«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ տեղեկացանք, որ ամբողջ խմբակցությունից հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 20 պատգամավոր:
Այդքան սակավամարդ հանդիպումն էլ պայմանավորված է հենց Արմեն Գրիգորյանի անձով, քանի որ շատերը չեն ցանկացել հանդիպել նրան՝ հենց Գրիգորյանին համարելով Արցախում պատերազմի եւ դրա հետեւանքների պատասխանատուներից մեկը: Այսպիսով, տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ պատգամավորներն Արմեն Գրիգորյանին հորդորել են հրաժարական տալ եւ հեռանալ, քանի որ նա եւս տապալել է իր գործառույթները եւ չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե:
Ընդ որում, տեղեկցանք, որ հանդիպման նախաձեռնողը հենց խմբակցությունն է եղել, քանի որ հաճախ հանդիպումների ժամանակ հարց է բարձրաձայնվել, թե ուր է Արմեն Գրիգորյանը, ինչով է զբաղվում: Եվ, ահա, այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով Արմեն Գրիգորյանին հրավիրել էին խորհրդարան եւ քննադատել՝ ասելով, որ պետք է հրաժարական տա: Սակայն Արմեն Գրիգորյանը պատգամավորներին ասել է, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս գրել էր, որ հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արմեն Գրիգորյանը գրեթե ոչ մի հանդիպում չի ունեցել եւ չի կատարել երկրի անվտանգության հարցերին առնչվող իր գործառույթները:
Մանրամասն՝ թերթի այսօրվա հսմարում։