ՎՆԱՍՎԱԾՔ ԿԱՄ ԽԵՂՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ԿՍՏԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։ Սահմանվեց, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, 500 մլն դրամի չափով, որից հետո եռամսյա պարբերականությամբ՝ հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը սույն միջոցառման շրջանակներում կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ։

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ, գործող իրավակարգավորումների համաձայն, Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցների հաշվին։

Ընդ որում, որպեսզի անձը դառնա հիմնադարամի շահառու, անհրաժեշտ է սահմանել հաշմանդամության (վնասվածքի կամ խեղման) պատճառական կապ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետ։

Հարկ է նկատի ունենալ, որ սահմանված ընթացակարգերի համաձայն՝ վերը նշված պատճառական կապը որոշելը պահանջում է որոշակի ժամանակահատված։ Ըստ այդմ, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 14.06.2018թ. թիվ 3 որոշմամբ սահմանվել է ընթացակարգ, որի հիման վրա՝ մինչեւ վերը նշված պատճառական կապը որոշելը անձին կարող է հիմնադրամից վճարվել ամսական 100 000 դրամ գումար 6 ամիս ժամկետով։

Այս միջոցառման շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում եւ ոստիկանությունում ծառայողը, ում վրա տարածվում են  Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի  թիվ 9 որոշման 9-17-րդ կետերի դրույթները, այսինքն՝ այն զինծառայողը, ում, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի  թիվ 9 որոշման 9-17-րդ կետերի համաձայն, վճարվում է ամսական 100 000 դրամ։

Միջոցառման շրջանակներում տրվող աջակցության գումարը կազմում է 200 000 դրամ, որը տրվում է՝ ի լրումն հիմնադրամի կողմից վճարվող 100 000 դրամի։

Նախագիծն ընդունվելու դեպքում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին մինչեւ հիմնադրամի շահառու դառնալը հիմնադրամից վճարվող գումարը կավելացվի ամսական 200 000 դրամով (կկազմի 300 000 դրամ)։

 

 

40 ՀԱԶԱՐ ԱՐՑԱԽՑԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով` դեկտեմբերի 16-ի դրությամբ ապահովվել է ավելի քան 40 հազար արցախցու անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: «Դեկտեմբերի 16-ի դրությամբ ապահովվել է ավելի քան 40 հազար արցախցու անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս մասնագետները ականազերծել են 195 հա տարածք եւ 60 կմ ճանապարհ: Հայտնաբերվել եւ ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: Ռուսական խաղաղապահ առաքելության բժիշկները Ստեփանակերտի դաշտային հոսպիտալում օգնություն են ցույց տվել 29 բնակչի, այդ թվում` 4 երեխայի: Մարտակերտ քաղաքում եւս ավարտվել է երկրորդ ռազմական հոսպիտալի բացազատումը: Այնտեղ բժշկական օգնություն է ցույց տրվել ընդհանուր առմամբ 558 բնակչի, այդ թվում` 67 երեխայի: «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաեւ անհետ կորածների որոնումը»,- նշված է ՊՆ կայքում:

 

 

1174 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում դեկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք, առողջացել է 1296 քաղաքացի, մահացել՝ 25-ը: Մեկ օրում կատարվել է 3537 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 558446-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151392 դեպք, որոնցից 129990-ը` առողջացած, 2581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18179 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 642 է:

 

 

 

ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐ՝ ՀՀ-ՈՒՄ 

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ: Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման, նոր ձեւավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների եւ սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան սպաներին զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձեւավորման գործընթացի վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը եւ Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջեւ սահմանային քննարկումները շարունակվում են: Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին եւ առաջիկա անելիքներին:

 

 

ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ

Կառավարությունը հաստատեց վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով վերջին պատերազմի հետեւանքով տեղահանված եւ փաստացի Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը: Պատերազմի հետեւանքով տեղահանված եւ փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքներ առավելագույնը 3 ամիս ժամկետով։ «Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել 8 000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը: Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար: Միջոցառման շրջանակներում ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել միջոցառման արժեքի 20 տոկոսը»,- ասված է հիմնավորման մեջ:

 




Լրահոս