկ նշանակություն է տալիս մարզերում կրթության եւ սպորտի զարգացմանը: «ՎՏԲ-Հայաստան» բանկը` Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցի տանիքի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, որը քանդվել էր 2020 թվականի մայիսին ուժգին քամու հետեւանքով: Այդ պատճառով դպրոցում դասերը չեղարկվել էին, եւ 140 աշակերտներ չունեին կրթություն ստանալու հնարավորություն, քանի որ վերջինս գյուղի միակ դպրոցն է: «ՎՏԲ-Հայաստան» բանկը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց Շիրակի մարզի խնդրանքին՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով դպրոցին, ինչի շնորհիվ արդեն հոկտեմբերին հիմնանորոգման աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին, եւ դպրոցում վերսկսվեցին դասերը: Ֆինանսական աջակցության հերթական ծրագրի շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան» բանկը՝ ՀՀ բանկերի միության հետ համատեղ, հովանավորել է նաեւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ֆուտբոլի խաղադաշտի կառուցման եւ բարեկարգման նախագիծը: Շիրակամուտում ֆուտբոլն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այս մարզաձեւի ավանդույթներն այստեղ փոխանցվում են սերնդեսերունդ, սակայն մարզիկները չեն ունեցել պատշաճ պայմաններ ամենօրյա մարզումների համար: Ցուցաբերված աջակցության եւ համատեղ ջանքերի շնորհիվ` 2020 թվականի հոկտեմբեր ամսից ապագա չեմպիոնները մարզվում են մաքուր օդին, ժամանակակից չափանիշներին համապատասխանող ֆուտբոլի դաշտում: «ՎՏԲ-Հայաստան» բանկի համար երիտասարդների կրթությունը եւ մարզական կարողությունների զարգացումը առանձնահատուկ կարեւոր են, հենց այդ պատճառով Բանկը միշտ աջակցություն է ցուցաբերում ուսումնական հաստատություններին՝ հատկապես մարզերում դպրոցականներին եւ ուսանողներին մոտիվացնելու նպատակով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու եւ հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2020թ. դեկտեմբերի 12-ին մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել է: