Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անմիջապես մայթի վրա շինարարություն է իրականացվում, իսկ ղեկավար Դավիթ Կարապետյանը ոչ միայն անտեղյակ է, այլեւ անգործության է մատնված։ ArmLur.am-ը տեւական ժամանակ է՝ բնակիչներից դժգոհություններ է ստանում այն մասին, որ Անդրանիկի փողոցում (չհասած «Կայզեր» սուպերմարկետ) «Էքստերիեր գրուպ» շինանյութի խանութը, առանց չափազանցության, քաղաքացուց զավթել է մայթը: Ի դեպ, քաղաքացիների ահազանգի հետքերով ArmLur.am-ը եղավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: «Էքստերիեր գրուպ»-ից որեւէ մեկի հետ չհաջողվեց կապ հաստատել:
Բնակիչների ահազանգը փոխանցեցինք վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին: Լսելով հարցի մասին՝ վարչական շրջանի ղեկավար Կարապետյանը խնդրեց ժամանակ՝ ճշտումներ անելու համար: ArmLur.am-ը վարչական շրջանի ղեկավարին ժամանակ տվեց, բայց թաղապետը մեզ հետ չկապվեց։ Կրկին զանգահարեցինք՝ հետաքրքրվելու՝ հասցրել էր արդյոք ինչ որ բան ճշտել իր ղեկավարած համայնքում կատարվող շինարարության մասին։ Պարզվեց՝ դարձյալ թաղապետն ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին, անգամ տեղյակ էլ չէր, թե որ ընկերությունն է քաղաքացու մայթը սեփականություն դարձրել: Փոխարենը մեզանից հետաքրքրվեց, թե որտեղից գիտենք, որ մայթը զավթվել է, ապա վստահ հայտարարեց, որ ինքը ճշտել է, մայթը չեն զավթել:
Վարչական շրջանի ղեկավարը զրույցի ընթացքում սկսեց հակասել իրեն. պարզվեց, որ վարչական շրջանի ղեկավարը տեղյակ է, որ քաղաքացիները մայթի բարակելու հետ կապված դժգոհություններ ունեն: Ի վերջո, մոլորված ղեկավարը զրույցի ընթացքում հիշեց, որ այս խնդիրը ծագել է 2013 թվականին, երբ քաղաքապետարանը ընկերության ընդլայնման դիմումը բավարարել է:
Բայց արձանագրենք, որ շինարարությունն այս պահին է իրականացվում, հենց Դավիթ Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, քաղաքացիները բողոքում են հենց Դավիթ Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում: Հարց է՝ ինչու Դավիթ Կարապետյանն առաջ չի տանում իր ղեկավարած վարչական շրջանի բնակիչների շահերը: Չէ՞ որ Կարապետյանը 2013 թվականին տրված շինթույլտվությունը կարող է վիճարկել, կասեցնել կամ գոնե բարձրաձայնել այդ խնդրի մասին, բայց երիտասարդը դրա փոխարեն որոշել է մեղքը գցել նախկին իշխանությունների վրա, ձեռքերը ծալել, հարմար տեղավորվել իր աշխատասենյակում:
Դավիթ Կարապետյանին բոլորս ենք ճանաչում. կհիշեք՝ նշանակվելու ժամանակ նրա կենսագրությունը մի քանի ամիս բացակայեց Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից: Հետո պարզվեց, որ Կարապետյանը ոչ միայն անցյալում կենսագրություն չունի, այլեւ անգամ դեռ բարձրագույն կրթություն չուներ: Կարապետյանը 2012 թվականից սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետում։ Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարվա ուսանող է: Իսկ թե այսքանից հետո նա ինչպես կարող է վարչական շրջան ղեկավարել, արդեն հասկանալի է դառնում՝ հետեւելով գործունեությանը։
Արդյոք 142 հազար 600 բնակիչ (քաղաքապետարանի տվյալներով) ունեցող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը պե՞տք էր վստահել մի երիտասարդի, որը մի բուհ անգամ չի կարողանում ավարտել 8 երկար ու ձիգ տարիների ընթացքում: Հուսանք՝ այս սխալն առաջիկայում կուղղվի, որովհետեւ Կարապետյանն իսկապես ոչինչ չի անում իր համայնքի համար: Նա ուղղակի համայնքային բյուջեից աշխատավարձ է ստանում եւ ունի անհասկանալի գործառույթներով ծանրաբեռնված աշխատակազմ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ
Կառավարությունը հաստատեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը եւ հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձեւը: Ըստ նախագծի հիմնավորման՝ դրա ընդունման արդյունքում կկանոնակարգվեն պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները, եւ կսահմանվի հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձեւ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բացառիկ դեպքերում, գործի քննության առանձնահատկություններից ելնելով, դատարանը, կիրառելով հայցի ապահովում, որոշում է կայացնում գույքը հանձնել պետության տիրապետությանը, ապա տվյալ գույքի կառավարումը եւ պահպանումն իրականացնում է պետությունը։ Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ եթե գույքի արժեքի պահպանման համար անհրաժեշտ է ապահովել դրա մասնագիտացված ընթացիկ կառավարում, ապա պետությունը կարող է տվյալ գույքը հանձնել հավատարմագրային կառավարման։ Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը:
ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎ
Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման եւ Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել։ Այս մասին հայտնել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը: «Բանաձեւում, մասնավորապես, նշված է. Ֆրանսիան, ելնելով Հայաստանի հետ ունեցած իր պատմական բարեկամական կապերից, պետք է մեծ դեր խաղա կայուն քաղաքական եւ խաղաղ լուծման հարցում: Ֆրանսիան՝ որպես մարդու իրավունքների պաշտպան երկիր, պետք է պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի»,- ասված է գրառման մեջ: Քաղաքային խորհուրդը նշել է, որ այս ճանաչումը թույլ կտա հող պատրաստել Ազգերի միջազգային ճանաչման ուղին հարթելու համար՝ արդյունավետորեն երաշխավորելով սահմանների ամբողջականությունն ու պաշտպանելով խաղաղ ապրելու իրավունք ունեցող իր ժողովրդին: «Հետեւաբար, Կլամարի՝ 2020 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած քաղաքային խորհուրդը կոչ է անում հանրապետության նախագահին ներգրավել Ֆրանսիան հակամարտության վերջնական կարգավորման, խաղաղ գործընթացի կյանքի կոչման եւ Լեռնային Ղարաբաղի անհապաղ ճանաչման գործընթացի մեջ, վերացնել քաղաքային համայնքների առջեւ դրված Արցախի Հանրապետության հետ ինստիտուցիոնալ կապեր ունենալու արգելքը»,- նշված է բանաձեւում:
ՌԻՍԿԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը հենց տարեսկզբից հայտնվել է ֆինանսական ծանր ռիսկային գոտում։ Պատճառը կորոնավիրուսն է ու դրա հետեւանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը: Բանն այն է, որ մարտ ամսից Covid-19 համաճարակի հետեւանքով հանրապետությունում գործող արտակարգ, այնուհետ նաեւ ռազմական իրավիճակով պայմանավորված ձեռնարկատիրական գործունեությունից ակնկալվող մուտքերը խիստ նվազել են. հետաձգվել, չեղարկվել են միջոցառումները եւ ձախողվել են բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին գրությամբ առաջարկվել է խնայված 152 մլն 199 հազար դրամն ուղղել համալիրի պահպանությանը։
Մեզ հայտնի դարձավ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տարեկան մուտքերը 2020 թվականի նախահաշվով սահմանվել էր 407 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համալիրի պահպանության դրամաշնորհի շրջանակներում՝ 183 մլն դրամ, ձեռնարկատիրական գործունեությունից՝ 224 մլն դրամ։ Չնայած նրան, որ համալիրն անցել էր խնայողությունների խիստ ռեժիմի, օգոստոս ամսին արդեն հաշվարկվել էր, որ 2020 թվականի եկամուտների եւ ծախսերի տարբերությունից առաջացած ֆինանսական պակասորդը կկազմի շուրջ 166 մլն դրամ:
Ավելին, պարզվում է, որ այս մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի կողմից օգոստոսի 10-ին գրությամբ տեղեկացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ եւ խնդրվել է աջակցել կորոնավիրուսային հետեւանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում համալիրին ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հարցում։
Ս.Հ.
ՆԱԽԱՐԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է
Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առեւտրի եւ դաշնային մշակութային հաստատությունների նախարար Սոֆի Վիլմեսի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել ամրապնդման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Այվազյանն Սոֆի Վիլմեսին է ներկայացրել «Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնք ուղղված են նախեւառաջ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը»: Այս համատեքստում ԱԳ նախարարները առանձնահատուկ ընդգծել են միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵՄ երկրների ուղիղ ներգրավվածության կարեւորությունը: