«ՄԻՇՏ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ». ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես կուսակցություններին չեմ միացել, ես անկուսակցական մարդ եմ եւ երբեք չեմ եղել որեւէ քաղաքական շարքերում, բայց երբ կրկնվում է, թե մտավորականությունը չի խոսում, բնական է մեր նման ընդվզումը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  հայտարարել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Վիգեն Ստեփանյանը:

 

«Մտավորականությունը խոսում է, բայց մտավորականությունը նաեւ այն շերտն է, որ բացի խոսելուց , նաեւ լսելու կարիք ունի, իսկ մեզ այսօր չեն լսում: Լսում են նրանց, ում խոսքերը հաճո են, ով հպարտ ու թավշյա լոզունգներով  մարդկանց մոլորության մեջ են գցում»,- նշում է մեր զրուցակիցը:

ՀՀ վաստակավոր արտիստի փոխանցմամբ՝ Թավշյա հեղափոխությունից հետո մտավորականների ձայնն այդպես էլ լսելի չի եղել. «Դեռ եղեռնի տարիներին Գրիգոր Զոհրաբի առաջին քայլերից մեկն է եղել փրկել մտավորականներին, անգամ սովետական միության ժամանակ բոլոր հաշվետվությունների մեջ վերջին տողով գրվում էր. «Ներկա էին մշակույթի եւ գիտության գործիչներ»: Իմ կարծիքով՝ մեր բաժին մեղքն էլ կա այստեղ, որ  պարզապես մեր կարեւորությունը չհասկացան այդպես էլ, մեր խոսքը թողեցինք մեր շրջանակներում, չհասանք մարդկանց, եւ իմ այսօրվա խոսքն ուղղված էր նրան, որ ի վերջո մարդիկ հասկանան, որ  եթե մենք այսօր չխոսենք հասարակության հետ, նույնիսկ ամենաանկարող, նույնիսկ հնդկական սերիալներ նայողները, բոլորն էլ մեր համաքաղաքացիներն են:  Ընդհանրապես մոլորվելն ու սխալվելը հեռու չէ մեզանից»:

Վիգեն Ստեփանյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը միշտ է պահանջել եւ երբեք չի հավատացել նրա «թավշյա» լոզունգներին:

«Ես միշտ եմ պահանջել Նիկոլի հրաժարականը, բայց ոչ թե որպես կուսակցական կամ քաղաքական գործիչ. այլեւս  չեմ կարող ապրել երկրում, որի օդում սուտն է սավառնում: Ես չեմ կարող այլեւս հավատալ որեւէ մի ղեկավարի, իսկ առանց հավատի, կործանում է, փակուղի է, ո՞նց կարող է մարդ ապրել առանց հավատի, եւ առաջին քրիստոնյա ազգը լինելով՝ հավատը պետք է դառնա մեր առաջմագիծը: Ես առաջին օրվանից չէի հավատում այս իշխանությանը, եւ դրա մասին գիտեն բոլորը: Ես երբեմն միայնակ վեճի էի բռնվում բազմաթիվ մարդկանց հետ, բայց ես ասում էի, որ ես ճանաչում եմ այդ մարդկանց զուտ թատերական տեսակետից, վատ դերասանի տեսակետից: Վատ բեմականացում էր կոկորդ ճղելը, «դուխով» գլխարկները, փաթաթած ձեռքերը»,-նկատում է դերասանը:

Վիգեն Ստեփանւյանի հավելմամբ՝ շատ մտավորականներ, դերասաններ փորձել են հավատալ ներկա իշխանությանը, եւ դրա մեջ վատ բան չկա, եւ այսօր այդ նույն  մարդիկ  ապրում են հիասթափություն, բայց նրանց ստեղծագործական կարողություններն ու ուժը իրենցից ոչ ոք չի խլում:

«Դա ուղեցույց դարձնել չի կարելի: Պատերազմը չի վերջացել, այն դեռ շարունակում է, եւ վերջանգիծը դեռ չեն քաշել»,-եզրափակում է նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 

 

 

ԵՎԳԵՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ

Կատակերգու Եվգենի Պետրոսյանն Instagram-յան էջում մեկնաբանել է իրավիճակը, որը ստեղծվել է իր խոսքերից հետո այն մասին, որ Արմեն Ջիգարխանյանը մահացել է «տառապանքների մեջ», եւ ներողություն խնդրել դրա համար։

 

Պետրոսյանը հայտնել է, որ հարցազրույցի նախօրեին, որի ընթացքում մտադիր էր խոսել միայն ստեղծագործության մասին, իրեն գրել է մեկը, ում ինքը մի փոքր ճանաչել է։ Նրա խոսքով՝ վերջինս, իբրեւ, եղել է հիվանդանոցում, ուր գտնվել է Ջիգարխանյանը։ «Նա նկարագրել է հենց այն պատկերը, որի մասին ես պատմել եմ։ Ես բացարձակապես մտադիր չէի իմանալ, թե իմ կողմից ում օգտին է պատմվել այդ փաստը։ Ինձ անհանգստացնում էր միայն արտիստի ճակատագիրը»,- պարզաբանել է հումորիստը։

Նա նշել է, որ հարցազրույցի ընթացքում իրենից կորզել են թեմաներ, որոնք ինքը չի պայմանավորվել քննարկել։ «Խառնվածքիս բերումով չդիմացա, խոսեցի այդ մասին այն կոնտեքստում, որ նորաձեւ խայտառակություն է դարձել հեռուստատեսությամբ փորփրել հարգված մարդու անձնական կյանքը, հերյուրանքներ պատմել ու պատահական մարդկանց, որոնք պատկերացում չունեն այդ անձնական կյանքի մասին, թույլ տալ դատել դրա մասին։ Եվ, որպես օրինակ, ես ներկայացրի Արմեն Բորիսովիչին»,- նշել է արտիստը։

Հարցազրույցի ձայնագրությունից հետո նա նկատողություն է արել հաղորդավար Վյաչեսլավ Մանուչարովին, որ զրույցի երկրորդ մասում անդրադարձ է կատարվել անձնական թեմաների։ Բացի այդ, Պետրոսյանը խնդրել է չներառել Ջիգարխանյանի մասին պատմությունը, քանի որ տեղեկությունը հաստատված չի եղել, եւ ինքն իրավունք չի ունեցել խոսել այդ մասին։ Հումորիստը նշել է, որ Մանուչարովը խոստացել է դա։ Բացի այդ, արտիստին խոստացել են ցույց տալ մոնտաժված թողարկումը եւ եթերից հանել այն, ինչ ինքն անհրաժեշտ չի համարի։ Պետրոսյանը, սակայն, նշել է, որ դա եւս չի արվել։ Նա կարծում է, որ հաղորդավարը պայմանավորվածություն է ձեռք բերել «Առաջին ալիք»-ի հետ ու վաճառել հարցազրույցը։ Հումորիստը խոստովանել է, որ դա լուրջ հարված է եղել, քանի որ ինքը հարցազրույց է տվել YouTube-ի, ոչ թե դաշնային ալիքի համար։

«Ավելին, ես երբեք այդպիսի հաղորդումների չեմ գնացել եւ չեմ գնա, քանի որ դրանք այս օրերի խենթություն եմ համարում, ուր քննարկվում են կեղծ հաշիվներ, ուր հաճույքով լսում են մտացածին կամ խեղաթյուրված փաստեր, հավաքվում են տարօրինակ մարդիկ, որոնք պատկերացում չունեն, թե ինչի մասին է իրականում խոսքը»,- պարզաբանել է արտիստը։ Նա նաեւ ներողություն է խնդրել, որ նման իրավիճակ է ստեղծվել։

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

France Football-ը ներկայացրել է այսպես կոչված երազանքների թիմը՝ սպորտի պատմության լավագույն ֆուտբոլիստների հավաքականը։ Խորհրդանշական թիմի դարապասապահ է հայտարարվել ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Լեւ Յաշինը։ Լավագույն պաշտպաններ են հայտարարվել բրազիլացի Կաֆուն եւ գերմանացի Ֆրանց Բակենբաուերը, իտալացի Պաոլո Մալդինին։ Երազանքների թիմի կիսապաշտպաններ են հայտարարվել գերմանացի Լոտտար Մատեսուսը, արգենտինացի Դիեգո Մարադոնան, իսպանացի Խավի Էրնանդեսը, բրազիլացի Պելեն։ Լավագույն հարձակվողներ են հայտարարվել Լիոնել Մեսսին, Քրիշտիանու Ռոնալդուրն եւ բրազիլացի Ռոնալդոն։

 

 

ՄՏԱԴԻՐ Է ԲԱԺԱՆՎԵԼ

Միլանի «Ինտերը» ձմռանը մտադիր է բաժանվել իր 5 ֆուտբոլիստներից. տեղեկացնում է Gazzetta Dello Sport-ը: Դրանց թվում են Ռաջա Նայինգոլանը, Իվան Պերիշիչը, Կրիստիան Էրիկսենը, Մատիաս Վոսինոն եւ Անդրեա Պինամոնտին: Վաստակած գումարով իտալական ակումբը կփորձի ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը: Հիշեցնենք, որ 11 տուրից հետո «Ինտերը» զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Գերմանական «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»: 22-ամյա պաշտպանի համար պայքարում «Բավարիան» առաջ է անցել անգլիական «Լիվերպուլից» ու «Մանչեսթեր Յունայթեդից» եւ մոտ է ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության գալուն: Ուպամեկանոն «Լայպցիգ» է տեղափոխվել 2017 թվականին ավստրիական «Զալցբուրգից»: Ուպամեկանոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականի հունիս: Դայո Ուպամեկանոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 42 միլիոն եվրո:

 

 

ՀՈԼԱՆԴԸ ՊԱՏՄԵԼ Է

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը պատմել է Թուրինի «Յուվենտուս» չստացված տեղափոխության մասին: «Այո, ես մոտ եմ եղել «Յուվենտուս» տեղափոխվելուն, սակայն երբեք չեմ պատմել այդ մասին: Ես այժմ «Բորուսիայի» ֆուտբոլիստ եմ եւ շատ ուրախ եմ դրա համար: Ցանկանում եմ երկար մնալ ակումբում եւ մեծ հաջողությունների հասնել»,-ասել է 20-ամյա ֆուտբոլիստը:  Էրլինգ Հոլանդը 2020-ի հունվարին էր տեղափոխվել «Բորուսիա», որի կազմում անցկացրած 29 խաղերում դարձել է 27 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

 




Լրահոս