Երեկ՝ ամբողջ օրը, լարված իրավիճակ էր ՀՀ Սյունիքի մարզում: Վաղ առավոտից սյունեցիները, մի քանի համայնքների ղեկավարներ փակել էին Երեւան-Կապան ավտոճանապարհը, բացատրություն էին պահանջում, թե ինչ անվտանգության երաշխիքներ են իրենց տրվելու, եւ ինչ է սպասվում առաջիկայում, երբ իրենց կհրահանգվի հարակից բարձունքները հանձնել թշնամուն: Իրավիճակն ավելի լարվեց այն ժամանակ, երբ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հայտարարեց, թե այսօր Կապանի եւ 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին, ինչի համար ժամանակ է տրված մինչեւ այսօր՝ 17:00-ն: Իսկ ի՞նչ դիրքերի մասին է խոսքը:
«ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի հայտնի ոչ հայանպաստ հայտարարության օրը՝ դեռ մինչեւ փաստաթղթի ստորագրումը, հայկական կողմը նպաստավոր պայմաններով դիրքավորվել է: Եվ, ահա, այսօր, երբ պետք է արդեն սահմանազատման աշխատանքներ իրականացվեն, ստացվել է այնպես, որ հայկական ուժերն ավելի առաջ են կանգնած, քան պետք է, եւ դիրքերից հետ իջնելը դրանով է պայմանավորված: Խոսքը Կուբաթլուի եւ Զանգելանի հատվածների մասին է, որի շուրջ էլ սպասվող լարվածության մասին խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը տեղի ունեցած անվտանգության խորհրդի ժամանակ:
Երեկ սյունեցիներին հանդիպել է նաեւ նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, փորձել բացատրել իրավիճակը, ներկայացրել, թե ինչ է լինելու այդ հատվածներում: Իսկ, ահա, նախկին փոխմարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտել է. «Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։ ՌԴ սահմանապահներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով (նաեւ Գորիս_Կապան մայրուղի): Կապանի եւ Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Մնում է սպասել՝ ինչ կլինի այսօր եւ հետագայում, սակայն չի բացառվում՝ մինչ 17:00-ն Սյունիքում կրկին լարված լինի: Նշենք, որ պաշտպանության նախարարը Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին վստահեցրեց, որ ՀՀ տարածքներից որեւէ մետր չի զիջվելու։
Երեկ հայտնի դարձավ, որ եռօրյա այցով Մոսկվա է մեկնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն հանդիպումների մասին մանրամասներ այդպես էլ չներկայացվեց: Այստեղ ուշագրավ է այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով դատարանում ամբաստանվողի կարգավիճակում, արգելքներ ունի երկրի սահմաններից դուրս գալու: Նրան մինչեւ նոյեմբերի 7-ն էր թույլատրված դուրս գալ երկրից` հատուկ որոշմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նոյեմբերի 3-ի իր համարում գրել էր, որ Քոչարյանը պետք է Մոսկվա մեկներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն կորոնավարակի տեստ էր հանձնել, որը դրական էր եղել, եւ մինչեւ սահմանված 14 օրը լրացավ, որպեսզի Մոսկվա մեկնելը հնարավոր լիներ, արդեն լրացել էր ՀՀ-ից նրա ելքի թուլատրելի ժամկետը: Իսկ հիմա ինչպե՞ս է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է լքել երկիրը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց. «Դատարանը թույլ է տվել»: Սողոմոնյանը սակայն չմանրամասնեց, թե ինչ հանդիպումներ է ունենալու երկրորդ նախագահը Մոսկվայում, արդյոք կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ որն է հանդիպումների հիմնական օրակարգը:
Ազգային ժողովում մի քանի հանձնաժողով պարապուրդի է մատնված: Սկզբում կորոնավիրուսային իրավիճակը, ապա պատերազմը հանգեցրել են այն իրավիճակին, որ կան հանձնաժողովներ, որոնք այս տարվա հունիսից հետո նիստ չեն գումարել, քննարկում չեն ունեցել: ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջին նիստն անցկացրել է սեպտեմբերին, համենայնդեպս այդ մասին են վկայում ԱԺ պաշտոնական կայքի տվյալները: Այնինչ սա շատ կարեւոր հանձնաժողով է, եւ պատգամավորները պետք է հաճախ հավաքվեին, կարեւոր հարցեր քննարկեին եւ այդ մասին տեղեկացնեին հանրությանը: Սակայն ԱԺ պաշտոնական կայքում այդ մասով լռություն է: Մեկ այլ կարեւոր՝ Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովն էլ վերջին անգամ նիստ էր գումարել սեպտեմբերին, ապա տեւական դադարից հետո արդեն դեկտեմբերի հինգին՝ լիագումար նիստերին ընդառաջ: Եվրոպական հարցերի մշտական հանձնաժոովի նորություններ բաժնում առհասարակ տվյալները չեն թարմացվել հունիսից, այսինքն՝ այս հանձնաժողովը պարապուրդի է մատնված հունիսից, շեշտենք՝ կրկին պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն: Մյուս մի քանի հանձնաժողովներում եւս գրեթե նույն իրավիճակն է: Միայն նստաշրջաններին ընդառաջ համեմատաբար ակտիվ եղել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որը գլխադասային է եղել բերված օրենքների համար: Այս տեղեկությունները ?Ժողովուրդ? օրաթերթը ձեռք է բերել բաց աղբյուրից` ԱԺ պաշտոնական կայքից:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը աճ է արձանագրել: Այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 93 մլն 997 հազար դոլար: Նկատենք, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 28 մլն 630 հազար դոլարով, իսկ Հայաստանից հոկտեմբերին դուրս է եկել 117 մլն 433 հազար դոլար գումար: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հոկտեմբեր ամսին կազմել է 75 մլն 25 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Բացի այս, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է զգալի պակասել. եթե այս տարվա սեպտեմբերին այն կազմել է 46 մլն 138 հազար դոլար, ապա հոկտեմբերին դարձել է 37 մլն 668 հազար դոլար։