ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱԳՆ-Ն ՏԵՂԵԿԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության ու իր անդամ երկրների միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացումն ու խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ ներկայացնելով տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ:

 

Տեղեկանքում ասվում է. «Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության համար կարեւոր գործընկեր է ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ ցուցաբերված նշանակալի աջակցությամբ, հատկապես դատական եւ ոստիկանական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկ, բնապահպանական եւ մի շարք այլ ոլորտներում։

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության իրավական հիմքը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ), որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագրի դրույթների մոտ 80%-ն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսից. համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ 27 երկրների կողմից վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո: ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցրել եւ այդ մասին Եվրոպական խորհրդի եւ ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանն է տեղեկացրել ԵՄ անդամ 25 երկիր։

Գործընկերության խորհուրդը հանդիսանում է ՀԳԸՀ-ով նախատեսված ՀՀ-ԵՄ բարձրագույն կանոնադրային մարմինը, որի նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ Բրյուսելում: Նիստերին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է արտաքին գործերի նախարարը, ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը:

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2018թ. հունիսի 21-ին, երկրորդը՝ 2019թ. հունիսի 13-ին:

ԵՄ հետ համագործակցության կարեւոր հարթակ է Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափը: ԱլԳ օրակարգի մշակման հարցում Հայաստանի համար կարեւոր են ԵՄ կողմից տարածաշրջանային կապակցվածության ներառական ծրագրերի նախաձեռնումը, ԱլԳ ամբողջականության պահպանումը, տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ԵՄ կողմից տարբերակված մոտեցման ցուցաբերումը:

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները. ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը հանդիսանում է ՀՀ-ԵՄ օրակարգի կարեւորագույն կետերից, որի շուրջ ՀՀ ԱԳՆ կողմից տարվում են նպատակաուղղված աշխատանքներ թե՛ ԵՄ համապատասխան կառույցների եւ թե՛ հատկապես ԵՄ անդամ երկրների հետ:

Հայաստանի եւ ԵՄ միջեւ ակտիվ կերպով զարգանում է խորհրդարանական համագործակցությունը, որի հիմնական երկկողմ ձեւաչափը Խորհրդարանական գործընկերության կոմիտեն է: Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության հարթակն է Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովը:

Նոյեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ հատկացնում է լրացուցիչ 3 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնություն՝ «ԼՂ-ում եւ դրա շուրջ հակամարտության» հետեւանքով ամենից շատ տուժած քաղաքացիական անձանց համար։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 30-ին, ԵՄ հայտարարել էր լրացուցիչ 400,000 եվրոյի չափով մարդասիրական աջակցություն տրամադրելու որոշման մասին՝ «ԼՂ-ում եւ դրա շուրջ հակամարտության» հետեւանքով տուժած քաղաքացիական անձանց ամենահրատապ կարիքները հոգալու համար։ Այս աջակցությունը լրացնում էր «շփման գծի երկու կողմերում» հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության համար հոկտեմբերի սկզբին ԵՄ կողմից հայտարարված 500,000 եվրոյի չափով նախնական հրատապ մարդասիրական աջակցությանը։

 

 

 

ԿՐԿՆԱԿԻ ՍՐՄԱՆ ՌԻՍԿ ԿԱ

Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի շուրջ վերջին իրադարձությունների զարգացման ֆոնին «ՌԻԱ Նովոստի»-ին զրուցել է մի շարք փորձագետների հետ, որոնք կարծիք են հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտությունում նոր միջադեպերի առաջացման հնարավորությունը չի կարելի բացառել: «Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ կողմերը պահպանեն հրադադարը։ Ես ողջունում եմ այն, որ ռուս խաղաղապահներն արագ ժամանել են բախումների գոտի, դա շատ կարեւոր է։ Բայց, իմ կարծիքով, չի կարելի համարել, որ տարբեր տեսակի միջադեպերի առաջացման վտանգ առկա չէ»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տեղեկատվություն հրապարակել այն մասին, թե ով է խախտել հրադադարը, որը հաստատվել է 1994 թվականին եւ գոյություն է ունեցել շուրջ 26 տարի:

Նման կարծիք է հայտնել նաեւ ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասյան բաժնի առաջատար գիտաշխատող Վադիմ Մուխանովը։ «Ոչ մի երաշխիք չկա, որ իրավիճակի կրկնակի սրացում չի լինի։ Առավել եւս այն հայտարարությունները, որոնք անում են հակամարտության կողմերը արդեն հիմա՝ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո, կասկած չեն թողնում, որ հակամարտության կողմերը պատրաստ են շարունակել իրավիճակի հանգուցալուծումը»,- նշել է փորձագետը։ Նրա կարծիքով՝ կարգավորմանը կարող է օգնել միայն կողմերի եւ քաղաքական էլիտաների կամքը:

«Առայժմ իրավիճակը գտնվում է առկախված վիճակում։ Եվ, ցավոք, նույն անորոշ վիճակում կգտնվի նաեւ ռուս խաղաղապահների բրիգադը, որովհետեւ որոշ չափով նրանք իրավիճակի պատանդներ կլինեն։ Բարձր են սրացումների կրկնության ռիսկերը ոչ միայն Հադրութում, այլ նաեւ այլ կենսական հատվածներում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի սահմաններով»,- եզրափակել է գիտաշխատողը։

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Գեղարքունիքի մարզում շարունակվում է զոհված զինծառայողների ընտանիքներին  պետության կողմից տրամադրվող փոխհատուցման գործընթացը։ Փոխհատուցում տրամադրվում է մահվան վկայական ստացած եւ փաստացի հուղարկավորված զինծառայողների ընտանիքներին։ Զոհված սպաների ընտանիքներին տրամադրվում է 82 միլիոն, ժամկետային զինծառայողների ընտանիքներին՝ 58 միլիոն, պահեստազորայինների ընտանիքներին՝ 70 միլիոն դրամ։ Ընդ որում, սահմանված գումարն ընտանիքի անդամներին կանխիկ ձեւով տրամադրվում է տաս միլիոն դրամի չափով, իսկ մնացածը մարվում է քսան տարվա ընթացքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մարզի տարբեր համայնքների որոշ ընտանիքներ արդեն ստացել են փոխհատուցման գումարները:

 

 

ԱՅԳԵՁՈՐՈՒՄ ՀԵՆԱՊԱՏԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

Վարձատրվող հասարակական աշխատանքների «Ներհամայնքային ճանապարհների բարեկարգում եւ հենապատի կառուցում» ծրագրի շրջանակում Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնի եւ Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Բերդ համայնքի սահմանամերձ  Այգեձոր գյուղում  հենապատերի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Նույն ծրագրի շրջանակում այս տարի հենապատերի կառուցման աշխատանքներ են կատարվել  նաեւ Բերդ քաղաքում, Բերդ համայնքի Արծվաբերդ եւ Վերին Ծաղկավան բնակավայրերում։

 

 

ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՀԵՌԱԽՈՍ Է ՎԵՐՑՐԵԼ

Տավուշի մարզի  գյուղերի խանութներում  մեծ տոկոս է կազմում ապառիկ վաճառքը՝ «նիսյան»: Խանութներում առեւտուրն  ավելի աշխույժ է կատարվում այն օրերին, երբ ընտանեկան նպաստների, կենսաթոշակների գումարները  վճարվում են,  գյուղացիները հնարավորություն են ունենում կանխիկ գնումներ կատարելու, խանութներում ունեցած պարտքերը մասամբ կամ լրիվ մարելու։ Գյուղական խանութներում կան ապառիկ գնումներ կատարած անձանց եւ նրանց ունեցած  պարտքերի չափերի մասին նշումներով հաստ տետրեր։ Հաճախ պարտքի գումարները  մեծանում են,  եւ  պարտապանները չեն կարողանում այն վճարել, խանութի տերերն էլ դիմում են պարտքը գանձելու համար տարբեր, երբեմն՝ անօրինական գործողությունների։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի  բնակիչ Սեդա Դանիլովայի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Բագրատաշեն գյուղի բնակչուհի Գայանե Ավագյանի կողմից իրեն պատկանող խանութից ապառիկ գնումներ կատարելու հետեւանքով առաջացած պարտքը մարելու նպատակով, որպես պարտքի  վերադարձման երաշխիք, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգերի խախտմամբ, իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով՝ 2020թ. հուլիսի 28-ին՝ ժամը 10?00-ի սահմաններում, Գայանե Ավագյանի անչափահաս աղջկանից վերցրել է 44 հազար դրամ արժողությամբ «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը։ Նախկինում չդատված Սեդա Դանիլովային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով («Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ, իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որը էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին, կամ՝ խոշոր վնաս պետական կամ հասարակական շահերին»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին  ստորագրությունը։ Դատարանում, որպես իրեղեն ապացույց, գտնվում է վերոհիշյալ բջջային հեռախոսը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս