Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, սահմանների հստակեցմանը, գերիների վերադարձին եւ ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցերի շրջանակ։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ որոշում են կայացրել հանդիպմանը, ու որոնք են լինելու իրենց հետագա անելիքները:
-Պարո՛ն Սահակյան, ընդդիմության կարծիքով՝ եթե կուսակցությունների առաջնորդները հանդիպում են ունենում իշխանության ներկայացուցիչների հետ, նշանակում է, որ կիսում է նրանց դիրքորոշումը: Արդյո՞ք դա այդպես է, ու ձեր օրակարգում չկա՞ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ:
-Մենք դիրքորոշում ենք ներկայացրել, ինչպե՞ս կարող են նման բան հայտարարել: Մենք նշել ենք՝ վարչապետը պետք է հեռանա, ինչ-որ չեզոք մարդ գա, որը ի վերջո երկրում կայունություն կհաստատի ու կտանի արտահերթ ընտրությունների: Ի՞նչ է նշանակում, եթե հանդիպել ես իշխանության ներկայացուցչի, իր հետ ես. քաղաքականությունը ճիշտ չի ներկայացվում, դա ի՞նչ ասելու բան է, դա այդպես չէ:
-Այսինքն՝ այն պահանջը, որը ներկայացնում է ընդդիմությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, դա նաեւ Ձեր դիրքրոշումն է ու պահա՞նջը:
-Հրաժարական ներկայացնելը միակ լուծումը չի, այնտեղ կա անվստահություն հայտնելու հարց, հետագայում կարող է ԱԺ-ն հետ կանչել այդ մարդուն:
-17 ընդդիմադիր կուսակցությունները առաջարկում են ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, ձեր կուսակցությունը կողմնակի՞ց է, որպեսզի ժամանակավոր ՀՀ-ն կառավարի Մանուկյանը:
-Ոչ, երբ որ մենք ասում ենք՝ չեզոք, ի նկատի ունենք, որ ոչ մի կողմի ներկայացուցիչ չի:
-Իսկ Ձեր կուսակցությունն ունի՞ վարչապետի իր թեկնածուն, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի:
-Մեր ունեցածը քիչ է, պետք է Ազգային Ժողովը ընտրի, մենք չափորոշիչներ ենք դնում: Մենք քաղաքական կուսակցություն ենք, բնական է, որ մեր թեկնածուն մեր կուսակցությունից կարող է լինել, բայց մենք չափորոշիչներ ենք դրել, թող իրենք ընտրեն: Պետք է լինի չեզոք մարդ, որ ո՛չ նրանց կներկայացնի եւ ո՛չ էլ նրանց:
-Այս պահին խորհրդարանականները առաջարկել են երկու թեկնածու՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ իրենց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության համար նախընտրելի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այս երկու թեկնածուների հետ կապված, ո՞ւմ եք պատկերացնում ՀՀ վարչապետ:
-Այս պահին որեւէ թեկնածություն առաջադրված չի, ո՛չ Վազգեն Մանուկյանի եւ ո՛չ էլ Էդմոն Մարուքյանի: Մենք ներկայացրել ենք մեր դիրքորշուոմը: Մենք ասում ենք՝ պետք է լինի չեզոք մարդ ու թիմ, կամ այդ չեզոք մարդուն վստահելով, որը թիմ կձեւավորի եւ որը կձեւավորի կառավարություն, կիրականացնի ռեֆորմներ, օրենքները կանցկացնի, ընտրությունների կպատրաստվի, արդարադատական ռեֆորմ կիրականացնի եւ այլն, որպեսզի հարմար միջավայր ստեղծվի նոր ԱԺ արտահերթ ընտրությունների համար: Եւ ամենակարեւոր բանը այստեղ, որ այդ մարդը կամ այդ խումբը չեն մասնակցի ընտրություններին, որպեսզի ո՛չ բյուջեն ծառայեցնեն իրենց քաղաքական փիառ անելու համար, ո՛չ էլ պետական ծառայությունը քաղաքական նպատակներով ի շահ իրենց: Էդմոն Մարուքյանն այդ առումով դժվար համաձայնի չմասնակցել ընտրություններին, դրա համար դուրս է գալիս մեր չափորոշիչների շրջանակներից:
Հ. Գ. Նշենք, որ երեկ էլ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին հետ, ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել էին Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԹԱՆԿԱՑԵԼ Է
Հացը թանկացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեւանյան սուպերմարկետներում, խանութներում հացի գինը բարձրացել է 10 դրամով: Բացի այս, տնտեսվարողները սպառողներին զգուշացնում են, որ այն առաջիկայում եւս 10 դրամով թանկանալու է: Բացի այս, թանկացում արձանագրվել է նաեւ հավկիթի շուկայում. ձվի մեկ հատիկը 55-60 դրամից դարձել է 70-72 դրամ: Թանկացել է նաեւ պանիրը, թռչնամիսը: Իսկ, ահա, ձեթի շուկայում մեր քաղաքացիները թանկացում նկատել են ավելի քան մեկ ամիս առաջ:
ArmLur.am-ը այս խնդրի շուրջ դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ Հանձնաժողովը շուկայում այժմ մոնիթորինգ է իրականացնում, որի արդյունքների վերաբերյալ կտեղակացնեն աշխաատանքներն ամփոփելուն պես: Արձանագրենք, որ թանկացումների մասին քաղաքացիներն ավելի քան մեկ ամիս է, ինչ բարձրաձայնում են, բայց հանձնաժողովը դեռ մոնիթորինգ է անում: Փոխարենը՝ հանձնաժողովից ArmLur.am-ին հայտնում են, որ գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չեն իրականացնում, այլ վերահսկողություն են իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսեւորման երեւույթներ։ Իսկ եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՏՄՊՊՀ֊-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ Կարճ ասած, դեռ հայտնի չէ եւ պարզ էլ չէ, երբ հայտնի կլինի՝ արդյոք հացի, ձվի գնի բարձրացումը հիմնավորված է, թե ոչ: Մյուս կողմից, երեկ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կանխատեսեց, որ առաջիկայում գնաճի տեմպը կարագանա. ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի այդկերպ փորձի զսպել այն։
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։ Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի թերեւս ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում»:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՁՅՈՒՆԸ ԾԱԾԿՎԵԼ Է ԱՐՅՈՒՆՈՎ
Լեռնային Ղարաբաղում ձյունը ծածկվել է արյունով. գրում է ֆրանսիական Le Monde թերթը: «Դեկտեմբերի 11-ին եւ դեկտեմբերի 12-ին մահաբեր միջադեպերը մոխրագույն գոտիներ առանձնացրեցին հրադադարի մասին հակիրճ հռչակագրում, որը մեկ ամիս առաջ ստորագրել էին Երեւանը, Բաքուն եւ Մոսկվան: 4 ադրբեջանցի զինվոր է սպանվել Հադրութ քաղաքի մոտակայքում: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը իր հերթին դատապարտում է 6 հայ զինվորների վիրավորման փաստը»,-գրում է թերթը:
Ռազմաճակատի գիծը փոփոխվել է հօգուտ Ադրբեջանի, որը գրավել է Հին թաղեր գյուղը, նախքան իրավիճակին կմիջամտեին ռուս զինվորները. նշում է թերթը:
«Խծաբերդ եւ Հին շեն գյուղերի վրա հարձակումները շրջափակում ստեղծելու նպատակով անհաջողությամբ են պսակվել: Դա առաջին խոշոր միջադեպն էր նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրումից հետո, որը վերջ դրեց 44 օր տեւած պատերազմին, որի զոհ դարձավ առնվազն 6000 մարդ»,-նշվում է հոդվածում:
«Մարտական գործողությունների գոտին գտնվում է լեռնային տարածքում՝ Լաչինի միջանցքից հարավարեւելյան ուղղությամբ դեպի Ջեբրայիլ քաղաք-ուրվական: 6 գյուղ մնացել է հայկական հսկողության տակ, որը, իբր, գրավվել է ադրբեջանական բանկի կողմից խորհրդանշական քաղաք Շուշիի համար բախումների ժամանակ: Դա շրջան է, որը «մոռացվել է» 1960 ռուս զինվորների կողմից, որոնք տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի հայերին պաշտպանելու համար»,-նշում է թերթը:
«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին մի քանի օրվա ընթացքում, ոչ 100 տոկոսով, սակայն հստակ հասկացրեց, որ իրավիճակը մնում է անկայուն: Ռուս զինվորների թիվը քիչ է, որպեսզի շփման ողջ գիծը փակվի, եւ ես վստահ չեմ, որ հայկական ղեկավարությունը գիտի, թե որտեղ են իր բոլոր զինվորները»,- թերթը մեջբերում է ռազմական փորձագետ Ռոբի Լիի՝ թվիթթերում արված գրառումը: «Չնայած տարածաշրջանում տեղացած ձյանն ու դժվարանցանելիությանը՝ ռուսական զորքերը շտապեցին միջամտել, որպեսզի կանխվի լարվածությունը, որը վնաս կհասցներ նրանց իմիջին եւ, հավանաբար, կխախտեր փխրուն հրադադարը»,- նշվում է հոդվածում: