Քրեական գործեր՝ արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծած և Թուրքիայի Հանրապետության գործուն աջակցությամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների ներգրավմամբ իրականացված ագրեսիվ պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առավել մեծ հետևողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում՝ պատերազմին, դրա աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող հանցավոր դրսևորումների վերաբերյալ տվյալների և փաստերի հավաքագրման նպատակով:

Նկատի ունենալով ցավալի արդյունքով պատերազմի պատճառահետևանքնային կապերը, դրան հանգեցրած իրողություններն ու հանգամանքները հատկապես քրեաիրավական դաշտում օբյեկտիվ քննությամբ ուսումնասիրության առարկա դարձնելու և գնահատելու խիստ անհրաժեշտությունը, մշտադիտարկման արդյունքնում արձանագրված բազմաթիվ այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ պարունակել են տարբեր հանցագործությունների հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազությունից հընթացս անմիջապես ուղարկվել են համապատասխան քննչական մարմիններ՝ դրանցում նշվող հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգման, իրավական գնահատման առարկա դարձնելու հանձնարարություններով:

Արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում դատախազական պատշաճ և հետևողական դատավարական վերահսկողության ներքո քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր, որոնց վերաբերյալ, հաշվի առնելով ռազմական դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումները, հանրային իրազեկվածության ապահովման առաջնայնությունից ելնելով ներկայացվում է հետևյալը:

2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց: Այս քրեական գործով ներկայում քննչական, դատավարական այլ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում նմանատիպ արաքներ կատարած այլ անձանց հայտնաբերելու, տեղի ունեցածի պատճառների և հանգամանքների բացահայտման ուղղությամբ:
ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից ԱՀ պաշտպանության բանակի՝ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ: Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում կան նաև մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք:
Ռազմական դրության պարագայում Արցախի Հանրապետության հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով 2020թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է:
2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։
Արդյունքում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քերական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։

Նշվածն առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5մլրդ դրամ առաջարկվելու վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունից ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է:

Բացի այդ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի կողմից արված՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հայերեն լեզվին տիրապետող ադրբեջանցիներին անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր բաժանելու, 400 ադրբեջանցիների կողմից Նախիջևանից Քաջարանով Արցախ անցնելու, 2018թ-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն ԱՄՆ դոլար ստանալու մասին նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունից ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Գ. Իսաղուլյանը հրաժարվել է իր հայտնած հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց, իսկ նրա կողմից նշված հանգամանքների ստուգման նպատակով վարույթի շրջանակներում ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, արդյունքում նման տվյալներ չեն ստացվել: Ելնելով դրանից՝ կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով վերոնշալ հայտարարությունների առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, որից հետո հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով:
Զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռևս 2020թ. նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վեր հանված մի շարք հրապարակումներում, գրառումներում և տեսանյութերում առկա են պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը՝ կից տեսանյութերով և հրապարակումներով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ներկայացված տվայլները պարզելու, լիարժեք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող վերոնշյալ քրեական գործի շրջանակներում դատավարական, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ:
Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 07.12.2020թ. այս կապակցությամբ տրվել է քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրվել է գրություն՝ սեղմ ժամկետում վերոնշյալ ցուցումով սահմանված և դրանից բխող քննչական և այլ դատավարական գործողությունները կատարելու և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների հետ նախաքննական մարմնի համագործակցության ապահովմամբ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Քրեական այս գործի շրջանակներում մանրակրկիտ քննության առարկա դարձնելու նպատակով հընթացս ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱԱԾ քննչական դեպարտամենտ են ուղարկվել նաև ԶԼՄ-ների բազմաթիվ այլ վերաբերելի հրապարակումներ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում ծավալված ռազմական գործողությունները լուսաբանած հայտնի ռուս լրագրողի հրապարակային արված դիտարկում-վկայությունները, ենթադրաբար Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քրտուղար Սամվել Բաբայանի՝ 12.12.2020թ. հրապարակված հարցազրույցը և այլն:

Բացի վերոնշյալը, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, դրանց իրականացման գործընթացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ: Այդ գործերի շրջանակներում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա են դարձվում ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով տարածվող՝ նման գործընթացների վերաբերյալ՝ իրենց մեջ որոշակիություն ունեցող հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն ու տեղեկությունները, դրանց կից ներկայացվող փաստաթղթերը:

Այս բնույթի քրեական վարույթների վերաբերյալ հետագայում կտրվի առանձին համապարփակ տեղեկատվություն:

Իրականացվող բոլոր վարույթների շրջանակում հատուկ քննության առարկա է դառնալու պատերազմի վերջնական արդյունքի վրա առերևույթ հանցավոր դրսևորումների ունեցած ազդեցության հարցը, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:




Լրահոս