ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարճատեւ այցով մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը:
ArmLur.am-ը խոսել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի հետ՝ պարզելու, թե ինչու է Մարուքյանը մեկնել Մոսկվա:
-Մի փոքր մանրամասնեք, թե ինչ օրակարգով է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեկնել Մոսկվա:
-Էդմոն Մարուքյանը մեկնել է Մոսկվա, սակայն նախատեսված հանդիպումների վերաբերյալ մանրամասներ չեմ կարող ասել, որովհետեւ ինքս չգիտեմ:
-Օրակարգը Ձեզ ե՞ւս հայտնի չէ:
-Պետք է լինեն մի շարք հանդիպումներ, բայց ես տեղյակ չեմ, թե դրանք ինչ հանդիպում են:
-Արդյոք Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկվելու հետ կապվա՞ծ է պարոն Մարուքյանի այցը Մոսկվա:
-Բնականաբար՝ որպես փորձառություն ունեցող պատգամավոր, որը այս ընթացքում հասցրել է ձեռք բերել նաեւ որոշակի գործընկերներ Մոսկվայում: Ես կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը կփորձի նաեւ հայաստանյան իրավիճակի վերաբերյալ, հատկապես այն ցավոտ խնդիրների վերաբերյալ, որ մենք այսօր ունենք՝ կապված ռազմագերիների հետ, անհետ կորած զինծառայողների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության հետ: Այն բոլոր հարցերը, որոնց վերաբերյալ մենք մտահոգություններ ունենք, Էդմոն Մարուքյանը կխորհրդակցի իր գործընկերների հետ:
-Տիկի՛ն Սամսոնյան, նաեւ հայտնի է, որ «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է: Արդյոք այս հարցը ե՞ւս կքննարկվի ռուս գործընկերների հետ՝ իրենց դիրքորոշումը հասկանալու համար:
-Քանի որ ես տեղյակ չեմ, թե ում հետ է հանդիպումներ նախատեսված, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Բնականաբար, եթե լինեն այնպիսի հանդիպումներ, որտեղ հետաքրքրություն առաջացնի նաեւ քննարկել այդ հարցը, կարծում եմ՝ Էդմոն Մարուքյանը պատրաստակամ կլինի խոսել այդ հարցի շուրջ:
-Այս ժամանակահատվածում իշխանությունների վարած քաղաքականությունից արդյոք կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում իսկպապես լինելու են վարչապետի հրաժարական եւ իշխանությունների ներսում փոփոխություններ: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք, քանի որ տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետը մինչեւ տարվա վերջ պատրաստվում է հրաժարական ներկայացնել:
-Պատերազմից հետո եղել են այնպիսի օրեր, երբ այդ տեղեկությունները շրջանառվել են, եւ ասվել է, որ, ենթադրենք, վարչապետը նոյեմբերի 20-ին կգնա, դեկտեմբերի 4-ին կգնա կամ այսինչ օրը, բայց վարչապետը չի գնացել, հրաժարական չի տվել, շարունակում է պաշտոնավարել: Քանի որ ես հիմնավոր փաստեր չունեմ այն հարցի վերաբերյալ, որ վարչապետը կարող է հրաժարական տալ, ես չեմ կարող ասել, որ դա տեղի կունենա: Միեւնույն ժամանակ հիմնավոր փաստեր չունենալու հետ մեկտեղ, կարող եմ ասել, որ նաեւ հայտարարությունները, հարցազրույցները կամ, առհասարակ, նրա խոսքտ լսելիս ես չեմ ստանում տպավորություն, որ վարչապետը պատրաստակամություն ունի հեռանալու:
-Նախօրեին տված հարցազրույցում ՀՀ վարչապետն ասաց, որ թիվ մեկ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, թիվ մեկ պատասխանատուն է պատերազմի պարտության համար, բայց մեղավորը չէ: Սա ի՞նչ է ենթադրում:
-Պատերազմը իրենից ենթադրում է ճգնաժամային կառավարում, որը պետք է ունենա ուժեղ, վճռական կառավարիչներ եւ որոշում կայացնողներ: Ասել՝ պատասխանատուն ես եմ, բայց մեղավորը ես չեմ, ընդամենը բառախաղ է վարչապետի կողմից: Ես կարծում եմ՝ որպես որոշում կայացնող անձ՝ նա ե՛ւ պատասխանատուն է, ե՛ւ ունի իր մեղավորությունը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՕՐԱԿԱՐԳԻՑ ՀԱՆԵԼ Է ՀՊՏՀ ՌԵԿՏՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
Կառավարությունը քննարկել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է, առաջարկել է հարցը եւս մեկ անգամ քննարկել: «Ընտրությունների նիստի հետ կապված եղել է դատական հայց, մասնավորապես դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների իրականացումը կասեցնել՝ հաշվի առնելով խորհրդի եւ ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: Այդ ժամանակ, դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը, ընդ որում՝ երկու դատարանները եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին կա նաեւ ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ նախարարության դեմ խորհրդի նիստի ընտրությունների հետ կապված: Հետեւաբար ես կարծում եմ՝ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտության կա այս հարցի շուրջ»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով հարցին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հարցը չհաստատելու ֆորմալ հիմք չկա, եւ պետք է վերջակետ դնել ռեկտորի ընտրության գործընթացին, քանի որ այդ ընթացքում միայն բուհն է տուժում։ Ըստ նախարարի՝ եթե հետագայում լինեն համապատասխան վճիռներ, ապա դրանք կարվեն սահմանված կարգով:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվել է օրակարգից մեկ անգամ եւս քննարկելու նպատակով: «Աշխատակազմի տեսակետը նույնպես իրավական տեսանկյունից այդպիսին է, բայց քանի որ Մեսրոպ Առաքելյանի կողմից հարցը բարձրաձայնվել է, մեկ քննարկում անպայմանորեն տեղի կունենա աշխատակազմում: Եվ եթե կարիք լինի, նույնիսկ հեռակա կարգով որոշումը կընդունվի: Քննարկումը մեկ շաբաթվա ընթացքում կանենք, եւ եթե իրավական տեսանկյունից որեւէ այլ հարց չառաջանա, կհաստատենք»,- ասաց փոխվարչապետը:
ԿԱՍԿԱԾՆԵՐ ԿԱՆ
Արդեն մի քանի օր է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները դիմում են ArmLur.am-ին. նրանք կասկածներ ունեն, որ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստանում պաշտոնավարելու ժամանակահատվածում բնակվում է իր սեփական տանը, բայց, չնայած սրան, պետությունից ստանում է ֆինանսական միջոցներ որպես վարձու բնակարանի վճար: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը կապ հաստատեց Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, որտեղից փոխանցեցին հետեւյալը. «Այդ տեղեկատվությունը, որ պետությունից ստանում է բնակվարձի փոխհատուցում, բացարձակ սուտ է եւ որեւէ կերպ աղերս չունի իրականության հետ»: Գրասենյակից տեղեկացանք նաեւ, որ Սինանյանն ապրում է իր ծնողներին պատկանող բնակարանում:
ՀԱՋՈՐԴ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Երեկ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ազատման դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Անդրանիկի Պողոսյանը: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները եւս խաղաղ չեն, եւ շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր դատախազների հայտարարության տեքստը: Հիշեցնենք, որ ազատման դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ռաֆայել Խաչատրյանը: Ի դեպ, դատախազությունը մեր հրապարակումը որակել էր «ցանկալի երազ», եւ, ըստ էության, երազները իրականություն են դառնում. հրաժարականների շարքը շարունակվում է:
ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայողի կանոնակարգում նոր կարգավարումներ: Մասնավորապես, եթե ռազմական գործողությունների հետեւանքով է կասկածվում, որ անձը անհայտ բացակայող է, ապա ժամկետը 3 ամիս է: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: «Նաեւ մահացած ճանաչելու հետ կապված, կրկին ռազմական գործողություններով պայմանավորված, կրճատվում է մեկ տարի ժամկետով, եւ անցումային դրույթով նշվում է, որ այն տարածվում է սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ: